Քաղաքական

31.08.2017 09:13


Էդ․Նալբանդյան․ «Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրության աչքերին թոզ փչելու փորձերը» (տեսանյութ)

Էդ․Նալբանդյան․ «Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրության աչքերին թոզ փչելու փորձերը» (տեսանյութ)

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները լրագրողների հարցերին Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

-Պարո՛ն Նալբանդյան, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների՝ Լեռնային Ղարաբաղի հարցում համանախագահների առաջարկությունների հիման վրա, եթե Հայաստանը դրանք ընդունի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:

-Չեմ կարծում, որ որևէ նոր բան է ասվել: Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրության աչքերին թոզ փչելու փորձերը:
Ասում է, թե իբր պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների: Ի՞նչ է նշանակում սուբստանտիվ. այսինքն՝ առարկայական, բովանդակային։ Ուրեմն, ըստ Բաքվի, վերջին առնվազն տասը տարվա ընթացքում նախագահների մակարդակով քսան, արտգործնախարարների մակարդակով՝ չորս տասնյակից ավել, ինչպես նաև համանախագահների հետ կայացած բազմաթիվ հանդիպումները եղել են բովանդակությունից զո՞ւրկ կամ ոչ առարկայակա՞ն: Ըստ Ադրբեջանի՝ այդպե՞ս է ստացվում:

Առաջին, եթե Ադրբեջանն իսկապես ընդունում է եռանախագահող երկրների առաջարկները և պատրաստ է այդ առաջարկների հիման վրա գնալ կարգավորման, ապա պետք է հաստատի, նաև գործնականում ապացուցի, որ կողմ է գնալ հիմնախնդրի կարգավորմանն այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են եռանախագահող երկրների կողմից: Դուք գիտեք՝ որ սկզբունքների մասին է խոսքը. բազմիցս է ասվել։ Խոսքը երեք սկզբունքների մասին է` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն:

Դրա մասին եռանախագահները բազմիցս են ասել, ներառյալ` նախագահների մակարդակով արված հայտարարությունների միջոցով: Հայաստանը համամիտ է եռանախագահ երկրների հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա մերժում է այդ սկզբունքները, նույնիսկ հրաժարվում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնցում ընդամենը հղում է կատարվում կամ հիշատակվում են այդ երեք սկզբունքները:

Երկրորդ, եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է գնալ հիմնախնդրի կարգավորմանը եռանախագահների առաջարկությունների հիման վրա, ապա պետք է վերահաստատի ու գործնականում իրականացնի այն, ինչ նրանք առաջարկում են՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորում, և պետք է անվերապահ հարգի և իրականացնի 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը: Հայաստանը համամիտ է համանախագահ պետությունների հետ։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, այն մերժում է եռանախագահների կողմից արված կոչերը՝ վերահաստատելու այդ հանձնառությունները: Եվ իհարկե, Ադրբեջանը պետք է իրականացնի, այլ ոչ թե ընդդիմանա այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։

Երրորդ. Այս վերջին հայտարարության մեջ ևս մեկ անգամ ադրբեջանցիները հիշատակեցին Բաքվի կողմից այդքան սիրված Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք ընդունվել են 1993թ.: Պատահական չէ, որ եռանախագահող երկրներն իրենց հայտարարություններում հղում չեն կատարում այդ բանաձևերին: Ինչո՞ւ: Որովհետև այդ բանաձևերի հիմնական նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Հենց Ադրբեջանի պատճառով էր, որ այդ ռազմական գործողությունները չէին դադարում, քանզի Ադրբեջանը չէր հարգում այդ բանաձևերը և շարունակում էր ռազմական գործողությունները, որոնք հնարավոր եղավ դադարեցնել միայն 1994թ. մայիսին զինդադարի համաձայնագրի շնորհիվ։ Այն, ինչպես գիտեք, ստորագրվեց Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից։ Դա անժամկետ համաձայնագիր է։ Եռանախագահող երկրները բազմիցս կոչ են արել, որ այս համաձայնագիրը պետք է անվերապահորեն հարգվի և կատարվի:

Չորրորդ, եթե ադրբեջանական կողմն իսկապես պատրաստ է շարունակել բանակցային գործընթացի այն առաջարկությունների հիման վրա, որ եռանախագահող երկրներն են անում, ապա պետք է չփորձի հղում կատարել միայն այն տարրերի վրա, որոնք իրեն դուր են գալիս, այն էլ՝ աղավաղված ձևով:
Եռանախագահող երկրների նախագահների հինգ, այլ ոչ թե երեք հայտարարությունների մեջ նշված են այն սկզբունքները և տարրերը, որոնց հիման վրա պետք է հիմնախնդիրը կարգավորվի: Եռանախագահող երկրները բազմիցս նշել են, որ այդ սկզբունքներից և տարրերից որևէ մեկն առաջնայնություն չունի մյուսների նկատմամբ, և անընդունելի է խտրականությունն այս տարրերի կամ սկզբունքների նկատմամբ, որոնք մեկ ամբողջություն են կազմում։ Համանախագահներն ընդգծել են, որ մեկ սկզբունքին կամ մեկ տարրին առաջնայնություն տալն անհնար կդարձնի հիմնախնդրի կարգավորումը:

Հայաստանը համամիտ է համանախագահ երկրների հետ։ Մինչդեռ Ադրբեջանը հղում է կատարում միայն մեկ կամ երկու տարրերին՝ այն էլ, ինչպես ասացի, աղավաղելով դրանք:

Իհարկե, այս ամենը նորություն չէ: Ադրբեջանը փորձում է, ինչպես ասում են, դեմքի լավ արտահայտություն ձևացնել վատ խաղի ժամանակ: Բայց դա էլ իր մոտ չի ստացվում:

Հայաստանը շարունակելու է եռանախագահող երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եթե Բաքուն ցանկանում է միանալ այդ ջանքերին, ապա ես կեզրափակեի նրանով, ինչից սկսեցի. Ադրբեջանը պետք է վերահաստատի իր հավատարմությունը եռանախագահների կողմից առաջարկվող միջազգային իրավունքի երեք սկզբունքներին: Դրանք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը:

-Պարո՛ն Նալբանդյան, հարցս ուղղում եմ Ձեզ: Օրեր առաջ արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ Միացյալ Նահանգները ներկայացնող, վեց տարրեր հրապարակեց, որոնց հիման վրա ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել: Դրանից հետո Դուք հայտարարեցիք, որ դա նորություն չէ: Այնտեղ ասվում էր, որ օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Արդբեջանին: Ուզում եմ իմանալ՝ կոնկրետ ինչ տարածքների մասին է խոսքը, քանի՞ շրջաններ վերադարձնելու շուրջ էին ընթանում բանակցությունները, և արդյո՞ք հիմա հայկական կողմը պատրաստ է այդ հիմքով շարունակել բանակցությունները, եթե դրանք վերսկսեն իհարկե:

-Եթե Դուք ուշադիր նայեք մեկնաբանությանը Հոգլանդի հայտարարության վերաբերյալ, որի կապակցությամբ, իմիջիայլոց, լրագրողները արդեն երկու անգամ ինձ դիմել են, ես շատ մանրամասն եմ անդրադարձել դրան: Ասել եմ, որ, ընդհանուր առմամբ, Հոգլանդի ասածը նորություն չէ: Ինչո՞ւ ընդհանուր առմամբ, որովհետև պարոն Հոգլանդի կողմից իր պաշտոնը թողնելուց առաջ ասվածը, միգուցե, ոչ ամբողջովին է համապատասխանում եռանախագահող երկրների հայտարություններին: Եռանախագահ երկրների մոտեցումներն արտացոլված են այդ երկրների համանագահող դեսպանների, արտգործնախարարների, նախագահների կողմից արված հայտարարություններում: Դրանք է պետք դիտարկել որպես եռանախագահների դիրքորոշում:

Մենք՝ Հայաստանը, հայտարարել ենք, որ պատրաստ ենք շարունակել բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում պարունակվող առաջարկությունների հիման վրա, որոնք վերջին անգամ վերահաստատվել են դեկտեմբերին եռանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների կողմից:

Դրա վրա է պետք հիմնվել։ Իսկ Հոգլադնի հայտարարությանը ես մանրամասն անդրադարձել եմ։ Ավելացնելու նոր բան չկա:

Այս խորագրի վերջին նյութերը