Մեկնաբանություն

19.09.2017 13:35


2040-ի «իշտահը», «4-միլիոնանոց» Հայաստանը և Ղարաբաղի «անպետք հողերը»

2040-ի «իշտահը», «4-միլիոնանոց» Հայաստանը  և Ղարաբաղի «անպետք հողերը»

Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում երկու ուշագրավ հայտարարություններ են արվել (ավելի ճիշտ՝ 2,5 հայտարարություն, բայց «կեսի» մասին առանձնապես չենք ծավալվի):

Հայտարարության հեղինակները Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն են: Առաջինը կրկին խոսել է 2040-ին ՀՀ բնակչությունը 4 միլիոնի հասցնելու մասին: Բոլորի համար էլ պարզ է, որ դա ավելի շատ բաժակաճառ է հիշեցնում, քանզի մեր երկրի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու համար նախ պետք է կտրուկ քայլեր ձեռնարկել արտագաղթը, ավելի ճիշտ՝ մարդկանց փախուստը կանգնեցնելու համար (Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՀՀ բնակչությունը նվազել է ավելի քան 300 հազարով), ապա նպաստավոր պայմաններ ստեղծել ծնելիության աճի ու ներգաղթի համար:

Պետք է տնտեսությունը զարգացնել՝ տեղական բիզնես մթնոլորտը էապես բարելավելու և ներդրումներ ներգրավելու համար, որպեսզի մարդիկ մնան այստեղ, այլ ոչ թե ինքնաէվակուացիայի ենթարկվեն:

Պարզ է, որ ներկայիս պայմաններում ոչ միայն ներդրումներ չեն լինի, այլ դեռ մի բան էլ տեղական կապիտալը կփախչի Հայաստանից, ինչին էլ ականատես ենք լինում վերջին տարիներին:

Այնպես որ, քանի դեռ մեր երկրում սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխություն չկա, «4-միլիոնանոց» Հայաստանը կմնա կենացային մակարդակի վրա: Կենացային չէ, սակայն, 2040 թվի հիշատակումը: Այդպիսով Սարգսյանը վերահաստատում է իշխանության մեջ «հավերժ» մնալու իր ցանկության մասին: Ցանկություն, որի ուղղությամբ, ի տարբերություն «4-միլիոնանոց» Հայաստան ծրագրի, կոնկրետ քայլեր են իրականացվում (ՀՀԿ ղեկավարի այս ցանկության ֆոնին ուշագրավ է Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, թե ինքը ցանկանում է 2018-ին մնալ վարչապետի պաշտոնին):

Ինչ վերաբերում է մյուս ուշագրավ ու նաև՝ վտանգավոր հայտարարությանը, ապա այն հնչեց արտգործնախարար Նալբանդյանի շուրթերից:

«Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,-անդրադառնալով Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ու, մասնավորապես, հողերի վերադարձին վերաբերող հարցին՝ ասել է Նալբանդյանը:

Փաստորեն, ըստ Նալբանդյանի ՀՀ-ն պատրաստ է հանձնել այն տարածքները, որոնք, այսպես ասած, անպետք են, այսինքն՝ չեն վնասում մեր անվտանգությանը:

Անվտանգության տեսանկյունից «անպետք հողեր» ձևակերպումը մեկ էլ հնչել էր Սերժ Սարգսյանի կողմից՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: ՀՀԿ ղեկավարն այդպիսին համարեց 800 հեկտար կորուստը: Այսինքն, ստացվում էր, որ մենք չորս օրում իզուր տեղը հարյուրից ավելի զոհ տվեցինք, քանզի նրանք, ըստ գերագույն գլխավոր հրամանատարի, փորձել են հետ բերել կորցրած «անպետք հողերը» (ի դեպ, այդ կորստի արդյունքում Թալիշում այլևս բնակիչ չմնաց, քանզի ադրբեջանցիների գրաված դիրքերն անվտանգ չէին դարձնում այդ գյուղում ապրելը):

Եթե «թարգմանենք» Նալբանդյանի ասածները, ապա ստացվում է, որ Հայաստանը հիմա բանակցում է բացառապես տարածքների վերադարձի շուրջ:

Ուշադրությո՛ւն դարձրեք, Նալբանդյանի խոսքը տեղավորվում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի մեջ: Ասել է թե՝ պաշտոնական Երևանը անգամ բանակցությունների մակարդակով հետքայլ է կատարել «Տարածքներ՝ ԼՂՀ միջազգային կարգավիճակի դիմաց» բանաձևից՝ հայտնվելով Կազանում արձանագրվածից էլ վատ վիճակում: Իսկ դա խայտառակ ձախողում է: Եվ այդ ձախողման ֆոնին շատ ավելի բաժակաճառային են հնչում «4-միլիոնանոց» Հայաստան ունենալու մասին խոսքերը: Եթե Նալբանդյանի ասած տարբերակով առաջնորդվենք, ապա Հայաստանի գոյությունն իսկ 2040-ին կասկածի տակ կհայտնվի, էլ ուր մնաց թե 4 միլիոն բնակիչ լինի այստեղ:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը