Քաղաքական

27.09.2017 20:37


Ի սկզբանե Մադրիդյան փաստաթուղթը մեր երազանքը չի եղել. Շավարշ Քոչարյանը՝ մադրիդյան սկզբունքների արդիականության մասին

Ի սկզբանե Մադրիդյան փաստաթուղթը մեր երազանքը չի եղել. Շավարշ Քոչարյանը՝ մադրիդյան սկզբունքների արդիականության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրականացնում են երկու առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում և ռազմական գործողությունների վերսկսման բացառում:

ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Ցավոք, այս պահին երկրորդ առաքելությունը դարձել է առաջնային՝ թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողություններ՝ առավել ևս, որ երեք համանախագահ երկրները հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից երեքը: Իրենց պատասխանատվությունն է, որ աշխարհի որևէ ծայրում չլինի պատերազմ, էլ ուր մնաց այն դեպքը, երբ իրենք միջնորդ են: Եթե նման բան սկսվի, դա ուղղակի ապտակ է մշտական խորհրդի երեք անդամներին»,- ընդգծեց Քոչարյանը:

Նա հավելեց, որ այսօր հաճախ են ասում՝ պետք է դուրս գալ բանակցային գործընթացից, ճանաչել Արցախի անկախությունը, բայց շեշտեց, որ պետք է հասկանալ, որ կա նաև երկրորդ առաքելությունը՝ թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում:

«Բոլոր հանդիպումների իմաստը հենց դա է՝ պահպանել կայունությունը և թույլ չտալ նոր ռազմական գործողություններ: Այլ բան է, թե Ադրբեջանը ինչպես է այդ ամենը ներկայացնում, նոր բառեր է հորինում և իրենց թվում է, թե դրանով ամեն ինչ թաքցնում են, սակայն ամեն ինչ շատ պարզ է և հստակ երևում է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը իր ապակառուցողական քաղաքականությունը թաքցնելու համար նոր բառեր է փնտրում՝ «առարկայական բանակցություններ», «տրամաբանական քայլեր»: «Ի՞նչ է դա նշանակում՝ իրենց ստանդարտ մոտեցումն է: Առարկայական նրանք համարում են միայն այն հարցերը, որ իրենց համար են հետաքրքիր, տրամաբանական համարում են այս մոտեցումը՝ եկեք լուծենք այն հարցերը, որ մեզ է պետք, մնացածի մասին հետո կխոսենք: Հասկանալի է, որ այստեղ ոչ առարկայական տրամաբանություն կա, ոչ էլ տրամաբանական առարկայություն: Հասկանալի է, որ նման իրավիճակում խոսել որևէ առաջընթացի մասին անհնար է»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ընթացքում ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը՝ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ նախարարը ներկայացրել է նույն մադրիդյան սկզբունքները, սակայն, ներկայացնելով հանդերձ, նշաձողը բարձրացրել է երեք կետով: «Առաջին՝ նախարարը հստակեցրեց, որ եթե խոսքը գնում է միջանցքի մասին, ապա դա պետք է լինի այնպիսի միջանցք, որը հասանելի չի լինի որևէ զենքի համար: Երկրորդ՝ եթե տարածքի մասին է խոսքը, չի կարող լինել այնպիսի քննարկում, որը կսպառնա Արցախի անվտանգությանը։ Երրորդ՝ նախարարը ֆիքսեց Արցախի մասնակցությունը բանակցություններին: Նա ընդամենը նշաձողը բարձրացրեց այս երեք կետով»,- մանրամասնեց փոխնախարարը:

Անդրադառնալով հարցին՝ չի՞ կարծում, որ ապրիլյան պատերազմից հետո մադրիդյան փաստաթուղթը կորցրել է արդիականությունը և նոր փաստաթուղթ է անհրաժեշտ, Քոչարյանը պատասխանեց. «Նոր փաստաթուղթ կարող են առաջարկել միջնորդները: Ի սկզբանե մադրիդյան փաստաթուղթը մեր երազանքը չի եղել: Պատահական չէ, որ հայկական կողմերից մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների համար հիմք ընդունել է Հայաստանը, Արցախը չի ընդունել: Այսինքն, եթե լինի նոր փաստաթուղթ, ապա դա պետք է գա համանախագահներից, ավելին՝ բոլոր կողմերը պետք է համաձայնվեն որպես հիմք ընդունել: Կամ առնվազն կողմերից երկուսը պետք է համաձայնվեն: Իհարկե, մեր ցանկությամբ պետք է լրիվ այլ փաստաթուղթ լիներ, սակայն մենք հասկանում ենք, որ կա միջազգային ձևաչափ: Իսկ Ադրբեջանը իր քայլերով ամեն անգամ հակադրվում է այդ ձևաչափին: Մենք չպետք է նմանվենք Ադրբեջանին»:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը