Կարծիք

27.12.2010 13:14


Նորաձևության դառավճիռ մեր ատյանում կամ 2010թ. ժողավրդավարու- թյան երանգները

Նորաձևության դառավճիռ մեր ատյանում կամ 2010թ. ժողավրդավարու- թյան երանգները

Հայտնի բան է, որ վայելուչ հագնվելը արվեստ է պահանջում։ Իսկ վայելուչ՝ նշանակում է սեռին, տարիքին, զբաղմունքին, վաստակին, ազգությանը, նորաձևությանը, եղանակին, ընդունված չափանիշներին, չափսին... համապատասխան։ Սակայն երբ մարդու հագուստ-կապուստի մեջ խախտվում են այս սկզբունքները կամ դրանցից մի քանիսը, նա նմանվում է, լավագույն դեպքում, խրտվիլակի։

Անհատի պահվածքը և արտահայտած գաղափարներն էլ յուրօրինակ մի զգեստ են, որ ցուցադրում են նրա էությունն ու մտածելակերպը։ Ու եթե մեկ-մեկ մարդ ստիպված է լինում բավարարվել այն հագուստով, ինչ իր ունեցած եկամտի սահմաններում շուկան է առաջարկում, ապա պահվածքն ու գաղափարները իր էությունից են բխում ու առավել ճշգրիտ են ցույց տալիս նրա իրական կերպարը։

Մեր հարևան ադրբեջանցիներն էլ այսօր փորձում են վրաները քաշել մի զգեստ, որն ակնհայտորեն իրենց վրայով չի ձևվել ու ոչ մի չափանիշով իրենց չի համապատասխանում։ Նրանք այնքան են մոլորվել իրենց վրա չափազանց մեծ եկող՝ քաղաքակրթություն ստեղծած հնագույն ազգի, ռազմական ու ֆինանսական արդիական ներուժի տիրապետող ժողովրդավարական անկախ պետության ծանրափեշ զգեստի ծալքերում, որ հոխորտալու համար մեկ-մեկ գլուխները դուրս են հանում անգամ... կոճակների անցքից։  Նման մի պահի նրանց երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե «Երևանի խանությունն ու Զանգեզուրի մահալը» Ադրբեջանի մասն են կազմել։ Ուշագրավ հանելուկ՝ պատմական մտքի տիտանների համար՝ 1918թ. ձևավորված պետությունն իր կազմի մեջ ունեցել է դրանից առաջ գոյությունը դադարեցրած վարչատարածքային միավորներ։

Ժողովրդավարությունն աշխարհի պետությունների գլխավոր կարգը դարձնել ձգտողների համար էլ նման մի պահ էր սուլթանական կառավարման նորաթուխ այս երկրի խորհրդարանի ընտրությունը։ Իսկ Մեհրիբան խաթունի 94%-անոց մուտքը Ադրբեջանի մեջլիս երևի պետք է ընկալել որպես արդի աշխարհում մարդկության առաջընթացի գրավական՝ դուրս եկած սուլթանական դեմոկրատիայի թանկ ու անճաշակ պատմուճանի տակից։ (Ի դեպ, մենք էլ կարող ենք իրենց հատուկ նենգի հագուստ հագնել ու սև հումորի շարքից ասել՝ ի դեմս Մեհրիբան խաթունի՝ Ադրբեջանի խորհրդարանում հիմա հայ կա, քանի որ նրա անունը կազմված է մեր լեռնաշխարհում արևի պաշտամունքի խորհրդանիշ համարվող Մեհրի (Միհր, Մհեր) անվանումից և հայերեն բան՝ խոսք բառից)։

Պետք է խոստովանենք՝ ժողովրդավարության զգեստը լավ չի նստում նաև հայաստանյան իրականության  պայմաններում։ Իսկ տիտղոսակիր ընդդիմության առաջնորդների վրա այն ուղղակի մղձավանջային տեսք ունի։ Ում հիշողությունն իրեն չի դավաճանում, երեևի մտքում պահած կլինի, թե ամեն անգամ ինչպես էր երկրի այն ժամանակվա նախագահ և նշված ընդիմության անքննելի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր համար միանձնյա կառավարելու նորանոր լծակներ կորզում Ազգային ժողովից։ Հայոց միանձնյա ժողովրդավարության հիմնադրի զգեստն էլ այսօրվա ընդդիմությունը կրում է՝ անսալով արևմտյան նորաձևությանը։ Ավա՜ղ, ո՞ր մի խելքը գլխին մարդն է նրբագեղ տաբատ-բաճկոնի հետ կիրզայե սապոգներ, գլխին էլ՝ փափախ կրում։

Աշնանն իր ծիծաղելի հագուստով աչքի ընկավ մեկ այլ «գործիչ»՝ Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը։ Ամերիկայի դեսպանատունը նրան տիկնիկի՝ վրան չափազանց փոքր եկող զգեստ էր հագցրել ու նետել բեմահարթակ։ Երևի՝ կարգին հագցնելու համար 9000 դոլարը, այնուամենայնիվ, բավարար գումար չէ... Իսկ Վանյանի ինտերնացիոնալ դեմոկրատիան էլ, պարզվեց, նորաձևությունից վաղուց է դուրս եկել։ Թեև, ով իմանա, ասում են, չէ՝ ցանկացած նոր լավ մոռացված հինն է... Պետական մակարդակով մեզ իր ազգի թշնամին հայտարարած երկրի ֆիլմերի տոն կազմակերպելու հիմնավորումը, ինչպես հասկանալի է, հենց այդ թշնամանքը մեղմելն է։  Մարդը պարզապես հասցեն է շփոթել. ատելությունից տառապողը մենք չենք, հակառակ կողմն է։ Երևում է՝ անհամապատասխան հագուստը մարդու մտածողութայն վրա էլ է ազդում։ Ինչ մնում է հարևան երկրում ստեղծված ֆիլմերը Հայաստանում ցուցադրելուն, թեև անձամբ ինձ չեն հետաքրքրում, սակայն ճանաչողական նպատակներով կարելի է դա էլ անել՝ առանց տոնի երանգ տալու։ Թե չէ՝ ուրախանալու ի՞նչ ունենք։  

Դե, իսկ հայրենի իշխանություններն էլ այս տարի գերադասեցին դեմագոգի զգեստը։ Այս հագուստը կրում էին հետևյալ սկզբունքով՝ մի՞թե արդի աշխարհում որևէ մեկը կարող է դեմ լինել միջազգային չափանիշներին համապատասխան, ստվերը բացահայտող, այլ երկրներում իրեն արդարացրած մեր... հանդերձանքին։ Կարելի է ասել՝ նրանք փորձում էին Հայաստանի ճանապարհազուրկ լեռնոտ տարածքներով օրերով քայլել նուրբ թավշակաշվից բարձրակրունկ կոշիկներով, որոնք դեռ մի երկու համար էլ ոտքներին փոքր է։                           Նրանց բնորոշ ժողովրդավարության երանգն ի հայտ եկավ հատկապես օտարալեզու դպրոցների վերաբացման վերաբերյալ (և ոչ միայն) օրենքն ընդունելիս։ Այս դեպքում հայրենի խորհրդարանը ցուցաբերեց միակուսակցական (կամ միակոալիցիոն՝ ինչպես կուզեք) դեմոկրատիայի վառ օրինակ՝ մեծամասնության ուժով հավանություն տալով իր համար բաղձալի, իսկ մեր հասարակության համար վտանգավոր նախագծին (-երին)։

Մոլլան համագյուղացիներին խաբեց, թե գյուղի ծայրին փլավ են բաժանում, հետո ընդհանուր ոգեևորությամբ վարակվելով՝ մի ափսե էլ ինքն առավ ու սկսեց անհամբեր վազել՝ հանկարծ չուշանա երանելի փլավի իր չափաբաժինն ստանալուց։ Մեր «հեոսներն» ու նրանց նման հազարավորներն էլ հագել են իրենց չպատկանող ու չվայելող զգեստները և մոլլայի նման հավատացած են՝ դեմները դրվածը ծուռ հայելի չէ... Թեև՝ ցանկացած հանրության համար էլ, երևի, մի օր գալիս է «թագավորը մերկ է» ասելու ժամանակը։

Արմենուհի Փալանդուզյան

Այս խորագրի վերջին նյութերը