Լրահոս

19.09.2017 13:30


Արմեն Գրիգորյան․ «Հանրության շրջանում տարածքների հանձնման մասին լրիվ այլ մոտեցում կա»

Արմեն Գրիգորյան․ «Հանրության շրջանում տարածքների հանձնման մասին լրիվ այլ մոտեցում կա»

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ

-ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարեց, որ խոսքը ԼՂ այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը։ Ձեր կարծիքով, կոնկրետ ո՞ր տարածքները նա նկատի ունի և ինչո՞ւ է նման հայտարարությամբ հանդես գալիս։

-Կարծում եմ, Նալբանդյանը խոսել է 7 տարածքների մասին, պարզապես դիվանագիտական լեզվով է ասել՝ չկոնկրետացնելով այն, սակայն պարզ է, որ խոսքն ազատագրված տարածքների մասին է: Կարելի է ենթադրել, որ այս պահին բանակցությունները նոր փուլում են, և Նալբանդյանը Սփյուռքին ևս փորձում է համոզել տարածքներ վերադարձնելու հարցում, բայց չի հստակեցնում, ավելի լղոզված է խոսում դրա մասին՝ հաշվի առնելով Սփյուռքի վերաբերմունքը Արցախի հարցում:

-Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Կազանյան փաստաթղթին է ինքը կողմ։ Արդյոք տարածքներ վերադարձնելու մասին խոսելիս Հայաստանի իշխանությունները նկատի չունե՞ն հենց 7 շրջանները։

-Միանշանակ տարածքների վերադարձի մասին եթե խոսք է գնում, ապա նկատի ունեն 7 շրջանները։ Թե ինչպես կվերադարձնեն՝ փուլային, թե փաթեթային, դա այլ հարց է, բայց նկատի ունեն այդ շրջանները:

-Արցախի իշխանությունները չեն արձագանքում պաշտոնական Հայաստանի այս հայտարարություններին։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ։ Եվ ինչպե՞ս կվարվի Արցախի ժողովուրդը, եթե ՀՀ իշխանությունները համաձայնեն տարածքներ հանձնելուն։

-Արցախի իշխանություններն ամբողջությամբ դարձել են Երևանի կցորդը․ եթե ժամանակին որոշակի չափով այնտեղ անկախ որոշումներ կայացվում էին, այժմ սպառվել է այդ հնարավորությունը, և Ստեփանակերտը հլու-հնազանդ կատարում է այն, ինչ Երևանն է թելադրում։ Սակայն հանրության շրջանում տարածքների հանձնման մասին լրիվ այլ մոտեցում կա: Ապրիլյան պատերազմից հետո 98 տոկոսից ավելին դեմ է տարածքներ տալու մոտեցմանը, և երբ գա այդ մոտեցումն իրականություն դարձնելու ժամանակը, լուրջ դիմադրություն կլինի: Նույնիսկ բանակի մակարդակում Սերժ Սարգսյանը լուրջ դիմադրություն կունենա ստորին օղակի հրամանատարների կողմից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը