Մեկնաբանություն

11.09.2017 08:24


«Ելք»-ի համբավը տարածվել է Հայաստանից դուրս

«Ելք»-ի համբավը տարածվել է Հայաստանից դուրս

«Ելք» դաշինքն ԱԺ օրինագիծ է ներկայացրել՝ առաջարկելով ՀՀ-ն դուրս բերել ԵԱՏՄ-ից: Այս ամենը ուղեկցվում է նախագահական նստավայրին կից լրատվամիջոցներով հակառուսական հիստերիա բարձրացնելով:

Վերարտադրությանը միտված սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ համարած, ընտրական ինստիտուտը վերացնող Ընտրական նոր օրենսգրքի դեմ ծպտուն չհանած ու, որոշ դեպքերում, աջակցած, իշխանության ընդդիմախոսների դեմ ընդդիմախոսություն արած, Բ26-ի «ինֆորմացիոն» հովանավորությամբ ԱԺ-ում հայտնված «Ելք»-ի եռյակը նոր առաջադրանք ունի՝ դառնալ գործիք Բ26-ի ու Կրեմլի հարաբերություններում: Ինքնին հասկանալի է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը «Ելք»-ի ու իր պատվիրատուի համար երկրորդական նշանակության հարց է. գործընթացն այլ ենթատեքստ ու նպատակ ունի: Նպատակ, որը հակապետական է:

Ուշագրավն այն է, որ «Ելք»-ի և իշխանությունների համատեղ խաղերի մասին վաղուց տեղյակ են Ռուսաստանում: Ոչ անհայտ ռուս վերլուծաբան Կոլերովը հայտարարել է, թե իրենք գիտեն, որ «Ելք»-ը իշխանական նախագիծ է և, այդ իսկ պատճառով, լուրջ են վերաբերվում «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծին՝ փորձելով վերլուծել Սերժ Սարգսյանի թիմի քայլերը:

Կոլերովը, միևնույն ժամանակ, «մեսիջ» է ուղարկել Բ26, ըստ որի՝ նմանատիպ ձևերով ՀՀ իշխանությունները չեն կարող առևտուր անել Կրեմլի հետ և իրենց գործիքներին օգտագործելով՝ չեն կարող հարց լուծել:

Փաստորեն, նախագահական նստավայրում համոզված էին, որ իրենց «շուստրիությունը» և հաճախորդների միջոցով «նախաձեռնողականություն» խաղալը նկատելի չէ անգամ Հայաստանում, էլ ուր մնաց, թե Ռուսաստանում նկատեն, սակայն արի ու տես, որ բոլոր բանական մարդկանց համար էլ պարզ է, թե ինչն ինչոց է:

Թե ինչով է ավարտվելու Բ26-ի այս մի «արևմտամետիստ» խաղը, դժվար չէ կռահել: Հիշեցնենք, որ նախորդ անգամ «արևմտամետիստներն» այնքան տքնեցին, որ արդյունքում Հայաստանը գիշերային որոշմամբ հայտնվեց Մաքսային միությունում, այնտեղից էլ «տրանզիտով»՝ ԵԱՏՄ-ում:

Հարցն այն չէ, որ ԵԱՏՄ մտնելը ճիշտ կամ սխալ որոշում էր: Հարցն այն է, որ չի կարելի սեփական աթոռի համար Հայաստանի շահերը առևտրի առարկա դարձնել միջազգային ասպարեզում:

Մենք «եվրաասոցացման» բուռն շրջանում բազմիցս նշել ենք, որ ՀՀ-ի շահերից է բխում հավասարակշռված քաղաքականություն վարելը, ինչը ենթադրում էր՝ չմտնել ԵՄ-ի հետ այնպիսի ասոցացման համաձայնագրի մեջ, որն ավտոմատ կերպով մեզ գործիք կդարձնի Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մեջ:

Պաշտոնական Երևանի «նախաձեռնողականությունն» էր պատճառը, որ «ասոցացման» վերջնարդյունքում հայտնվեցինք ԵԱՏՄ-ում, մինչդեռ դրա կարիքը չկար (ի դեպ, Ադրբեջանն իրեն ավելի ճիշտ պահեց՝ չմտնելով ԵԱՏՄ ու մտնելու կամ չմտնելու դիմաց իր շահերից բխող մեծ առևտուր սկսելով՝ ինչպես Արևմուտքի, այնպես էլ ՌԴ-ի հետ, մինչդեռ ՀՀ-ն ինքնանվաստացուցիչ ձևով մտնելով ԵԱՏՄ՝ կորցրեց իր կշիռը և՛ Արևմուտքում, և՛ ՌԴ-ում («և, և»-ի քաղաքականություն՝ ըստ Բ26-ի)):

Հիմա Հայաստանի իշխանությունները կրկին վտանգավոր խաղ են սկսել ու կրկին՝ հանուն աթոռի: Իրենց կարծիքով, ելք են գտել՝ «Ելք»-ին հանելով աշխարհաքաղաքական «տռաս»:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը