Քաղաքական

29.09.2017 07:41


Միչիգանի նահանգի Սենատը հայամետ բանաձև է ընդունել (տեսանյութ)

Միչիգանի նահանգի Սենատը հայամետ բանաձև է ընդունել (տեսանյութ)

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Սենատը սեպտեմբերի 28-ին ընդունել է համար 99 բանաձևը, որով կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բանաձևում Միչիգանի օրենսդիրները կոչ են անում դաշնային իշխանություններին հաստատել տնտեսական և մշակութային կապեր Լեռնային Ղարաբաղի հետ:

Բանաձևը Սենատի օրակարգ է ներկայացվել Միչիգանի նահանգային սենատոր Դեյվիդ Քնիզեկի կողմից: Այն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: Բանաձևի ընդունմանը զգալիորեն նպաստել են Միչիգանի Հայ Դատի հանձնախումբը, ամերիկահայ կառույցներն ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:

«Ցանկանում եմ մեր խորին երախտագիտությունը հայտնել սենատոր Դեյվիդ Քնիզեկին, ինչպես նաև Միչիգանի տեղի Հայ Դատի հանձնախմբին Լառա Ներսիսյանի ղեկավարությամբ, ովքեր շատ մեծ գործ տարան այս բանաձևը ներկայացնելու և ընդունելու հարցում»,- հայտարարել է Հայ Դատի հանձնախմբի ԱՄՆ-ը Արևելյան ափի գրասենյակի ներկայացուցիչ Արմես Սահակյանը:

Փաստաթուղթն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված պատմական զարգացումներին: Ըստ բանաձևի, Լեռնային Ղարաբաղը խորհրդային առաջնորդ Ստալինի կողմից բռնակցվել է Ադրբեջանին 1921 թվականին, իսկ 1991-92 թվականներին հռչակել անկախություն:

Բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը շարունակում է հավատարիմ մնալ իր ինքնորոշման իրավունքի իրականացմանը, իսկ Ղարաբաղի անկախության ճանաչումը հնարավորություն կտա կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը:

Բանաձևում ասված է, նաև որ Միչիգանի օրենսդիրներն աջակցում են Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ու խաղաղություն հաստատմանը:

Ադրբեջանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը