Կարծիք

11.09.2017 07:51


«Ազգային» վիագրա

«Ազգային» վիագրա

Մի 15 տարի առաջ հարայ-հրոց դրեցին, թե՝ Պաուլո Կոելյոյին ենք բերում Հայաստան:

Բերողն էլ ազգային-ավանդապաշտ մի կազմակերպություն էր:

Կարճահասակ, սևազգեստ բրազիլացի գրողը եկավ, տեղ հասավ, ու մի գժանոց սկսվեց: Գրողների միության դահլիճի դռները սկսեցին ջարդել, որ ներս մտնեն ու մասնակցեն հյուրի հետ հանդիպմանը: Ստիպված ոստիկանների բերեցին «դեպքի վայր», որ մեր գրողներն ու ընթերցասեր հասարակությունը իրար փոր չթափեն՝ «Ալքիմիկոսի» հեղինակին տեսնելու համար:

Ավելի քան մեկ ժամ տևած հանդպման ընթացքում Կոելյոն առանձնապես հետաքրքիր միտք չարտահայտեց, առավելապես լուռ էր ու լսում էր հրավիրող կողմի՝ ՀԳՄ ղեկավարության ձոներգումներն ուղղված իրեն:

Տեսա որ առաջին շարքերում նստած է Պերճ Զեյթունցյանը՝ շատ խեղճացած: Մոտեցա, հարցրի.
-Ինչո՞ւ եք տխուր, մոդայիկ գրողները Ձեզ դուր չե՞ն գալիս:
-Կոելյոյի այդ գիրքը ես մեծ դժվարությամբ կարդացի։ Այդ գրքի ողջ գաղափարն այն էր, թե ինչո՞ւ ես գանձը հեռու փնտրում, երբ որ կողքիդ է։ Գրքի անունն էլ չեմ հիշում («Ալքիմիկոսը».- Կ.Ե.)։ Գիտեք, այդ բաները վաղուց այնքան մարսված են, նման բաների մասին այնքան ենք կարդացել, ինքս էլ իմ պատանեկան գործերում նման գաղափար արտահայտել եմ։ Գիտեք, Սալվադոր Դալին մի շատ լավ բան է ասել. «Մոդան այն է, ինչ ամենից շուտ է դուրս գալիս մոդայից»։ Սա էլ մոդա է, էլի, կանցնի-կգնա։
Բայց այսպիսի չտեսությամբ ընդունել մեկին, որի մակարդակի գրող մենք էլ ունենք, որոնց մենք ինքներս այդպես չենք գնահատում։ Հասկանալի է, նա ո՛չ Մարկես է, ո՛չ Կորտասար, ոչ էլ, առավել ևս, Ֆոլկներ։ Մոդա է, այո՛, շիրպատրեբ- պատասխանեց մեր գրողը::
Պերճ Զեյթունցյանն այնքան զայրացած էր, որ այլևս չշարունակեց զրույցը:

ՀԳՄ դահլիճում տեղի ունեցած այդ հանդիպումից հետո Կոելյոս մի երկու օր էլ «ֆռֆռաց» Երևանում ու մեկնեց:
Նրան այստեղ բերողին հարցրի՝ հետո՞, արդյունքը ո՞րն էր:
Ազգային կազմակերպության ղեկավարը ահավոր նեղսրտած ասաց.
-Օ՜ֆ, շատ գիտեմ, իմ խելքն ասա, քանի գիշեր դրա հյուրանոցի մոտ հերթապահում էինք, որ ուզած պահին վիագրա հասցնենք ու աղջիկներ...Մեռանք...

Դրանից հետո մինչ օրս եսիմ քանի «հռչակավորներ» են բերել ու բերում Հայաստան (անհատական հրավերով կամ փառատոների շրջանակներում):

Տեսե՞լ եք նրանցից մեկնումեկը երբևէ մի տող գրած լինի Հայաստանի մասին կամ՝ ինչ-որ առիթով հիշատակած լինի Հայաստանի անունը:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը