Քաղաքական

25.09.2017 12:54


Արցախի կառավարությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Արցախի կառավարությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել, որով սահմանվել է նոր կառավարության հետևյալ կառուցվածքը՝ Պետական նախարար, Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն, Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն, Գյուղատնտեսության նախարարություն, Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն, Կրթության, գիտության և սպորտի նախարարություն, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Քաղաքաշինության նախարարություն, Ֆինանսների նախարարություն:

Սահմանվել են պետական կառավարման հետևյալ մարմինները՝ Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

Պետական նախարար է նշանակվել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը, արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը, արտաքին գործերի նախարար՝ Մասիս Մայիլյանը, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար՝ Սամվել Ավանեսյանը, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը, գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար՝ Լևոն Գրիգորյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար՝ Սերգեյ Շահվերդյանը, պաշտպանության նախարար՝ Լևոն Մնացականյանը, քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը, ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է Զբոսաշրջության վարչությունը և ընդգրկվել մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն կազմում: Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում:

Պետական նախարարի աշխատակազմում ընդգրկվել են Սոցիալ-տնտեսական վարչությունը, տարածքային կառավարման բնագավառում գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները, իսկ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում՝ Անշարժ գույքի կադաստրի և պետական գույքի կառավարման վարչությունները, Գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը, Աշխատանքի, Սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կառուցվածքում՝ Բնակարանային հարցերի վարչությունը, Վերաբնակեցման և միգրացիայի բաժինը։

Բ․Սահակյանի այլ հրամանագրերով սահմանվել է կառավարության գործունեության կազմակերպման նոր կարգ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետաշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը