Հարցազրույց

05.10.2017 22:38


Արթուր Պետրոսյան. Ավելի լավ է «գետինը մտնեի», քան գայի և խոսեի

Արթուր Պետրոսյան. Ավելի լավ է «գետինը մտնեի», քան գայի և խոսեի

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը 1:6 հաշվով պարտվեց Լեհաստանի ընտրանուն: Խաղից հետո մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին.

- Ընդունո՞ւմ եք, որ կազմը սխալ էիք ընտրել:

- Ոչ:

- Պաշտպանությունում ոչինչ չի ստացվում: Պետք է մոռանա՞նք այս խաղերը:

- Այս հանդիպումը օգուտ տալ չի կարող: Սա ուղղակի խայտառակություն էր: Ավելի լավ կլիներ մարտավարական սխալներով պարտվեինք, այլ ոչ մանկական սխալներ թույլ տայինք: 1:6... ինչի՞ մասին է խոսքը:

- Ի՞նչ ելք եք տեսնում:

- Այս պահին դժվար է պատասխանել: Անհնար է պատասխանել: Ելքն այն է, որ ուժեղ առաջնություն ունենանք: Հույսը վերջում է մահանում, մնանք հույսով:

- Մեկնաբանեք Մելիքսեթյանի խաղը:

- Անհատապես ֆուտբոլիստներին չեմ մեկնաբանել, այսօր էլ զերծ կմնամ: Հոգեբանական առումով բարդ է. 2-րդ րոպեին ընդունած գոլ, կարծես վերականգնվեցինք, բայց սխալ և 2-րդ գոլը: 1:3-ից հետո ինչ-որ բան անում էինք, բայց եղավ 4-րդ գոլը, որը կոտրեց մեզ: Ֆուտբոլը հոգեբանություն է: Բոլոր ֆուտբոլիստները պետք է ավելի շատ աշխատեն. ժամանակն է, որ նրանք ավելի լավ է շատ մտածեն: Ավելի լավ է «գետինը մտնեի», քան այստեղ գայի և խոսեի:

- Ինչպե՞ս եք տրամադրվելու առաջիկա խաղին:

- Սա իմ մարզչական կարիերայի ամենացավալի պարտություն էր: Այլ միջոց չունենք. պարտավոր ենք վերականգնվել և Ղազախստանում չխայտառակվել: Վաղը նոր օր է... գնալու ենք Ղազախստան միավորներ վաստակելու համար:

- Այս կազմի հետ կարո՞ղ ենք հույսեր կապել:
- Մեզ նոր արյուն է պետք: Դրսում հանդես եկող ֆուտբոլիստները՝ Բայրամյանը մյուսը-մյուսը կարող են թարմ ուժ հաղորդել: Ֆուտբոլիստը նախ իր վրա պետք է աշխատի: Ես նայում եմ նաև երիտասարդական հավաքակի խաղը, ինչ-որ տեղ ֆուտբոլիստների աճը կանգնում է:
Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը