Կարծիք

26.09.2017 20:03


Խորենացին 5-րդ դարից վազելու է գա ու հաստ փետը ջարդի ձեր գլխին

Խորենացին 5-րդ դարից վազելու է գա ու հաստ փետը ջարդի ձեր գլխին

Եթե Սերժ Սարգսյանն է պարգևատրում գրողներին /ասենք՝ «Մովսես Խորենացի» մեդալով/, ապա այդ գրողները «նշանավոր» են, «հանճար» են, «քայլող դասական» են...

Այո՛, այո՛, սեպտեմբերի 21-ից մինչ օրս որոշակի շրջանակ շարունակում է մեդալակիր գրողներին այդպես բնորոշել՝ հանճար, քայլող դասական, դե, առնվազն՝ նշանավոր:
Այն, որ Սերժ Սարգսյանի համար արվեստի և գրականության չափանիշը արմենչիկաչափն է, դրանում համոզվել ենք բոլորս:
Հիմա եթե մի պահ այդ մարդու մոտ արմենչիկաչափ չի լինում ու «յաբախտի» պարգևատրում է գրողների, նշանակում է այդ գրողները հանճար ու քայլող դասակա՞ն են: Նրանք միջին շնորքի տեր գրողներ են. լրագրողական ռեպորտաժի մակարդակի կամ ֆրանսիական «բամբասանքային» ժանրին փարված հեղինակներ են, որոնք հայկական իրականությունից դուրս ընթերցողներ չունեն և չեն էլ ունենալու: Որովհետև տեղայնացված գրականություն են ստեղծել ու ստեղծում:
Անգամ եթե պետական աջակցությամբ մեկ-երկու լեզվով թարգմանվեն էլ, դարձյալ օտարներին չեն հետաքրքրելու, այն է՝ աշխարհում հանրահռչակվելու նրանց շանսերը զրոյական են:
Ուրեմն՝ նշանավորը, հանճարը, քայլող դասականս ո՞րն է:
Մի քիչ խիղճ ունեցեք, էլի՞ ու վե՛րջ տվեք թայֆայական կենացներին:
Թե չէ՝ Խորենացին 5-րդ դարից վազելու է գա ու հաստ փետը ջարդի ձեր գլխին: Մանավանդ, մի օրում իր անունով 200 մարդու ուղղությամբ մեդալ են ցփնում...
2013-ին նույն Սերժ Սարգսյանը պարգևատրեց նաև արձակագիր Լևոն Խեչոյանին, որը հրաժարվեց նրանից ստանալ մեդալը:
Բնականաբար, նրան ոչ ոք հանճար ու քայլող դասական չանվանեց:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը