Քաղաքական

01.09.2017 16:48


ԼՂ հակամարտությունը վաղուց հնարավոր էր կարգավորել. Լավրով

ԼՂ հակամարտությունը վաղուց հնարավոր էր կարգավորել. Լավրով

Եթե Արևմուտքն ընդուներ Մոսկվայի առաջարկը, ապա ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդիսանում է պատասխանատու երկիր, որը խիստ հանձնառու է այն հռչակագրերին, որոնք ընդունվել են վերջին 20 տարում ԵԱՀԿ-ում և ՌԴ-ՆԱՏՕ խորհրդում։

«Այդ հռչակագրերում պարունակվում է կողմերի ցանկությունը՝ ձևավորելու Եվրաատլանտիկայում և Եվրասիայում հավասար անվտանգության տարածք, ինչպես նաև վստահեցում, որ մեզնից ոչ ոք չի ցանկանում ամրապնդել իր անվտանգությունը՝ այլոց անվտանգության ոտնահարման հաշվին»,-նշել է նա։

Լավրովն ափսոսանք է հայտնել, որ այդ հռչակագրերն «այդպես էլ մնացել են թղթի վրա»։

«Դրանք իրավաբանորեն պարտադիր դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվել են մեր արևմտյան գործընկերների կողմից։ Ես համոզած եմ, որ եթե հավասար, անբաժանելի անվտանգությունն իսկապես ընդուներ իրավաբանորեն պարտավորեցնող ձև, ապա շատ հակամարտություններ, որոնք հիմա պահպանվում են Եվրոպայում, վաղուց արդեն կարգավորված կլինեին»,-ասել է Լավրովը։

Նրա կարծիքով՝ դա վերաբերվում է նաև Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությանը։

«Իսկ ուկրաինական ճգնաժամն ընդհանրապես չէր լինի»,-եզրափակել է նա։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը