Մեկնաբանություն

15.09.2017 15:15


Բ26-«Ելք» և Բաքու-Մոսկվա առանցքների էական տարբերությունները

Բ26-«Ելք» և Բաքու-Մոսկվա առանցքների էական տարբերությունները

Հայաստանում Բ26-ի «պասով» հակառուսական քարոզչություն է իրականացվում: Նպատակը կասկածելի է ու խիստ վտանգավոր մեր երկրի համար:

Ամեն ինչ նույնքան կասկածելի ու խիստ վտանգավոր կլիներ եթե կազմակերպվեր ընդդեմ Արևմուտքի:

Հայաստանն այլընտրանք չունի, քան հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելը, ինչը ենթադրում է դրական հարաբերություններ Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ: Մոսկվայի հետ, հասկանալի պատճառներով, հարաբերությունները ռազմաքաղաքական առաջնահերթությամբ են, իսկ Արևմուտքի հետ՝ արժեքային:

Հայաստանը չպետք է լինի սուպերռուսամետ կամ սուպերարևմտամետ արտաքին կուրսի կրող: Հայաստանի համար հակացուցված է նաև հակառուսականությունը կամ հակաարևմտյան քաղաքականությունը: «Մետությունը» Հայաստանի այս կամ այն քաղաքական սուբյեկտի համար հավասարազոր է պետական հանցագործության:

Մեր երկրի կողմից վարվող քաղաքականության հիմքում պետք է լինեն հետևյալ սկզբունքները՝

1.անվտանգության ու այլ հարցերում պետք է ապավինել սեփական ուժերին, իսկ դրսում ոչ թե հովանավորներ, այլ դաշնակիցներ փնտրել,

2.բացառել «արևմտամետությունը», «ռուսամետությունը» և ցանկացած այլ «մետությունները», քանզի դրանք կեղծ ու վտանգավոր ուղղություններ են,

3.Հայաստանի բոլոր խնդիրները պետք է համարել ներքին ծագում ունեցող, և լուծումները փնտրել ներսում, այլ ոչ թե դրսի ուժերից օգնություն սպասել կամ մեղադրել դրսի ուժերին մեր ներքին խնդիրների համար:

Նորանկախ Հայաստանում այս կամ այն չափով փորձ արվել է պահել վերը նշված սկզբունքները: Տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպ է հաջողվել մնալ այդ սկզբունքների շրջանակներում:

Հարկ է արձանագրել, որ 2008-ից հետո տեղի է ունեցել քաղաքական կուրսի հիմնավոր փոփոխություն: Որդեգրված «նախաձեռնողականության» արդյունքում Հայաստանը պարբերաբար կորուստներ է ունենում (ընդ որում՝ շատ լուրջ կորուստներ) ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական ոլորտներում:

Պաշտոնական Երևանը ՀՀ շահերը պարբերաբար մանրադրամի է վերածում ՌԴ-Արևմուտք հարաբերություններում՝ զուգահեռաբար մեր երկիրը դարձնելով հզորների շահերի բախման թատերաբեմի:

«Նախաձեռնողականության» արդյունքում էր, որ մենք տարածքային ու մարդկային կորուստներ ունեցանք ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Դրա արդյունքում է նաև Հայաստանը կորցրել հարգանքն Արևմուտքում և վստահությունը՝ Ռուսաստանում:

Ադրբեջանն, օգտվելով ՀՀ-ի «նախաձեռնողականությունից», կարողացավ իր հարաբերություննները զգալիորեն լավացնել ՌԴ-ի հետ՝ հաջողացնելով Արևմուտքի հետ պահել պարիտետային հարաբերություններ: Ասել է թե՝ Ադրբեջանը սեփականաշնորհեց այն սկզբունքները, որոնցից Հայաստանը զարմանալիորեն հրաժարվեց «Ֆուտբոլային» արկածախնդրության մեկնարկով:

Շատ խորհրդանշական է, որ ՀՀ-ում Բ26-ին կցված «ընդդիմության»՝ «Ելք»-ի և այլ տրամաչափի հաճախորդների միջոցով նախաձեռնվել է հակառուսական կամպանիա, իսկ ահա Բաքուն հզոր լոբբիստական գործունեություն է իրականացնում՝ փորձելով Մոսկվայի քաղաքական վերնախավին թեքել դեպի իր կողմը (նկատենք՝ Բաքուն զգալի արդյունքների է հասել): Այսինքն՝ մինչ այստեղ էժանագին թատրոն է կազմակերպվում հակառուսական մոտիվներով, Ադրբեջանում լրջորեն սերտացնում են իրենց հարաբերությունները Մոսկվայի հետ (սեպտեմբերի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Մոսկվա-Բաքու առանցք. Կովկասյան նոր աշխարհաքաղաքականությունը» թեմայով կոնֆերանսը, որին մասնակցել են ՌԴ-ի ու Ադրբեջանի քաղաքական, փորձագիտական ու լրագրողական ազդեցիկ շրջանակները. հենց այդ կոնֆերանսի ժամանակ է հնչել Ղարաբաղի հինգ շրջանները Ադրբեջանին վերադարձնելու կարծիքը):

Շատ պարզունակ կլինի Բաքվի այդ քայլերը որակել որպես ռուսամետություն: Դա իրենց պետական շահերից բխող գործընթաց է և բացարձակապես կապ չունի «մետության» հետ, ինչպես որ նման դեպքերում սիրում է ձևակերպել Բ26-ին կից «անկախ» մամուլը:

Ակնհայտ է, որ Բ26-«Ելք» առանցքը հետապնդում է մասնավոր շահ, իսկ Բաքու-Մոսկվա առանցքի ադրբեջանցի ճարտարապետները հետապնդում են պետական շահ: Բաքվում հաճելիորեն զարմացած են Հայաստանում առկա հակառուսական գործընթացներով, և ձեռքերը շփելով փորձում են օգտվել պաշտոնական Երևանի հերթական կոպիտ սխալից:

Թե ինչու է վերարտադրության ձգտող իշխանությունը որոշել հակառուսական հիստերա հովանավորել, դժվար չէ կռահել:

Դժվար չէ կռահել նաև, թե ինչով այս ամենը կարող է վերջանալ Հայաստանի համար:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Բ26-ի «գիշերային» որոշումները «նախաձեռնողականության» և «մետության» ուղղակի հետևանք են: Այդ ամենն է պատճառը, որ զավեշտալի ու ինքնանվաստացուցիչ որոշումներ են կայացվում՝ դեմքի սարսափահար արտահայտությամբ: Վերջին օրինակը Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելն էր:

Մեր արտաքին քաղաքականությունն, ըստ այդմ, ոչ թե նախաձեռնողական է, այլ էկլեկտիկ, «օրվա կուրսով», անլուրջ, գավառամիտ ու վախեցած: Կարճ ասած՝ հակապետական:

Այս խորագրի վերջին նյութերը