Մեկնաբանություն

24.10.2017 22:05


Բանակում ծառայել-չծառայելու մասին

Բանակում ծառայել-չծառայելու մասին

Մեզ մոտ բանակում ծառայելու անհրաժեշտության և հայրենասիրության մասին, որպես կանոն, բարձրաձայն ու պաթոսով խոսում են բանակում չծառայածներն ու կամուֆլյաժով սելֆի անողները: Բայց թողնենք այս հարցը:

Վերջին օրերին բանակի հետ կապված թեման լրատվական հոսքերում շատ տեղ է գրավում. քննության է ներկայացվել պաշտպանությանը և զինապարտությանը վերաբերող նոր օրինագիծը:

Հատկապես սուր է ընկալվել տարկետման իրավունքի հարցը: Հարց, որը 96 թվականից պարբերաբար Հայաստանի օրենսդիր մարմնի օրակարգում է հայտնվում:

Տեղին է հիշեցնելը, որ տարիներ առաջ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը տարկետման իրավունքի հարցով հրապարակային հակասության մեջ մտան, ինչի արդյունքում վերջինս դեմարշ արեց, իսկ օրինագիծը հետ կանչվեց. սա որպես պատմական փոքրիկ էքսկուրս (մեր օրերում հարցի քննարկումն այդպիսի սրություն չի կարող ստանալ, քանզի դժվար է պատկերացնել Բաբլոյանին որևէ օրինագծի հետ կապված հրաժարական ներկայացնելիս կամ «շենքից» ուղարկված թղթին դեմ արտահայտվելիս):

Հիմա տարկետման ու բանակից խուսափելու հարցը նորից հիշել են: Հարցն այդ շատ արդիական է, որովհետև վերջին տարիներին արձանագրված լուրջ արտագաղթի ֆոնին բանակում մարդկային ռեսուրսի խիստ պակաս է զգացվում: Այն խոսակցությունները, թե բոլորին առանց տարկետման իրավունքի բանակ տանելու նպատակը մարդաքանակ ապահովելը չէ, այնքան էլ անկեղծ չէ:

Մեր բանակում իրոք զինվորի պակաս կա, քանզի արտագաղթից բացի Հայաստանում մնացող մարդկանց մի հսկայական քանակ փորձում է իրենց արու զավակներին այլ երկրի քաղաքացիություն տալ, որպեսզի ազատի բանակից: Իսկ սա արդեն միայն բանակին վերաբերող հարց չէ:

Պարզ է, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն տղաներին հեռու պահել բանակից, ինչը բնական է և միայն Հայաստանին չէ ներհատուկ: Բայց բնական պետք է լինի նաև այն, որ երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պահի իր սահմանը թշնամուց (իսկ ուրիշ էլ ո՞վ պետք է անի դա մեր փոխարեն): Այ այստեղ է, որ մեզանում խնդիր է առաջացել: Արդարության սուր դեֆիցիտը բոլոր ոլորտներում բերել է պետության դելեգիտիմացմանը: Այո՛, այո՛, պետության: Իսկ երբ պետությունը քաղաքացու համար ընկալվում է որպես ոչ լեգիտիմ, արդեն դժվար է նրան ոչ միայն բանակ տանելը, այլ նաև սահմանադրական բնույթի մյուս պարտավորություններն անելու մղելը:

Մարդը մեկնում է առաջնագիծ ու իր կյանքը դնում զոհասեղանին, երբ պետությունը համարում է իրենը, իսկ երբ մարդը տեսնում է, որ պետության մեջ իշխանության ու հասարակության միջև խոր անջրպետ կա, երբ տեսնում է, որ իշխանություններն իրենց վերցրել են իրավունքներն ու լիազորությունները, իսկ շարքային քաղաքացիներին թողել են միայն պարտականությունները, ապա ստացվում է այսօրվա Հայաստանի պատկերը:

Իշխանավորները հազիվ են հասցնում այս մի «էլիտար» քեֆից մյուսը գնալ, իսկ ահա առաջնագիծ են ուղարկում բացառապես հասարակ մահկանացուներին: Արդյունքում՝ «Հանուն հայրենիքի» ծառայությունը վերածվում է «Հանուն իշխանավորների սեփականության և նրանց քեֆերի ապահովության» ծառայության: Իսկ դա, համաձայնե՛ք, ոչ մեկի սրտով չէ:

Եվ ուրեմն բանակի, տարկետման ու այլ հարցերը ածանցյալ են: Գլխավորը երկրում տիրող մթնոլորտն է, որը «վերևից» որակվել է որպես գաղջ, բայց դիագնոզը տալուց հետո չեն նշվել հիվանդության առաջացման պատճառները, և ամենակարևորը՝ դեռ լուծումները չեն երևում: Բայց դե տխրել պետք չէ: 2040-ին նախատեսվում է, որ Հայաստանում 4 միլիոն մարդ է ապրելու:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը