Կարծիք

26.01.2010 15:01


Սա հերթական «պիար» հայտարարության ձախողված փորձ էր

Սա հերթական «պիար» հայտարարության ձախողված փորձ էր

ՀՀ վարչապետը նոյեմբերի 18-ին' 2010 թվականի բյուջեն ներկայացնելիս ասել էր, որ իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին հետաքրքրում են ոչ թե թոշակների ու աշխատավարձերի, ոչ թե գործազրկության և նոր աշխատատեղերի ստեղծման. ոչ թե գնաճի և փոխարժեքի, նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման կամ Ցեղասպանության ճանաչման խնդիրները, այլ նախ և առաջ սոցիալական արդարության խնդիրը:

ՀՅԴ խմբակցությունը նախ գրավոր դիմեց ՀՀ կառավարությանը' խնդրելով տրամադրել այդ ուսումնասիրությունների ամբողջական հետազոտությունը, ինչպես նաև տեղեկացնել կատարված հետևությունների և ձեռնարկվելիք միջոցառումների մասին: Ստացված գրավոր պատասխանից հայտնի դարձավ, որ կառավարության կողմից ոչ մի սոցիոլոգիական հարցում չի պատվիրվել և խոսքը գնում է ոչ պետական կազմակերպությունների նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրությունների մասին, որոնց ամբողջական հետազոտությանը կառավարությունը չի տիրապետում: Միաժամանակ կառավարությունը նշում է, որ իրենց ուսումնասիրությունները համադրվել են վերոհիշյալ հետազոտությունների արդյունքների հետ: Ավելորդ է ասել, որ որևէ նման ուսումնասիրություն նույնպես այդպես էլ չտրամադրվեց:

Բավարարված չլինելով նման գրավոր պատասխանով, հարցը պարզաբանելու համար այն բարձրացվեց նաև ՀՀ Ազգային ժողովի նիստին: Վարչապետի պատասխանից պարզ դարձավ, որ իր կողմից նման հայտարարություն կատարելու համար հիմք է հանդիսացել քաղաքացիների կողմից կառավարությանը ներկայացրած դիմում-բողոքների բովանդակությունը:

Ակնհայտ դարձավ, որ որևէ նման ուսումնասիրություն գոյություն չունի, հետազոտությունների արդյունքներին կառավարությունը չի տիրապետում, իսկ նման խիստ պատասխանատու հայտարարության համար հիմք էին քաղաքացիների տարբեր հարցերով ներկայացված բողոքները:

Սա հերթական «պիար» հայտարարության ձախողված փորձ էր, որը չուներ որևէ գիտական և մասնագիտական հիմնավորում: Կարծում եմ բողոքների բովանդակության հիման վրա եզրակացության կատարելն առնվազն հակագիտական է և չի դիմանում տարրական քննադատությանը: Ի վերջո, եթե քաղաքացին բողոքում է այս կամ այն պաշտոնյայի կամ մարմնի ապօրինությունից, ապա դա բոլորովին չի նշանակում, որ նրան չեն հուզում այլ խնդիրներ:

Կարծում եմ նաև պարզ է, ինչու քաղաքացիների մեծամասնությունը չի դիմում կառավարությանը ազգային հիմնախնդիրներով' Հայաստանի ոչ մի քաղաքացի չի կապում Լեռնային Ղարաբաղի կարգավորման և առավել ևս Ցեղասպանության ճանաչման հարցը Կառավարության հետ:

Արա Նռանյան

Այս խորագրի վերջին նյութերը