Քաղաքական

27.01.2010 17:44


ՀՀԿ պատգամավորն ազատագրված հողերը տարածքով չի հանձնում, կիլոմետրով է հանձնում

ՀՀԿ պատգամավորն ազատագրված հողերը տարածքով չի հանձնում, կիլոմետրով է հանձնում

Դեռ 2005թ. մարտին՝ ղարաբաղյան հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, դեռևս ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, խոսելով տարածքային զիջումների մասին, հայտարարել էր.

-Ի վերջո, Աղդամը մեր հայրենիքը չէ:

Այսօր ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանից նույնպես փորձեցինք ճշտել՝ Աղդամն իր հայրենիքն էլ չէ՞։ Պարզվեց, որ ոչ։ Մ. Մինասյանը մասնավորապես ասաց, որ իր հայրենիքն ավելի շատ իր պապերի՛ հայրենիքն է։

-Եթե Աղդամը մեր հայրենիքն է, Մուշն իմ պապերի հայրենիքն է։ Ավելի շատ հայրենիք կա ինձ համար։ Աղդամում հայեր պրակտիկորեն չեն ծնվել, որևէ մեկը չի կարող ասել, որ իր պապերի հայրենիքն Աղդամն է, բայց Հայաստանում և աշխարհով մեկ սփռված բազում հայեր կգտնեք, ովքեր կասեն, որ Մուշը, Վանը, Իգդիրը, Անին, Ղարսն իր պապերի հայրենիքն են։

Այսպիսով, Մ. Մինասյանը նաև հայտարարում է, որ Աղդամը ոչ թե ազատագրվել է, այլ գրավվել.

-Աղդամը մեր արյան գնով գրավվել է մի պարզ պատճառով, որովհետև ադրբեջանցիներն ամեն ինչ անում էին Ղարաբաղը ոչնչացնելու համար, և առանց այդ բուֆերային զոնայի ուղղակի անհնար էր Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովել, և մեր զինված ուժերի, մեր երկրապահ կամավորականների թափած արյունն Աղդամը գրավելու համար միայն այդ պարզ նպատակն ուներ՝ ապահովել մեր բնակչության անվտանգությունը։

Մ. Մինասյանին հարցրեցինք նաև՝ այսօր է՞լ է պատրաստ ադրբեջանցիներին հանձնել այդ անվտանգության գոտին՝ Աղդամը, ինչպես նաև Հորադիզը։

Հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ՝ 2009թ. հոկտեմբերի 22-ին, նա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԼՂՀ հարակից  5 շրջանների հարցն արդեն 5-6 տարի է՝ քննարկվում է, և «եթե  Ղարաբաղի խնդիրը լուծվի այնպես, ինչպես մենք ենք ուզում, անվտանգության գոտին էլ պահպանվի, ի՞նչ ենք անելու այդ դեպքում Աղդամն ու Հորադիզը։ Հո աշխարհի աչքը չե՞նք ծակելու. վերջին հաշվով, բացի մեր շահերից, կան նաև Ադրբեջանի շահերը»։

Այսօր, սակայն, Մ. Մինասյանը պնդեց, որ նման բան չի ասել (ի դեպ, «7օր»-ի խմբագրությունում այդ ձայնագրությունը պահպանվում է)։

-Ես այդպես չեմ ասել։ Ես ասում եմ, որ եթե աշխարհին պետք է ապացուցենք, որ դեմոկրատական երկիր ենք և բանակցությունների կողմն ենք ու գնում ենք փոխզիջումների, ուրեմն պետք է գնանք նրան, որ առաջին հերթին խնդիր դնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք Ադրբեջանի կազմում չպետք է լինի, պետք է ապահովվի Ղարաբաղի անվտանգությունը, ցամաքային անվտանգ, անմիջական կապ լինի մայր հայրենիքի հետ,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ ԼՂՀ ասելով հասկանում է նաև Մարտակերտի 8 գյուղերը, Շահումյանի շրջանը և Գետաշենը։

Այդուհանդերձ, ՀՀԿ պատգամավորը հաստատեց, որ ինքը հողային զիջումների կողմնակից է.

-Ես փոխզիջումներին կողմնակից եմ,- ասաց նա՝ չնշելով, սակայն, թե կոնկրետ որ տարածքներն է համաձայն հանձնել ադրբեջանցիներին.

-Ես տարածքով չեմ չափում։ Այնքան, որքան պետք է՝ չվնասի Ղարաբաղի հանրապետության ազգաբնակչության, մեր հայրենակիցների անվտանգությունը։ Ես ռազմական մասնագետ չեմ, չգիտեմ՝ 20կմ պիտի լինի լայնքը, թե՞ 30կմ։

Նշենք նաև, որ Մ. Մինասյանը չի կարծում, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերջնական հանգրվանի է հասնում։ ԼՂ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրումն էլ վստահ չէ, որ անպայման այս տարի կլինի։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և ԼՂ-ի խնդրի կարգավորման փոխկապակցվածությանը, ապա հանրապետական պատգամավորն այսպես է ասել.

-Ղարաբաղի հետ հարաբերությունները, ներքին կապ ունենալով հանդերձ, ո՛չ նպաստելու են, ո՛չ էլ վնասելու հայ-թուրքական հարաբերություններին։ Հայ-թուրքական հարաբերությունների բավականին բարդ գործընթացն սկսված է։ Հուսով եմ, որ միչև մարտի վերջ որոշակի պարզություն կմտնի, և նրանք, ովքեր փակել են հայ-թուրքական սահմանը, կբացեն, իսկ Հայաստանն ու հայ ժողովուրդը դրանից միայն օգուտով կարող են դուրս գալ։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը