Մեկնաբանություն

04.10.2017 13:30


Ո՞ւմ կպատկանի իշխանությունը 2018-ի ապրիլից հետո

Ո՞ւմ կպատկանի իշխանությունը 2018-ի ապրիլից հետո

Եթե հաշվի առնենք ՀՀ սահմանադրության մեջ ամրագրված դրույթը, ապա իշխանությունը ոչ միայն 2018-ի ապրիլից հետո, այլև միշտ պետք է պատկանի ժողովրդին: Բայց քանի որ դա ընդամենը սահմանադրական, այլ ոչ թե քաղաքական կյանքի նորմ է, ուստի չենք ընկնի ռոմանտիզմի գիրկը և կտանք վերնագրում առկա հարցի պատասխանը՝ ելնելով հայաստանյան իրականությունից:

Նոր Սահմանադրությունը որոշակիորեն լղոզել է «իշխանական ուղղահայաց» կոչված համակարգը: Կախված կոնյունկտուրայից՝ այդ ուղղահայացը կարող է կառուցվել իշխանական այս կամ այն ճյուղի կամ մարմնի տակ: Նայած իրավիճակի:

Ճիշտ է՝ գրված է, որ պետության գլուխը նախագահն է, բայց ԱԺ-ի կողմից նշանակվող նախագահին այնպիսի լիազորություններ են տրված, որ այդպիսի նախագահն ավելի շուտ կարող է, կոպիտ ասած, հավակնել մեխի գլխի, այլ ոչ թե պետության գլխի կարգավիճակին: Թեև ով գիտե...

Հիմա իշխանական լրատվամիջոցները «ավետում» են, որ իշխանությունը 2018-ի ապրիլից հետո պատկանելու է ոչ թե գործադիր իշխանությանը՝ վարչապետի գլխավորությամբ, այլ Անվտանգության խորհրդին, բայց դե դրանք համապատասխան սրտի անհամապատասխան մխիթարանքներ են, ենթադրություններ և ցանկություններ: Միգուցե նաև՝ «մուտիլովկաներ»:

Եվ ուրեմն՝ «Ո՞ւմ է պատկանելու իշխանությունը» հարցի պատասխանը պետք է փնտրել ոչ միայն ու ոչ այնքան մշտական քաոսի աղբյուր հանդիսացող նոր Սահմանադրության ու դրան կից կարվող օրենքների մեջ, այլ լրիվ ուրիշ տեղ:

Հայաստանը ստեղծվել է որպես հետևանք Ղարաբաղյան շարժման, իսկ անկախությունն ամրապնդվել է ղարաբաղյան պատերազմում: Հայաստանի անվտանգությունն ու գոյությունն ուղղակիորեն կապված են Ղարաբաղի խնդրից: Իշխանության բանալիներն, ըստ այդմ, գտնվում են Ղարաբաղում (իհարկե, բառիս պատկերավոր իմաստով):

Հայաստանում իշխանության են գալիս ու իշխանությունից հեռանում Ղարաբաղի «կոնտեքստով»:

Հայաստանի հետ աշխարհը տալիս ու առնում է առավելապես ղարաբաղյան խնդիրը հաշվի առնելով: Եվ ուրեմն, Հայաստանում 2018-ի ապրիլից հետո իրական իշխանություն կունենա նա, ով կներկայացնի Հայաստանը ղարաբաղյան բանակցություններում: Մնացածը ցածրակարգ դատողություններ են:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը