Մեկնաբանություն

20.10.2017 11:25


Ինչ արժեն պայմանավորվածությունները

Ինչ արժեն պայմանավորվածությունները

Ժնևում տեղի ունեցած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ալիևի հետ պայմանավորվածություն ունեն: Պայմանավորվել են առաջնագծում լարվածությունը թուլացնելու և զոհերից խուսափելու մասին:

Ինչպես հայտնի է, այդ պայմանավորվածությունը զրոյական արժեք է ստացել, քանզի երեկ առաջնագծում հակառակորդի կրակոցից հայ զինվոր է զոհվել: Տիգրան Խաչատրյանը 19 տարեկան էր...

Միգուցե սա ադրբեջանական մարտավարության փոփոխությո՞ւն է: Եթե նախկինում Ալիևը հանդիպումներից անմիջապես առաջ էր ռազմական սադրանքի գնում և հայկական կողմին վնաս պատճառում, ապա այժմ դա անում է հանդիպումներից հետո:

Մարտավարության փոփոխություն է սա, թե ոչ, այդքան էլ էական չէ: Էականն այն է, որ մենք պետք է հասկանանք՝ պաշտոնական Բաքվի հետ ձեռք բերված համաձայնություններն ու պայմանավորվածությունները կարող են պահպանվել ոչ թե գեղատեսիլ վայրում կայացած հանդիպումների արդյունքում, այլ իրերի դրությունից ելնելով:

Միայն հայկական ու ադրբեջանական կողմերի միջև առկա հաշվեկշռի որոշակի մակարդակի պահպանումը հնարավորություն կտա Ադրբեջանին ստիպել չլկտիանալ: Հիմա, ցավոք, այդպես չէ: Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն թուլացել է: Ադրբեջանում ճիշտ հակառակ պատկերն է: Հաշվեկշիռը փոխվել է և գործի է դրվել զենքը:

Երբ Հայաստանի իշխանությունները լիակատար պարտություն են կրում միջազգային ասպարեզում ու, միևնույն ժամանակ, լիակատար հաղթանակ տանում երկրի ներսում հանրության նկատմամբ, ապա պարզ է, որ Ադրբեջանը կրակելու է և վնասներ պատճառի:

Ի դեպ, միջազգային ասպարեզում իշխանությունների պարտության թիվ մեկ «շահառուն» նույնպես Հայաստանի հանրությունն է: Ասել է թե՝ մենք կրկնակի պարտություն կրած հասարակություն ունենք: Ու պետք չէ այս պայմաններում զարմանալ, որ Ալիևը չի պահում պայմանավորվածությունն ու կրակում է: Թույլ պետության ու հասարակության վրա միշտ էլ կրակում են՝ անկախ պայմանավորվածություններից:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը