Մեկնաբանություն

19.10.2017 10:45


Քսենիա Սոբչակը Պուտինի հաճախո՞րդն է (տեսանյութ)

Քսենիա Սոբչակը Պուտինի հաճախո՞րդն է (տեսանյութ)

ՌԴ-ում սպասվող նախագահական ընտրություններին նախորդող իրադարձությունները ցույց են տալիս, որ Կրեմլում անհանգիստ են: Դա է պատճառը, որ արևմտյան աջակցություն (գոնե քարոզչական առումով դա ակնհայտ երևում է) վայելող Նավալնուն թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին՝ պատճառաբանելով, որ նա նախկինում դատապարտված է եղել և, ուրեմն, չի կարող գրանցվել որպես նախագահի թեկնածու:

Կրեմլի անհանգստությունն է նաև պատճառը, որ այսպես կոչված դհոլային ֆիգուր են մտցնում խաղի մեջ, որպեսզի նա ինչ-որ չափով մասնատի ընդդիմադիր ձայները, թամաշայացնի ընտրությունները և այդպիսով օգնի Վլադիմիր Պուտինին:

Հայկական քաղաքական կյանքին ներհատուկ բառապաշարով ասած՝ Պուտինն այժմ օգտագործում է իր հաճախորդներին, մասնավորապես՝ հայտնի շոուվումն և սկանդալիստ Քսենյա Սոբչակին: Վերջինս արդեն պաշտոնապես հայտարարել է, որ մասնակցելու է Ռուսաստանի նախագահական ընտրություններին՝ իրեն դիրքավորելով որպես «բոլորին դեմ» թեկնածու (ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանի օգտին աշխատող բոլոր «անկախ» և «արևմտամետ» լրատվամիջոցները Հայաստանում իրենց մատուցում են որպես քաղաքական դաշտում «բոլորին դեմ» գործող սուբյեկտներ):

Պարզ է, որ քարոզարշավի ժամանակ Սոբչակը հանդես է գալու ընդդիմադիր հռետորաբանությամբ, բայց դե դա ժանրի կանոնների շրջանակներում է արվելու: Քաղաքական վերնախավում և ՌԴ հասարակության ակտիվ շերտերում շատ լավ գիտեն, որ Սոբչակը հաճախորդական ֆունկցիա ունի և ընդամենը փող է աշխատելու:

ՌԴ շարքային ընտրողների համար Քսյուշան կկատարի այն դերը, ինչը մեզ մոտ կատարում են Բ26-ի հաճախորդները (2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ մեր «Քսյուշան» «Ելք» դաշինքն էր, իսկ մինչև այդ կային Գեղամյանը և մյուսները): Ասել է թե՝ ՌԴ-ում էլ է գործում հաճախորդի «ինստիտուտը»: Հանուն ճշմարտության պետք է նկատել, որ այդ «ինստիտուտի» հիմնադիրը հենց ՌԴ-ն է:

1996-ին գրեթե մեռած Ելցինի համար ընդդիմադիր ձայներ կիսեց ու հետո Ելցինից պաշտոն ստացավ նախագահի թեկնածու գրանցված գեներալ Լեբեդը: Հետագայում Կրեմլի հաճախորդները շատացան, իսկ նրանցից «շուստրիները» դարձան ՌԴ քաղաքական կյանքի մշտական մասնակիցներ (ժիրինովսկիների համար միշտ «Ելք կա»): Այնպես որ «մերոնք» եզակի չեն իրենց գործողություններում:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը