Քաղաքական

24.08.2017 14:34


Հոգլանդի հայտարարության մեջ հայկական կողմի համար որևէ վտանգավոր բան չկա․ ԱԳ նախարար

Հոգլանդի հայտարարության մեջ հայկական կողմի համար որևէ վտանգավոր բան չկա․ ԱԳ նախարար

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վստահեցնում է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ նախօրեին արած հայտարարության մեջ հայկական կողմի համար որևէ վտանգավոր բան չկա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` արտգործնախարարն այսօր ընդգծել է, որ ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել:

«Նայեք նախորդ բոլոր հայտարարությունները, կտեսնեք նույնը»,-ասել է Նալբանդյանը:

Անդրադառնալով հրապարակված դրույթների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը` արտգործնախարարը նշել է.

«Մենք մեր վերաբերմունքը հայտնել ենք, երբ համապատասխան հայտարարություն է արվել. նայեք հինգ հայտարարությունները՝ եռանախագահող երկրների նախագահների մակարդակով, Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ: Այլ հարց է, որ Ադրբեջանն է խուսափում ինչ-որ ձևով իր դիրքորոշումը հայտնելուց և ոչ միայն խուսափում է, այլ ձևացնում է, որ ոչ մի այդպիսի առաջարկներ, սկզբունքներ, գոյություն չունեն»:

Հարցին` ի՞նչ միտում ունի համանախագահի այդ հրապարակումը, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է՝ ավարտվում է ամերիկացի համանախագահի մանդատի ժամկետը, և գնալուց առաջ նա «ուղղակի հարցազրույց է տվել ու նորից ինչ-որ հարցերի շուրջ խոսել է»:

Այս խորագրի վերջին նյութերը