Մեկնաբանություն

26.09.2017 12:50


Իշխանության խնդիր

Իշխանության խնդիր

Պետական ապարատում և հատկապես՝ ՀՀԿ-ում անորոշությունը խորանում է:

Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն իր ուզած տոկոսը «ռեյտինգային» տարբերակով «խփել» է, բայց Սերժ Սարգսյանը բացահայտորեն չի հայտարարում, որ իծնքը պետք է դառնա վարչապետը 2018-ի ապրիլից հետո: Զգուշանում է:

Պարզ է, որ իր հավակնությունների մասին ուղիղ խոսելու համար ՀՀԿ ղեկավարին խանգարում է ոչ թե նախկինում տված այն խոստումը, թե խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին, այլ՝ լրիվ ուրիշ բան: Սարգսյանը որևէ կոմպլեքս չունի իր խոսքից հետ կանգնելու համար, մանավանդ, որ խոսքն իր համար արժեք չունի: Այլ հանգամանքներ կան, որոնք ստիպում են Սարգսյանին չարտահայտվել ուղղակիորեն (անուղղակիորեն նա բազմիցս է հայտարարել, որ ուզում է մնալ, այն էլ՝ մինչև 2040-ը):

Հաստիքային ՀՀԿ-ականները իրար հերթ չտալով հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն է մեր ժամանակների խելքը, պատիվը և խիղճը, որ նրան տեսնում են պետական գործերի գագաթնակետում, որ նա պետք է մնա ու ցմահ (դեռ մի բան էլ ավելին) իշխի, որ նա է «սամի լուչշի ցարը», բայց Սարգսյանը լուռ է: Ավելի ճիշտ, խոսում է, բայց ոչ այնքան ինքնավստահ (փոխարենը Կարեն Կարապետյանն է իր վարչապետության մասին անընդհատ ու անդադար հայտարարում (ուշագրավն այն է, որ Կարապետյանից բացի չկա մեկն իշխանական համակարգում, որ նրա վարչապետության մասին խոսի)): Դա կարող է նշանակել մի քանի բան.

1. Սարգսյանն իրականում չի ցանկանում վարչապետ մնալ, և այդ մասին խոսակցություններն ընդամենը շեղող ֆունկցիա են կատարում և, ինչ-որ տեղ նաև, ՀՀԿ-ականների ինքնաբուխ վարքագծի դրևորում են: Անվտանգության խորհրդին օրենսդրորեն գերուժային լիազորություններ տալով՝ Սարգսյանը, միգուցե, իրականում ցանկանում է այդ խորհուրդը ղեկավարել՝ գործադիր իշխանությանը գործնականում թողնելով պետության հաշվապահի կարգավիճակը:

2. Սարգսյանն իրականում ուզում է վարչապետ դառնալ, բայց ինչ-ինչ ներքին ու արտաքին հանգամանքներ նրան խանգարում են այդ մասին հայտարարել բացահայտորեն: Ներքին դաշտում խանգարող հանգամանքը ներիշխանական բնույթ ունի, իսկ արտաքին դաշտում Սարգսյանի իշխանությանը սպառնացող գործոն են Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները։

3. Սարգսյանը դեռ չի պատկերացնում, թե ինչ կլինի: Նա, թերևս, անկեղծ է, երբ հայտարարում է, որ երբեք չի պլանավորել, թե ինչ պաշտոն է ունենալու և որտեղ է հայտնվելու «իքս» պահ հետո: Սարգսյանն «օրվա կուրսով» առաջնորդվող մարդ է և շարժվում է հանգամանքների ազդեցության տակ: Նա, անշուշտ, սեփական ցանկություններն ունի և քայլեր է անում այդ ուղղությամբ, բայց՝ ինչ կստացվի, ինքն էլ չգիտի:

Թե որ տարբերակի հետ գործ ունենք, վերջնականապես պարզ կդառնա ապրիլին, թեև Հայաստանում ուրբաթը, որպես կանոն, շաբաթից շուտ է գալիս: Այնպես որ, ամեն ինչ էլ հնարավոր է, այդ թվում՝ չորրորդ տարբերակը, որի մասին չխոսեցինք:

Ամեն դեպքում ամեն ինչ միանշանակ չէ և ամեն ինչ որոշված չէ:

Համակարգային անկայունություն ապահովող ականը դրած է նոր Սահմանադրության մեջ: Ով ինչ ցանել է, այն էլ հնձելու է:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը