Քաղաքական

19.09.2017 09:33


Սփյուռքահայերից ոմանք անիրագործելի են համարում «4 միլիոնանոց Հայաստան» ծրագիրը

Սփյուռքահայերից ոմանք անիրագործելի են համարում «4 միլիոնանոց Հայաստան» ծրագիրը

«Մեր նպատակն է, որ Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Դա, հետևաբար, ենթադրում է գալիք 25 տարիներին դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում»,հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ դիմելով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներին։

2040 թվականին Հայաստանը 4 միլիոն բնակչություն ունենալու նրա տեսլականը անիրագործելի են համարում համաժողովին ներկա մի շարք սփյուռքահայեր։ «Ազատության» հետ զրույցներում Սփյուռքի տարբեր գաղթօխջախներից ժամանած հյուրերն ասացին, որ հավակնոտ ծրագրերից առաջ նախ պետք է մտածել սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու մասին։

«Երեսուն հազար սիրիահայեր եկան, քանի՞ հոգի մնացին այստեղ․․․ Այսօր տակավին հարցեր կան Գյումրիում: 25 տարի է անցել երկրաշարժից․․․ այսօր մարդիկ կան, որ տուն չունեն: Այդ հարցերը թող լուծեն, հետո մեծ ծրագրերի մասին խոսեն»,-ասաց Բրիտանիայի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Վազգեն Կասեմջյանը՝ շարունակելով,-սա է իրականությունը: Անկեղծ պետք է լինենք: Եվ որ եկել եք այսօր վստահության, համագործակցության մասին եք խոսում․․․ Այդ վստահությունը գալիս է ոչ թե երազային, անտեսանելի իրականությունից, այլ պետք է շոշափելի իրականություն ունենանք: Պարզապես խոսքը եթե պիտի մնա խոսք, շատ է լինում: Արդեն 6-րդ համագումարն է, նույն բաները միշտ լսել ենք»:

«Ես ուտոպիայի չեմ հավատում: Ես հավատում եմ գործնական աշխատանքներին: Գոնե վերջին քսան տարիներին պետք է ասել, որ առաջխաղացում չկա»,-ասաց Լոս Անջելեսի արհմիությունների ներկայացուցիչ Ստեփան Հովակիմյանը:

«Բոլորս էլ տեղյակ ենք, որ լուրջ բարեփոխումների, մենաշնորհների դեմ պայքարի հարց գոյություն ունի: Փտախտի դեմ պայքարը անհրաժեշտ է, և այդպիսի առաջարկներ արդեն հնչեցին նույնիսկ առաջին նիստի ընթացքում: Ուրեմն պետք է ավելի լրջանալ և լուրջ ծրագիր մշակել, որ տեսլականը դառնա իրականություն»,-ասաց ՀՅԴ Կանադայի բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Մանրամասները՝ «Ազատություն»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը