Կարծիք

21.08.2017 08:47


Դրամապանակը գտնողի համար երկու հազար դրամը, ուրեմն, այնքա՜ն մեծ գումար է

Դրամապանակը գտնողի համար երկու հազար դրամը, ուրեմն, այնքա՜ն մեծ գումար է

1970-ականներին հայրս փողոցում ընկած փող է տեսնում, վերցում է, հաշվում՝ 500 ռուբլի:
Գումարն անմիջապես տանում է այդ հատվածում գտնվող ոստիկանության բաժին ու ասում՝ ինչ-որ մեկն իր փողերը կորցրել է, գտեք այդ մարդուն, թող իր գումարը վերցնի: Ինչևէ, սպասում է, որ գտնեն: Մինչ ոստիկանները ինչ-որ բան կձեռնարկեին, փողը կորցրած մարդն ինքն է հայտնվում այդ կողմերում ու փողոցում հարցուփորձ է անում, թե՝ էսպես ու էսպես, փողս եմ կորցրել, կարո՞ղ է տեսած լինեք...
Մի խոսքով, հայրս գումարը տալիս է մարդուն:
Հաջորդ օրը «Սովետական Հայաստան» թերթում կարդում ենք հորս մասին, թե նա որքան ազնիվ ու պարկեշտ քաղաքացի է...
Մեկ ամիս առաջ աղջիկս ավտոբուսում դրամապանակը կորցրեց, որում անձնագիրն էր ու երկու հազար դրամ:
Դե, վազեցի այդ ավտոբուսի դիսպետչերանոց ու դիսպետչերին խնդրեցի, որ իրենց վարորդներին հարցուփորձ անի, հնարավոր է՝ ուղևորներից մեկը գտած լինի ու վարորդին փոխանցած լինի:
Նորից անձնագիր ստանալը հոգեմաշ գործ է, երկու հազար դրամը՝ ջհանդամը, գոնե անձնագիրը գտնենք:

Այդպես էլ չգտնվեց...
Մտածում եմ՝ դրամապանակը գտնողի համար երկու հազար դրամը, ուրեմն, այնքա՜ն մեծ գումար էր, որ չի ցանկացել վարորդին ասել իր գտած «գանձի» մասին:
Էս ի՜նչ հալի ենք, ա՛յ մարդ...

Այս խորագրի վերջին նյութերը