Քաղաքական

05.10.2017 20:39


ՀՀ ԱԳ նախարար. Բաքուն պետք է ապացուցի իր հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջարկած միջազգային իրավունքի սկզբունքներին

ՀՀ ԱԳ նախարար. Բաքուն պետք է ապացուցի իր հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջարկած միջազգային իրավունքի սկզբունքներին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 5-ին ընդունեց Եվրոպական Միության Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակությանը՝ դեսպան Վալտեր Սթիվենսի գլխավորությամբ:

Հանդիպմանն արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր, Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը:

Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Բաքուն տարիներ շարունակ հրաժարվում է իրականացնել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, մերժում է համանախագահ երկրների առաջարկությունները ու դրանով խոչընդոտում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղմանը։

«Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է գնալ հիմնախնդրի կարգավորմանը միջազգային հանրության աջակցությունը վայելող եռանախագահների առաջարկությունների հիման վրա, ապա պետք է վերահաստատի ու գործնականում իրականացնի այն, ինչ նրանք առաջարկում են՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը անվերապահ իրականացում։ Բաքուն պետք է ապացուցի իր հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկած միջազգային իրավունքի սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշման իրավունքին և տարածքային ամբողջականությանն ու հանգուցալուծման տարրերին, որոնք մշակվել և ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջականություն»,-շեշտեց Հայաստանի արտգործնախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը