Քաղաքական

26.08.2017 09:58


ԱՄՆ դեսպան․ Մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում

ԱՄՆ դեսպան․ Մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում

«ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի նախօրեին հրապարակածը Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների կողմից վերահաստատված սկզբունքներն են, որոնք Հայաստանի կառավարությունը հիմք է ընդունել ղարաբաղյան բանակցությունների համար», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը:

«Այո՛, դեսպան Հոգլանդը երեկ խոսել է և վերահաստատել տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները, որ մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որպես ԱՄՆ կառավարություն ասել ենք՝ դրանք հիմք կհանդիսանային Լեռնային Ղարաբաղի հակամարտության որևէ կարգավորման համար: Երկու կետ կնշեմ դեսպան Հոգլանդի մեկնաբանությունների վերաբերյալ: Առաջին՝ սա տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքների մասին կրկին արված հայտարարություն է, որի մասին նշել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքը 2014-ին: Վեց սկզբունքները, որոնք նա հրապարակեց, արտահայտում են տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները, որոնք վերահաստատվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ Հայաստանի կառավարությունը նույնպես դրանք ընդունել է որպես հակամարտության կարգավորման բանակցությունների հիմք: Ես նաև կվերահաստատեի, որ սկզբունքները ամբողջական են», - շարունակեց Միլզը:

«Որոշ մեկնաբանությունների եմ հանդիպել սոցիալական ցանցերի հայաստանյան հատվածում, լրատվամիջոցներում՝ ի պատասխան դեսպան Հոգլանդի հայտատարության, որոնք առանձնացնում են որոշ սկզբունքներ: Ուղղակի կասեմ, որ բոլոր այդ սկզբունքները բանակցությունների առարկա են, մեկը մյուսից ավելի կարևոր չէ, որևէ նշան չկա, որ մեկը ավելի շուտ է կյանքի կոչվելու, քան մյուսը: Այդ բոլորը մի փաթեթի մաս են, և սխալ կլինի կենտրոնանալ մեկ սկզբունքի վրա, երբ դիտարկում եք կարգավորման համար անհրաժեշտ այս առանցքային սկզբունքները», - նշեց դեսպանը:

Միացյալ Նահանգների դեսպանից կայքը հետաքրքրվել է, թե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությունը ինչ անդրադարձ է ունեցել Հայաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա: Ռիչարդ Միլզի արձագանքը․

«Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները իր բոլոր հարևանների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ: Հայաստան գալուն պես իմ դիրքորոշումը հստակ է եղել՝ ԱՄՆ-ն Հայաստանի հետ իր հարաբերությունները երբեք չի դիտարկել որպես «զրո» արդյունքով մի խաղ, այսինքն՝ մեր հարաբերությունները պետք է ավելի ամուր, խորը լինեն, սակայն այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները պետք է վատանան: Դա երբեք չի եղել ԱՄՆ կառավարության նպատակը, և չեմ կարծում, որ դա Հայաստանի կառավարության նպատակն է: Բայց պետք է հստակ լինեմ՝ պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ: Կարծում եմ, լավ օրինակ ունենք Հայաստանի ունակության առումով՝ հավասարակշռելու իր շահերը և աշխատելու Միացյալ Նահանգների հետ: Դա Հայաստանի մասնակցությունն էր Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր» զորավարժություններին, որոնք այս օգոստոսի սկզբին էին: Հայաստանը պետք է հպարտ լինի, որ ՀԱՊԿ միակ անդամն էր, որ մասնակցեց այդ զորավարժություններին և շատ կարևոր ներդրում ունեցավ՝ ապահովելով բժշկական ծառայությունը, որը սպասարկում էր մասնակից բոլոր երկրներին: Դա օգնեց Հայաստանի զինված ուժերին, այդ զորավարժություններին ու Եվրոպայում անվտանգության ապահովմանը»:

Մանրամասները՝ «Ազատություն»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը