Մեկնաբանություն

20.09.2017 11:25


Իշխանական «նալն» ու «մեխը»

Իշխանական «նալն» ու «մեխը»

Պրակտիկան ցույց է տվել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում դերաբաժանում կա: Այն, ինչ «դիշովի» ու «չդզող» են համարում Բ26-ում, հանձնարարում են նախարար Էդվարդ Նալբանդյանին: Իսկ այն, ինչ «պուպուշ» է ու «ռազմահայրենասիրական»՝ փոխնախարար Շավարշ Քոչարյանին: Այսինքն, գործ ունենք գավառական թատրոնի հետ:

Ղարաբաղի տարածքները հանձնելու վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը փորձնական «շարիկ» էր: Բ26-ից ուզում էին Սփյուռքի ռեակցիան ստուգել՝ ձեռքի հետ էլ դրսին «մեսիջ» ուղարկելով, որ իրենք պատրաստ են, և մնում է միայն Ալիևը համաձայնությունը տա (պաշտոնական Երևանի հույսը Ալիևի «ոչ»-ն է ու ժամանակ ձգելը):

Նալբանդյանի հայտարարությունը եղավ, ռեակցիան ստուգվեց (ի դեպ, պաշտոնական Ստեփանակերտն ընդդիմացավ Նալբանդյանի հայտարարությանը, ինչը ողջունելի է) և արդեն կարելի է «ռազմահայրենասիրություն» խաղալ: «Մեյդան» եկավ Շավարշ Քոչարյանը, ով մի ժամանակ մոլի «արևմտամետիստ» էր խաղում, իսկ հիմա «եվրասիամոլ» է և, զուգահեռաբար, Ադրբեջանի դեմ «հուժկու» հայտարարություններ անող:

Շ. Քոչարյանը Նալբանդյանից հետո հայտարարել է, թե բա՝ «ոչ մեկը ոչ մեկին տարածք չի տալիս», թե բա՝ հանգիստ կացեք: Նրա միջոցով փորձեցին Նալբանդյանին «հավասարակշռել»: Բայց դե ակնհայտ է, որ Նալբանդյանի շուրթերով իշխանությունը հենց իրական վիճակն էր բարձրաձայնում:

Նախարարն ու իր տեղակալը «նալի» ու «մեխի» ֆունկցիա կատարեցին: Բ26-ը հա՛մ «նալին» խփեց, հա՛մ «մեխին»: Զավեշտն այն է, որ տեղակալը սրբագրում է իր անմիջական ղեկավարին, բայց դե մենք արդեն սովոր ենք նման բաների: Դա էլ հենց «նախաձեռնողականություն» կոչվածն է՝ «և՛, և՛»-ի դրսևորումը:

Ինչ վերաբերում է տարածք տալուն կամ չտալուն, ապա դա հայտարարությամբ չի որոշվում:

Տարածքը տրվում է, ավելին՝ պետությունն է հանվում աճուրդի

-երբ արտաքին քաղաքականությունը դառնում է օրվա կուրսով, այն է՝ «նախաձեռնողական» ու մի քիչ էլ «ֆուտբոլային»,

-երբ երկրից 9 տարում հեռանում է ավելի քան 300 հազար մարդ,

-երբ 6 միլիարդ դոլարից ավելի կապիտալ է փախչում Հայաստանից,

-երբ տնտեսական անկման հարցում միջազգային ռեկորդ է սահմանվում,

-երբ տնտեսությունը կենտրոնացվում է «նեղ կռուգի» շրջանակներում,

-երբ աղքատությունն աճում է,

-երբ քաղաքական դաշտն ամայանում է,

-երբ «ռեյտինգայինների» միջոցով վերջնականապես այլասերվում է ընտրական համակարգը,

-երբ քաղաքական ու լրատվական դաշտը լցվում են հաճախորդներով («ելք կա»),

-երբ նախագահական նստավայրի միջանցքներում թրև եկողը փախչում է Բաքու և աշխատում Հայաստանի դեմ,

-երբ վատանում են և՛ հայ-ռուսական, և՛ Արևմուտքի հետ հարաբերությունները,

-երբ «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում երկիրը վերածվում է բոլոր կողմերից հարվածներ ստացող ֆուտբոլի գնդակի,

-երբ «մուտիլովկան» դառնում է պետական քաղաքականության սկզբունք,

-երբ գլխավոր քաղաքական իրադարձություն են դառնում այս կամ այն պաշտոնյայի կամ փողատիրոջ կազմակերպած քեֆերը՝ սկսած նշանդրեքից մինչև ատամհատիկ (բացի բանակի քեֆից, քանզի պաշտոնավորները կամ փողատերերն իրենց ընտանիքի անդամներին կամ բարեկամներին բանակ չեն ուղարկում, որ մի հատ էլ բանակի քեֆ անեն. հո հարի՞ֆ չեն, որ բանակ գնան),

-երբ անգլուխ, անողնաշար և անդեմ լինելը իշխանական ու պետական կառավարման համակարգում առաջ գնալու միակ պայմանն է դառնում,

-երբ ...

Այսքանից հետո բնական է, որ գալիս է հողերը տալու ժամանակը, և Նալբանդյանը «տուտ նի պռիչոմ»: Բայց այստեղ պետք է հստակություն մտցնել. մեկ հոգու համար հող հանձնելուն այլընտրանք չունենալը չի նշանակում, որ անայլընտրանք է Հայաստանի հանրությունը: Եթե մի հոգու և Հայաստանի շահերը սուր հակասության մեջ են, ապա այդտեղից չի բխում, որ Հայաստանի շահերը պետք է հայտնվեն զոհասեղանին:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը