Հարցազրույց

27.09.2017 14:47


Ես պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ

Ես պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ

«Ճամփորդ» շաբաթաթերթը գրում է. «Մեր Արիանան անմիջական և մշտապես հասանելի ղեկավար է։ Հենց դրա համար էլ տարօրինակ չէր, որ իր ամուսնության մասին հարցազրույցը կայացավ նրա բնակարանում՝ բաց պատշգամբում՝ շատ ընկերական միջավայրում։ Հյուրասենյակում անհանգիստ դես ու դեն էր վազվզում Արիանայի սիրելի շունը՝ Պոնչիկը, ում վրա, ինչպես ճիշտ նկատեց Արարատը՝ նախամուսնական սթրեսն ավելի շատ էր ազդել։

Արիանան ինչպես միշտ խաղաղ էր, հավասարակշռված և բացարձակ չէր տրվել զգացմունքներին։ Իհարկե փայլող աչքերն ու ոգևորված ձայնը մատնում էին գալիք երջանկության օրվա սպասումը։Հետաքրքրվում ենք. փոքր երկրներում հայտնիները քիչ են, զրույցները՝ շատ։ Արիանա-Լևոն զույգը քչերից է, ինչպե՞ս է ստացվում պահել ներանձնային սահմաններն ու անտեղի քննարկելի չդառնալ։

«Կարծում եմ՝ առնվազն Հայաստանում մենք սովոր ենք մեր հարաբերությունները պահել ինչ-որ չափով հանրային մակարդակում: Միանգամայն բնական է՝ հարսանիքի հետ կապված հանրային հետաքրքրասիրությունը։ Լևոնը գնահատում է մարդկանց սերն ու ուշադրությունը, հպարտանում է մարդկանց՝ իր անձի նկատմամբ դրսևորվող վստահությամբ, ես նույնպես։ Բայց և այնպես, փորձում ենք հարսանիքի մասին շատ չբարձրաձայնել, նշելու ենք մտերիմ ընկերների ու բարեկամների հետ։ Եվ «գաղտնիության» պահպանումը բացարձակ դժվար չէ, որովհետև ավելորդ ու արհեստական ուշադրություն չենք ստեղծում»։

Արիանան նշում է, որ ամուսնությունն իրենց համար հարաբերությունների հաջորդ փուլ է նշանավորում. «Փոխադարձ նվիրվածության աստիճանը ցույց տալու միջոց է ամուսնությունը: Կարծում եմ ամեն մեկն ունի ընտրության իրավունք, թե ինչպես պլանավորի իր կյանքը: Օրինակ, Լևոնը պլանավորել էր ու հաղթեց բոլոր մրցաշարերում. սա որոշում ու նպատակ էր, ամուսնությունը նույնպես կարևոր որոշում է մեզ համար։ Երբեմն դու չես կարողանում պլանավորել կյանքդ, սակայն երբ ես և Լևոնը հանդիպեցինք, ապագայի համար հանգիստ էինք։ Մենք ցանկանում էինք մեր 20-ականներն անցկացնել նվաճումների հասնելու և անձնային աճի տրամաբանությամբ, դա այն տարիքն է, երբ մարդը լի է էներգիայով, պայքարելու ցանկությամբ։ Երեխաների ծնվելուն պես դու կորցնում ես այն տեսլականը, ուր ցանկանում էիր գնալ: Մենք ընտրեցինք ու որոշեցինք ամուսնության մասին մտածել ավելի ուշ: Ես չեմ ասում, որ ավելի վաղ տարիքում ամուսնանալը վատ է, ամենևին այդպես չեմ կարծում։ Ուղղակի սա մեր ընտրությունն է ու, ըստ իս, լավ որոշում է։ Կարծում եմ՝ ամուսնության պետք է գնան երկու ամբողջական մարդիկ: Չպետք է լինեն կեսեր՝ Լևոնը կամ Արիանան: Մարդիկ պետք է լինեն կայացած՝ թե՛ հոգեպես, թե՛ զգացմունքների և բարոյականության տեսանկյունից: Ամուսնության ժամանակ զույգերն ամբողջությամբ նվիրվում են միմյանց: Շատերը կարծում են, որ ամուսնությունը երկու կեսերի միություն է, բայց այսպես բացասական կախվածություն է ծնվում նրանց միջև։ Երբ դու կայացած, «լիքը» մարդ ես, սովորում ես, վերցնում ես և կարող ես տալ, ուրեմն կկարողանաք երկուսով սեր ու աշխատանք ներդնել ձեր հարաբերությունների մեջ ու ամուր ընտանիք կունենաք։ Մենք արդեն պատրաստ ենք ամուսնության: Ի դեպ, Լևոնն այս տարի հաղթել է բոլոր մրցաշարերում»։

Արիանան վերջերս հաճախ է բացակայում խմբագրությունից՝ աշխատելով մեզ հետ մեքենայից, հարսանեկան հագուստ փորձելիս ու հյուրերին դիմավորելիս։ Եթե սովորաբար բացակայության հիմնական պատճառները գործուղումներն են, ապա վերջին մեկուկես ամսում զբաղված է անձնական հարցերով, նշում է, որ հենց այս ընթացքում է սկսել հարսանյաց դետալներով զբաղվել, աշխատանքի ռիթմից դուրս ընկնել չէր ուզում, հետո էլ, առանձնապես ճոխություն չի ակնկալում: «Իհարկե, որպես աղջիկ ոգևորված եմ: Սակայն ես չեմ թմբկահարում ամուսնությանս մասին: Իմ ընկերներից շատերը դեռ շատ երիտասարդ տարիքից ընտրել էին հարսանյաց սանրվածքը, մազերի, զգեստի ձևն ու գույնը: Անկեղծ ասած, ես այդ ամենը որոշել եմ մի քանի ժամվա մեջ: Անգամ իմ զգեստն եմ ընտրել այս վերջին ամսվա, ավելի ճիշտ՝ երկու շաբաթվա ընթացքում: Ամուսնական մանրամասներով և աղջկական թիթիզությամբ այդքան էլ տարված չեմ: Ինձ համար առավել կարևորը ամուսնության խորհուրդն է: Որպես քրիստոնյա ես հավատում եմ, որ Աստծո աչքերում ամուսնությունը կարևոր է: Աստված է, որ կապում է մարդկանց միմյանց հետ: Ընտանիքի և ընկերների, ինչպես նաև Հայաստանցի ընկերների շրջապատում այդ գաղափարի տոնումը իրոք առանձնահատուկ է ինձ համար»:

Մանրամասները՝ «Ճամփորդ»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը