Մեկնաբանություն

27.12.2010 12:34


Խանութներում ձու չի վաճառվում կամ վաճառվում է «տակից»

Խանութներում ձու չի վաճառվում կամ վաճառվում է «տակից»

Ամանորյա այս օրերին, երբ ամենապահանջված ապրանքներից մեկն էլ ձուն է, շուկայում այն գրեթե չկա։ Եղածների գինն էլ աննախադեպ չափով բարձրացել է ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Օրինակ, Գյումրիում հավի ձվի մեկ հատի շուկայական արժեքը տատանվում է 100-150 դրամի սահմաններում։ Երևանյան որոշ խանութներում էլ ձուն վաճառում են, այսպես ասած՝ տակից, բնականաբար՝ թանկ։

«7օր»-ը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հետաքրքրվել է, թե այս սղության պատճառը ո՞րն է։ Հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանը մեզ ասել է, թե ձու արտադրող խոշոր ընկերություններից տվյալներ են պահանջել, և պաշտոնական պատասխանները կստանան այսօր կամ վաղը։ Իսկ այս պահին ունեցած օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ որքան որ հավերն ածում են, խոշոր արտադրողների կողմից այդ ամբողջ ձուն նույն ծավալով, նույն գնով (44 դրամ՝ ստվարաթղթե տուփերով ձուն, 53-55 դրամ՝ պլաստմասայից տուփերով ձուն) ուղարկվում է խանութներ, իսկ սղությունն առաջացել է այն պատճառով, որ արտադրվածը (հավերի՝ ձու ածելու հզորությունն) ավելի քիչ է, քան պահանջարկը։

-Մեր ունեցած տեղեկություններով՝ դրան գումարած՝ որոշակի սպեկուլյատիվ դրսևորումներ կան։ Այսինքն, մարդիկ օգտվելով ձվի քիչ լինելուց՝ արտադրողների կողմից առաքվող էժան ձուն ձեռք են բերում և վերավաճառում են, հիմնականում շրջաններ են տանում,-ասել է Ա. Սահակյանը։

Հանձանժողովին հատկապես հետաքրքրում է՝ առաջարկի արհեստական սահմանափակում եղե՞լ է, թե՞ ոչ, այսինքն ձու արտադրողներն այս պահին շարունակո՞ւմ են նույն քանակությամբ արտադրել։

-Հանձնաժողովը կարող է ազդել միայն գերիշխող դիրք ունեցող ընկերությունների վրա։ Այսինքն՝ դրանք «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան է»՝ «Արաքս»-ի հետ միասին, և «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան»։ Իսկ մյուս՝ ավելի փոքր ընկերությունների հետ կապված՝ մենք որևէ լծակ՝ որպես այդպիսին, չունենք։ Միակ լծակն այն է՝ եթե բոլորն իրար հետ են հակամրցակցային համաձայնության եկել ու առաջարկը նվազեցրել,-նշել է ՏՄՊՊՀ-ի նախագահի գլխավոր խորհրդականը՝ ավելացնելով, որ միայն այդ դեպքերում իրենք կարող են որոշակի վարույթ իրականացնել։

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում, երբ ձվի գինը կտրուկ նվազեց, որոշ խոշոր ընկերությունների արտադրության հզորությունները կրճատվեցին՝ թռչնաբուծարանները հայտնում էին, որ իրենք մորթ են իրականացնում։ Ա. Սահակյանի խոսքերով՝ այսօր ձվի առաջարկի նվազման պատճառ կարող էր դառնալ նաև դա։

Ի դեպ, խոշոր ընկերությունները տեղեկացրել են նաև, որ բավական մեծ քանակի՝ մոտ 4 մլն ձու են ներմուծել Իրանից, և շուկայի պահանջարկը բավարարելու համար այդ խմբաքանակը կառաքեն մանրածախ ցանց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը