Քաղաքական

08.09.2017 23:15


Մոսկվայում հանդիպել են ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները

Մոսկվայում հանդիպել են ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին:

«Հակառակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգևոր առաջնորդներիս կոչերի և պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ և երբեմն նաև սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Հատկապես մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչության թիկունքում պատսպարվելու և այն միտումնավոր թիրախի վերածելու դեպքերը: Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները: Այս ամենը մեծապես վտանգում է փոխվստահության և փոխըմբռնողության ոգու մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը և, սասանելով արդեն իսկ փխրուն հրադադարը, վերափոխում հակամարտության ուժգնացման մի նոր իրողության, որին ականատես դարձանք 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ամենքիս հայտնի է այդ օրերի ժամանակագրությունը, փաստագրված նաև միջազգային հանրության կողմից, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգումները, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները»,–իր խոսքում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հավելելով․ «Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես և` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` բացառապես բանակցությունների միջոցով: Այլընտրանք չունի նաև Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը:

Այսօր հրամայական է, որ կամք եւ հանձնառություն դրսեւորվի` հիմնախնդրի լուծումը փնտրելու միմիայն բանակցային հարթության մեջ եւ կասեցնելու հրադադարի խախտման դրսեւորումները, սահմաններից հեռացնելու դիպուկահարներին, դադարեցնելու անդադար գնդակոծումները եւ այլեւս պատճառ չդառնալու հրադադարի պայմաններում ընտանիքների դժբախտացման` անվտանգ պահելով մեր զինվորագրված զավակների կյանքը: Յուրաքանչյուր փամփուշտ, որ արձակվում է Աստծո արարածի դեմ, նաեւ Աստծո դեմ է»:

Այս խորագրի վերջին նյութերը