Հարցազրույց

07.10.2017 21:19


Արթուր Պետրոսյան. Ոչ Մոուրինյուն է խնդրել խնայել Մխիթարյանին, ոչ էլ ինքը

Արթուր Պետրոսյան. Ոչ Մոուրինյուն է խնդրել խնայել Մխիթարյանին, ոչ էլ ինքը

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Ղազախստանի ընտրանուն:

Հանդիպումը կկայանա վաղը` հոկտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:

Խաղից առաջ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

- Երևի թե գիտեք, որ Ղազախստանի ընտրանին առաջիկա հանդիպմանը մոտենում է կորուստներով: Դա ինչ-որ առավելություն տալի՞ս է Հայաստանի հավաքականին:

- Գիտեմ, որ Ղազախստանի ընտրանու 3 ֆուտբոլիստներ բաց են թողնելու առաջիկա հանդիպումը և գիտեմ, որ Յուրի Լոգվինենկոն մասնակցելու է խաղին: Չեմ կարծում, որ դա ինչ-որ կերպ կազդի խաղի վրա: Ղազախստանի համար սա վերջին տնային հանդիպումն է, և նրանք պետք է տրամադրված լինեն հաղթանակի: Կարծում եմ, որ սա կողմերի համար հեղինակության խաղ է: Սպասում եմ, որ հանդիպումը լարված է լինելու:

- Երևանում կայացած Հայաստան-Ղազախստան հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները որոշիչ եղան: Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականին ֆավորի՞տ է դարձնում առաջիկա խաղում:

- Չեմ կարծում, թե Երևանում կայացած խաղի արդյունքը կախված էր միայն Մխիթարյանի գործողություններից: Ֆուտբոլը թիմային խաղ է և եթե թիմակիցները նրան չօգնեին, ապա այդ հաղթանակը չէր լինի: Ամեն դեպքում, Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ է և իսկական ավագ: Նա միշտ ցանկանում է օգնել թիմին: Դա հարյուր տոկոսով այդպես է:

- Ինչպիսի հոգեբանական աշխատանք է տարվել թիմի դարպասապահի հետ, որը 6 գնդակ է բաց թողել լեհերից: Փորձարկումներ կլինե՞ն:

- Փորձարկումներ չեն լինի: Որոշ ֆուտբոլիստներ, որոնք մեզ հետ ժամանել են Ղազախստան, խաղալու հնարավորություն կստանան: Ինչ վերաբերում է դարպասապահին, ապա միայն նա չէ, որ սխալվել է: Մենք խոսակցություն ենք ունեցել այդ թեմայով: Բոլորն էլ հասկանում են, որ այսպիսի ցավալի պարտությունը հեշտ չէ մոռանալ, բայց վստահ եմ, որ տղաները կփորձեն:

- Կարելի՞ է ասել, որ դարպասապահի հարցն ամենացավալի խնդիրն է Հայաստանի ընտրանու համար, հաշվի առնելով, որ Ռոման Բերեզովսկուց հետո ընտրանին դեռ չի գտել նրա արժանի փոխարինողին:

- Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին: Բոլորն էլ գիտեն, որ այդ գծում մենք խնդիր ունենք: Հուսով եմ, որ այն դարպասապահները, որոնք հանդես են գալիս հավաքականի կազմում, պարզապես փորձի պակաս ունեն: Նրանք կառաջադիմեն քայլ առ քայլ: Այլ տարբերակներ չունենք:

- Գրիգոր Մելիքսեթյանը կմասնակցի՞ վաղվա խաղին:

- Այսպիսի ծանր խաղից հետո չեմ կարծում, որ ճիշտ կլինի նրան խաղադաշտ դուրս բերել:

- Ժոզե Մոուրինյուն խնդրե՞լ է Ձեզ խնայել Հենրիխ Մխիթարյանին, հաշվի առնելով այն փաստը, որ արհեստական խաղադաշտի վրա խաղալը բավականին մեծ ռիսկ է ֆուտբոլիստի համար:

- Անկեղծ ասած` ոչ: Հենրիխը նույնպես չի խնդրել: Նա պատրաստ է խաղին:

- Վերջին տարիներին Հայաստանի և Ղազախստանի ընտրանիները այդքան էլ լավ ելույթներ չեն ունենում ընտրական փուլերում: Այդպիսի խնդիր նկատվում է նաև ԱՊՀ այլ երկրներում: Դա մեր ընդհանո՞ւր խնդիրն է:

- Հնարավոր է` խնդիր կա մտածելակերպի մեջ: Մենք անհամբեր ենք: Կարծում ենք, որ հաջողությունը կլինի այսօր կամ վաղը: Մենք չենք կարողանում երկարատև ծրագիր ստեղծել և տարիների ընթացքում հետևել այդ ծրագրին: Կա այսպիսի հոգեբանություն. 1000 դոլարի ներդրում ես անում և սպասում ես, որ վաղը կստանաս 3 հազարը: Ինձ թվում է` բոլորս էլ ունենք այդ խնդիրը: Ես աշխատել եմ արտասահմանում: Նրանք ծրագիր ունեին և հետևում էին դրան շուրջ 10 տարի: Երիտասարդական ֆուտբոլում մարզիչն արդյունք չի տալիս և նրան 3 խաղ հետո հեռացնում են: Անհաջողություններից հետո փոխում են բոլորին... Ինձ թվում է, որ մեր երկրներում կա ընդհանուր խնդիր:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը