Մեկնաբանություն

05.09.2017 13:50


Սեյրանի «տանկը», «նախագահի պարը», 100-ից ավել զոհը, 800 հեկտար անպետք հողը և «մուտիլովկաները»

Սեյրանի «տանկը», «նախագահի պարը», 100-ից ավել զոհը, 800 հեկտար անպետք հողը և «մուտիլովկաները»

Մամուլի հայտնի շրջանակները մանրամասներ են հաղորդում բազմաչարչար հայ ժողովրդին՝ էջմիածինցի շուլուխչի գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակի միջոցառման թեմայով:

Խոսվում է այն մասին, որ լավ ուտուշ-խմուշ է կազմակերպվել: Հյուրերի կազմում եղել է նաև Սերժ Սարգսյանը, ով հատուկ այդ նպատակով Ղարաբաղից եկել է և իր ավանդական՝ «նախագահի պարը» պարել:

Ուտելիքի հետ կապված մանրամասներ չեն ներկայացվել, բայց ենթադրվում է, որ չալաղաջաքյաբաբային միջավայրն ապահովված է եղել բարձր մակարդակով և «օրվա խորհրդին» համահունչ:

Ասում են նաև, որ մոտ 600 հոգի է մասնակցել Սեյրանի կերուխումին: Ներկաներն ականատես են եղել Սեյրան Սարոյանի «տանկին»: Տանկն այդ ոչ թե իսկական, այլ մակետային է եղել: Հոբելյարն այդպիսով ընդգծել է իր ով լինելը և ցույց տվել մեր երկրի հզորությունը, բանակի մարտունակությունը և իր ռեմբոյությունը, հատկապես որ ծնունդի տորթն էլ, ըստ նույն մամուլի միջոցների, յուրօրինակ է եղել. Սեյրանը կանգնած է եղել Օմարի վրա (ավելորդ համեստություն, քանզի կարելի էր միանգամից Սիսն ու Մասիսը տորթ դարձնել ու գցել Սեյրանի ոտքերի տակ):

Այս ամենը մեզ չէր հետաքրքրի, եթե Հայաստանի քաղաքական էլիտա կոչվածը սպառնալիք չդառնար մեր պետության գլխին:

Հայաստանում հետևողականորեն ոչնչացվել է քաղաքական դաշտը: «Մուտիլովկան» հռչակվել է պետական քաղաքականության միակ սկզբունք: Առաջին պլան է մղվել 10.000 դրամն ու խառնակչությունը: «Էլիտայի» հավաքույթները դարձել են «պարծիական» յուրօրինակ միջոցառումներ (ի դեպ, կերուխումային ստուգատես է նաև ընդդիմադիր կոչված հաճախորդաց ճամբարում. ոմանք ելքը գտել էին «Կովկասում»՝ այդպիսով հանդես գալով կոնտրքեֆով):

Այս պայմաններում բնական է, որ ծնունդը, կնունքը, հարսանիքը, նշանդրեքը, ատամհատիկը, տրնդեզը, զատիկը, խաշի սեզոնի բացումը դառնում են կարևորագույն քաղաքական իրադարձություններ, քանզի «էլիտան» իրեն գերհզոր և միասնական է զգում Սեյրանի «տանկի», տրնգիի, «էլիտայի» տրջիկ տալու և տարատեսակ պատկերներով տորթերի պայմաններում: Ոչինչ, որ չորս օրում 100-ից ավել զոհ տվեցինք ու մի 800 կամ ավելի հեկտարներ կորցրեցինք, քանզի դիմացը ոչ թե ընտրակաշառվողներ կամ հաճախորդացողներ էին, այլ մինչև ատամները զինված թշնամական բանակի ներկայացուցիչներ: Կարևորը, որ «էլիտան» մարտունակ է ու պատրաստվում է նոր քեֆերի:

Ի դեպ, եթե նկատել եք, սրանց մոտ բոլոր տիպի քեֆերը կան, բոլոր թեմատիկ ուղղվածության միջոցառումները կան, բացի մեկից՝ բանակի քեֆից: Մամուլում չենք կարդում, որ այսինչ օրը այսինչ պատգամավորը կամ պաշտոնյան կազմակերպելու է իր որդու բանակի քեֆը և Սերժ Սարգսյանն էլ պարելու է այդ քեֆին: «Էլիտան» հո հարի՞ֆ չի, որ իր երեխեքին բանակ ուղարկի ու դեռ մի բան էլ քեֆ կազմակերպի: Բանակում ծառայելն ու զոհվելը, իսկական տանկով կռիվ տալը նախատեսված է հասարակ մահկանացուների համար, իսկ «էլիտան» բավարարվում է տանկի մակետով, տրնգիով ու «մուտիլովկաներով»: Ծանր է «էլիտայի» գործը:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը