Մեկնաբանություն

05.09.2017 11:35


Պետություն և ֆուտբոլ

Պետություն  և ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ հերթական անգամ պարտվեց: Այս անգամ Դանիայի ընտրանուց, այն էլ՝ խոշոր հաշվով:

Հիմա, երբ երեկվա համեմատ մի փոքր հանդարտվել են կրքերը, արժե որոշ գնահատականներ տալ: Գնահատականներ, որոնք ուղղակիորեն ֆուտբոլին չեն վերաբերում, բայց միայն առաջին հայացքից: Պետք է խոսել այն երևույթների մասին, որոնք ուղղակիորեն ազդում են ֆուտբոլի և ոչ միայն ֆուտբոլի վրա:

Միայն զարմանալ կարելի է այն զայրացողների վրա, ովքեր վերլուծում են խաղային այս կամ այն դրվագը, այս կամ այն ֆուտբոլիստին, կամ էլ՝ արձանագրում, որ Հենրիխ Մխիթարյանը հավաքականում այլևս իր ողջ ուժերը չի ներդնում:

Պարզապես միամտություն է ֆուտբոլային պարտությունները ֆուտբոլի դաշտում փնտրելը: Ձուկը, ինչպես ասում են, գլխից է հոտած: Այնպես է հոտած, որ գարշահոտությունը տարածվել է ամբողջ երկրով մեկ և նույնիսկ քիթդ պինդ փակած չես կարող շրջանցել այդ հոտը:

Ֆուտբոլը մեր պետության արտացոլանք է: Իսկ դա նշանակում է, որ ֆուտբոլային դաշտում մեր կրած պարտությունները օրինաչափ են (պետք էր հաճելիորեն զարմանալ այն ֆուտբոլային հաղթանակների համար, որոնք արձանագրվեցին մի քանի տարի առաջ. դրանք տեղի էին ունենում ի հեճուկս պետության ներսում գրանցվող գործընթացների):

Հայաստանը խոր ճահճի մեջ է հայտնվել և բնական է, որ ինչպես սպորտում (անհատական սպորտաձևերում արձանագրվող մեկ-երկու հաջողությունները բացառությունների թվին են պատկանում), այնպես էլ մյուս ոլորտներում պետք է խոշոր հաշվով պարտություններ լինեն:

Արտաքին «նախաձեռնողականության» մեջ խոշոր հաշիվներով պարտություններ ենք գրանցում՝ սկսած տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտությունից մինչև ՆԱՏՕ-ի ու ՌԴ-ի հետ հարաբերություններում «գիշերային» և ցայտնոտային որոշումներով առաջնորդվելը:

Ապրիլյան քառօրյա պատերազմում էլ բացահայտվեց, թե ինչ վիճակի է հասցվել մեր պետությունը, և միայն երեխեքի կյանքի գնով հնարավոր եղավ կանխել խոշոր հաշվով պարտությունը: 800 հեկտարը համարվեց անպետք հող, իսկ ոգու հաշվին կռվողների համար հետագայում նախատեսված է դրամական փոխհատուցում 1000-դրամանոց հիմնադրամից՝ «Փող՝ կյանքի դիմաց» ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում:

Ներքին կյանքում նույնպես խոշոր հաշվով պարտություններ են, որոնք դրսևորվում են սարսափելի չափերի հասնող արտագաղթով, աղքատության աճով, ռեկորդային տնտեսական անկմամբ, կապիտալի արտահոսքով, ներդրումների կտրուկ կրճատմամբ:

Հայաստանի պետական համակարգը ամլացել է: Իշխանությունը «մուտիլովկաների», ոմանց հաճախորդացնելու և 10.000 դրամանոց ընտրակաշառքի օգնությամբ կարողացել է հաղթել ՀՀ քաղաքացիներին, սակայն տանուլ է տվել պետությունը: Մենք 1-4 հաշվով զիջում ենք արդեն համեմատաբար փոքր հարցերում՝ չկարողանալով ժամանակին ու արհեստավարժ ձևով մարել Խոսրովի արգելոցի հրդեհը, «Նաիրիտի» հրդեհը ...

Այս պայմաններում ումի՞ց և ի՞նչ ենք պահանջում ֆուտբոլի դաշտում: Պետք է ուրախանալ, որ Ռուսլան Կորյանը գեղեցիկ գոլ խփեց: Չէ՞ որ դա էլ կարող էր չլինել:

Ինչ վերաբերում է ֆուտբոլային հրաժարականներին, ապա դրանք կոսմետիկ փոփոխությունների են հանգեցնելու: Հիմա, ասենք, Նալբանդյան Էդիկը որ հրաժարական տա, մեր արտաքին քաղաքականությունը դադարելո՞ւ է ծիծաղի և արհամարհանքի առարկա լինելուց: Մարդիկ մի գիշերում որոշում են կայացնում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցել: Հարց է առաջանում՝ իսկ ռուս-վրացական հնգօրյա պատերազմը հաշվի առնելով ինչո՞ւ էիք մի ամիս առաջ մասնակցում Վրաստանում տեղի ունեցող միջոցառմանը, որ հիմա էլ Մոսկվայից «կլիզմա» անեն ու սարսափահար հետ կանգնեք սեպտեմբերյան զորավարժության մասնակցությունից, որին հանգիստ կարելի էր մասնակցել:

Միթե՞ պարզ չէր, որ օգոստոսին, երբ Արևմուտքը Վրաստանում, իսկ Մոսկվան Աբխազիայում իրար «մեսիջներ» էին փոխանցում, կարիք չկար մտնել ուրիշի խաղերի մեջ, իսկ հիմա հանգիստ կարելի էր գնալ Վրաստան ու մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին (ի դեպ, պաշտոնական Բաքուն հենց այդպես էլ վարվեց. Վրաստան չգնաց օգոստոսին, իսկ հիմա մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի փոխարեն՝ միավորներ շահելով ինչպես Մոսկվայում, այնպես էլ Բրյուսելում ու Վաշինգտոնում): Որտեղ պետք չէ մանրադրամ դառնալ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում՝ պաշտոնական Երևանը դառնում է, իսկ որտեղ խնդիր չկա՝ նույն պաշտոնական Երևանը մարազմատիկ քայլերի է գնում՝ կորցնելով հարգանքը Արևմուտքում և վստահությունը՝ Մոսկվայում:

Մի խոսքով, ինչի՞ հետևից եք ընկել: Դարպասապահ Մելիքսեթյանը լավ չտշեց, Մխիթարյանը «վիզ» չդրեց, Կամո Հովհաննիսյանը «բորշեց», «տրիները» բան չի հասկանում և այլն: Սրանք անկապ խոսակցություններ են: Պետք է մտածել, թե ինչ է լինելու այն ժամանակ, երբ ապրիլյան պատերազմի պես մի բան սկսվի ու մի քիչ երկար տևի: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես է այդ ժամանակ իրեն դրսևորելու մեր փտած ու մեկ պատուհանի կոռուպցիոն սկզբունքով աշխատող պետական կառավարման համակարգը: Պետք է մտածել այն մասին, թե ինչպես անել, որ մեր երեխեքի ոգին ու մարմինը կրկին մեն-մենակ չմնան հակառակորդի հրթիռների ու անօդաչու սարքերի դեմ:

Մտածել պետք է, բայց դե ինչ կարիք կա մտածելու: Կարելի է Պուտինի, Բիբինի, Նալբանդյանի, Մխիթարյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի ու մյուսների հրաժարականները պահանջել (դա անշառ, ոչ մի ջանք չպահանջող և շատ հաճախ նաև վճարովի զբաղմունք է) ու հանգիստ հետևել, թե ինչպես է Բ26-ը գործ սարքում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ, այն էլ՝ խոշոր պատերազմի նախաշեմին գտնվող Հայաստանում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը