Քաղաքական

23.12.2010 15:44


Քաղաքապետը հունվարին «դխկոցի» է սպասում

Քաղաքապետը հունվարին «դխկոցի» է սպասում

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստ, որը վարել է նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Նիստի ավարտին նա նշելէ, որ հունվարի 15-ի մոտակայքում հանդիպում է նախատեսում ավագանու անդամների հետ, քանի որ կան որոշակի տեսակետներ, որոնք ինքը ցանկանում է բարձրաձայնել։

-Կարծում եմ, որ մենք մեր քաղաքում որոշակի բաներ ռեալ պետք է փոխենք,-ասել է նա։

Անդրադառնալով տոնական օրերին՝ նա նշել է, որ իր կարծիքով Երևանը միակ քաղաք-մայրաքաղաքն է, որտեղ ամանորյա զբոսաշրջությունը զրոյական է, և որևէ զբոսաշրջիկ Երևան այցելելու ցանկություն չի ունենում, քանի որ մինչև հունվարի 4-5-ը Երևանի բոլոր հաստատությունները փակ են։

-Այդ մարդը մաքսիմում կարա գնա մեր բոլորիս տներով՝ հաց ուտի կամ հյուրանոցի ռեստորանից օգտվի։ Թբիլիսին մեր կողքն է, մեր քաղաքի կեսը Նոր տարուն այնտեղ է։ Համարում եմ ահավոր սխալ բան,-ասել է նա և հավելել,-պատկերացրեք՝ մեկն ու մեկը որոշի գնալ Բրյուսել Նոր տարուն և կարողանա միայն այդ հյուրանոցի ռեստորանից օգտվել։ Ինչո՞ւ է այդպես։ Ասում են՝ հանգստյան օր է։ Շաբաթ-կիրակին էլ է հանգստյան օր։ Պետք է մտածել։

Նա նշել է, որ կան որոշ ստանդարտներ, որոնց քաղաքը պետք է համապատասխանի՝ սկսած զբոսաշրջիկին տրամադրվող քարտեզից, վերջացրած զուգարանով։

Տրանսպորտի խնդիրներին անդրադառնալով՝ քաղաքապետն ասել է, թե դրանք պետք է կանխատեսել՝ նախօրոք կանխելու համար, և այդ կապակցությամբ հետևյալ օրինակն է բերել.

-Հմուտի և խելոքի տարբերությունը ո՞րն է. խելոքը կամայական վիճակում լուծում է տալիս, հմուտն ուղղակի այդ վիճակի մեջ չի ընկնում։

Ինչ վերաբերում է ներդրումային ոլորտին, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքը պետք է ներդրողի համար բարենպաստ դարձնել.

-Երբ մենք կարողանանք գալ այն վիճակին, որ քաղաքապետարան դիմողները և քաղաքապետարանի հետ դաշինք կնքողները կամ թույլտվություն ստացողներն իրենց բիզնեսի մեջ շահույթ են ունենալու, հաստատ կցանկանան քաղաքում փող ներդնել։ Այսօր, կարծում եմ, խնդիր ունենք պոտենցիալ ներդրողների (որոնց գալը մենք սպասում ենք հենց Նոր տարվա տոներից հետո) սեղանին դնել մի քանի նախագիծ։ Ի՞նչ ենք ուզում մենք քաղաքի համար։ Առնվազն՝ իմ, մեր սեղանին պետք է մի 20-30 նախագիծ լինի։ Ներդրողը գալիս է, ասում է՝ ես 50 մլն դոլար եմ ուզում ներդնեմ քաղաքում, ասում ենք՝ ի՞նչ անենք, դե գնա նայի, տես մի բան կգտնե՞ս, թե՞ ոչ։

Նա ընդգծել է, որ քաղաքը պետք է զարգացման ծրագիր ունենա։ Եվ չնայած գլխավոր ծրագիրը ձևակերպվել է 2005թ., հարց է առաջանում՝ շարունակել աշխատել այդ գլխավոր ծրագրի՞ վրա, թե՞ մշակել քաղաքի զարգացման ինչ-որ նոր հայեցակարգ։

Քաղաքապետարանի կառուցվածքի մեջ նա ռազմավարական զարգացման հեռանկար չի տեսնում։

Այս տեսանկյունից քաղաքապետն ասել է, թե շատ խնդիրներ կարող է նշել, հատկապես առողջապահության ոլորտում, կրթական համակարգում և այլն։

Նա մասնավորապես նշել է, որ շատ լավ տեղյակ է, թե դպրոցներում ինչ է կատարվում, և պետք է մտածել՝ ինչպես մեծացնել, օրինակ, մասնավոր դպրոցների միջև մրցակցությունն ու վերացնել կաշառակերությունը դպրոցներում։

-Մենք որևէ դպրոցի տնօրեն չունենք ազատված «профнепригодность»-ի համար, երբ այնտեղ հաստատ կան այդպիսիք, և ես հունվարին իրականում դխկոց եմ սպասում այդտեղ, բառացիորեն դխկոց և նման շատ բաներ,-ընդգծել է քաղաքապետը և նշել, թե ինքը շատ բաց է առաջարկների համար, քանի որ պետք է միջավայր ստեղծել, որտեղ գաղափար ծնվի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը