Քաղաքական

04.10.2017 18:49


Չեխիայի Սենատի նախագահ․ «Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել»

Չեխիայի Սենատի նախագահ․ «Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել»

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխն այսօր Հայաստանի Ազգային ժողովում հրավիրված ճեպազրույցում հավաստիացրեց՝ Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել, ավելին՝ իր երկիրը հարգում է հակամարտությունների մեջ ներգրավված երկրներին զենքի վաճառելու էմբարգոն:

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, «Տրենդը» և «Ազերնյուզը», ինչպես նաև Военное обозрение ռուսական էլեկտրոնային պարբերականը, հաղորդել էին, թե թուրք-ադրբեջանական վերջին համատեղ զորավարժություններում կիրառվել է նաև Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգ: Ավելի վաղ, «Ազատության» հարցմանն ի պատասխան, Չեխիայի արտգործնախարարությունից հայտնել էին, թե վերջին տարիներին Պրահան ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքն Ադրբեջանին: Նախարարությունը նշել էր նաև, թե տեղյակ չեն՝ ինչ ճանապարհով է չեխական արտադրության սպառազինությունը հայտնվել Ադրբեջանում:

«Ես ուզում եմ հավաստիացնել, որ չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է հակամարտությունների մեջ ներգրավված երկրներին զենք վաճառելու էմբարգոն: Չեմ հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանությունները դրան համաձայնություն չեն տվել»,- այսօր հայտարարեց Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը:

Վերջինս իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններին, շեշտելով՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ անցկացվում են ազատ և արդար ընտրություններ: «Շատ ուրախ ենք և ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանում խորանում են մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարությունը, ինչը Չեխիան շատ է գնահատում: Հայաստանը դիտում եմ որպես ժողովրդավարական երկիր, որտեղ ազատ անկախ ընտրություններ են կայանում, և որտեղ կա խոսքի ազատություն»,- ասաց Միլան Շտեխը:

Նրա այս հայտարարությունից հետո լրագրողները պատվիրակության անդամ՝ չեխ պատգամավոր Միրոսլավ Նենուտիլին հարց ուղղեցին՝ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահին որտեղի՞ց այն համոզումը, թե Հայաստանում ազատ և արդար ընտրություններ են տեղի ունենում: Փոքր-ինչ շփոթվելով այս հարցից՝ Նենուտիլը պատասխանեց՝ այդ տեղեկատվությունն իրենք ստանում են Չեխիայի արտգործնախարարությունից, որն էլ, հավանաբար, այն ստացել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը