Կարծիք

23.12.2010 13:14


Փնտրվում են տաս չվախեցող

Փնտրվում են տաս չվախեցող

Երևանի քաղաքապետի արկածներով սկսված վերջին դեպքերը նոր հույսեր արթնացրին ավազակապետության ինքնակործանմանը հավատացողների մեջ: Էդ հույսերը, եթե կարճ ձևակերպենք, հանգում են նրան, թե ավազակներն իրար կուտեն ու կվերջանան: Որ ավազակներն իրար ուտում են, դա ակնհայտ փաստ ա: Բայց հասկանալի չի, թե իրար կրծելու էդ գործընթացի արդյունքում ինչո՞ւ պետք ա ավազակները վերանան: Ավելի տրամաբանական չէ՞ր լինի ակնկալելը, որ թույլերը կուտվեն, իսկ ուժեղները կմնան և ավելի կուժեղանան: Արդյունքում, ավազակապետությունն էլ իրանց հետ կուժեղանա:

Էս տրամաբանությունը չեն հասկանում մենակ նրանք, ովքեր ամեն գնով կառչած են հին հույսին: Ու Հայաստանում ստեղծված վիճակը վտանգավոր ա հենց նրանով, որ մարդկանց մի մասը կորցրել ա փոփոխությունների հույսը, իսկ մյուս մասը, որ դեռ հավատում ա դրանց, հավատում ա էն տեսակ միամիտ մի հավատով, որ էդ միամտությունը մյուսների անհավատության համար իրականում փաստարկ ա դառնում:

Ուրեմն ո՞րն ա ելքը: Եվ կա՞ ընդհանրապես ելք, թե էդ երկու տարբերակներն են մնացել' անհավատությունն ու միամտությունը:

Եթե ելք ասելով հասկանանք էն տարբերակը, երբ որ մեկը քեզանից առաջ փորել ա դեպի լույս աշխարհ տանող թունելը, իսկ դու ընդամենը թփերը հետ տալով գտնում ես իրա փորածը և սլանում առաջ, ուրեմն պետք ա ասենք, որ էդ տեսակ նախափորված ելք մեր համար չկա: Խնդիրն էլ հենց էն ա, որ Հայաստանը էս վիճակից հանող ելքը փորված չի, նոր ա պետք փորել, այնինչ իրանց քաղաքական գործիչ համարողները սահմանափակվում են մի քանի ծանոթ թուփ էսկողմ էնկողմ տանելով, ու երբ որ իրանց փնտրած ծակը չեն գտնում, եզրակացնում են, թե ելք չկա ու անցնում են հայտարարված կամ չհայտարարված թոշակի:

Իսկ ելքը, արդեն ասեցի, սեփական ձեռքերով թունել փորելն ա: Մարդիկ, որոնք հասկանում են սա, պետք ա հավաքվեն ու կատարեն էդ գործողությունը:

Պարզ ա, չէ՞: Իսկապես շատ պարզ ա: Բայց նաև դժվար ա շատ: Ու ամենադժվարը, պատկերացրեք, փորելը չի, այլ դրան նախորդող գործողությունը: Ամենադժվարը էն ա, որ ելք փորելու ընդունակ մարդիկ գտնեն իրար ու միանան: Ամենադժվարը էս ա, որովհետև սրա համար կպահանջվի ջարդել  Հայաստանում էսօր գործող  քաղաքական ավանդույթը:  Թվում էր, ի՞նչ մի բարդ  բան ա քաղաքական ավանդույթ ջարդելը, մանավանդ եթե բոլորն են տեսնում, որ էդ ավանդույթը փտել ա: Բայց ամբողջ խնդիրն էն ա, որ անգամ փտած վիճակում, էդ ավանդույթը մեր շատ քաղաքական գործիչների միակ քաղաքական կապիտալն ա: Իսկ կապիտալը, ինքներդ եք հասկանում, ոչ ոք հեշտ ու ինքնակամ չի զիջի:

Իսկ ո՞րն ա Հայաստանում գործող քաղաքական ավանդույթը, կհարցնեք դուք: Պահպանողականությունը: Համատարած ու բազմադեմ: Էնքան բազմադեմ, որ հայոց պահպանողականության բազմաթիվ դեմքերը կարծեցյալ կռվի մեջ են մեկը մյուսի դեմ, դրանով ստեղծում են քաղաքական պայքարի պատրանք ու ծածկում ամբողջ քաղաքական դաշտը: Հետաքրքիրը նաև էն ա, որ հայ պահպանողականները իրանք իրանց ինչ անուն ասես տալիս են' ազատականից մինչև ազգայնական, բայց պահպանողական բառից սովորաբար խուսափում են:

Իզուր չասեցի ազատականից մինչև ազգայնական, սրանք հայոց քաղաքական դաշտի կարծեցյալ երկու բևեռներն են: Եղել ա ժամանակ, նույնիսկ ինքս եմ հավատացել, թե դրանք Հայաստանում իսկապես բևեռներ են, իսկապես հակադիր են: Բայց անցած երեք տարվա փորձառությունը ցույց տվեց, որ ազատականի և ազգայնականի հակադրությունը մեզանում վաղուց վերածվել ա դատարկ խոսակցության: Եվ էդ դատարկ խոսակցությունը թույլ չի տալիս նկատել, որ հայոց քաղաքական դաշտը հիվանդագին ձևով միաբևեռ ա, որ բացակայում ա հենց էն բևեռը, որի կարիքը ամենասուրն ա զգացվում: Հեղափոխական բևեռը:

Ինձ միշտ հետաքրքրել ա, թե ինչու են Հայաստանում էդքան վախենում հեղափոխություն բառից: Պատճառը մեկը չի իհարկե, մի քանիսն են: Քիչ դեր չի խաղում ռուսական հեղափոխության հիշողությունը, որի պատճառով հեղափոխություն ասելով շատերը հասկանում են բռնություն ու արյուն: Հավանաբար շատ ավելի մեծ դեր ա խաղում Հայ հեղափոխական դաշնակցության գործոնը: Իզուր չի, որ էս կուսակցության անվան մեջ կա հեղափոխություն բառը. էն, ինչը փորձում էր անել Դաշնակցությունը Արևմտահայաստանում, ժամանակին ընկալվում էր որպես հայկական հեղափոխություն: Ու հենց սկզբից էլ Դաշնակցության գործունեությունը քննադատվում էր հայ պահպանողականների կողմից որպես վտանգավոր արկածախնդրություն: Մենք բոլորս գիտենք, թե հետո ինչ եղավ: Եղավ սարսափելի աղետ, ու էդ աղետը' 1915 թիվը, կապվեց Դաշնակցության գործունեության հետ: Արդյունքում  հայոց պահպանողականները որպես թե ճիշտ դուրս եկան, ու հայոց քաղաքական մտքի մեջ քարկապվեց հեղափոխությունից վախենալու, հեղափոխությունը արկածախնդրություն համարելու չարագուշակ քարկապը:

Պահպանողական գործիչը անսխալ հենց դրանով ա ճանաչվում' հեղափոխությունը որպես բացասական երեւույթ դիտարկելով: Ու հենց էս հարցում ա, որ Հայաստանում ստեղծվել ա տարօրինակ կոնսենսուս: «Մենք պետք է բացառենք հեղափոխական ցնցումները, որ ոչ մի երկրի բարօրություն չեն բերել երբեք».  էս մի հատված ա ՀՀԿ 20-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթից: Երևի զարմանալի բան չկա, չէ՞, նրանում, որ Սերժը չի սիրում հեղափոխություն և ցնցումներ: Բայց ահա մեկ ուրիշ մեջբերում. « Ապստամ­բության կամ հեղափոխության հնամաշ գաղա­փարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանը իրավական, ժողովրդա­վարական պետություն դառնալու հեռանկար չի կարող ունենալ։ Պատմությանը գրեթե հայտնի չէ որևէ հեղափոխություն, որի արդյունքում ժողովրդավարություն ծնվի»։ Հետաքրքիր պնդում ա, չէ՞: Ինձ, օրինակ, շատ լավ հայտնի ա նման հեղափոխություն. ամերիկյան դեմոկրատիան ծնվել ա ամերիկյան հեղափոխության անմիջական արդյունքում: Հա, մոռացա ասել, որ վերևի մտքի հեղինակը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ա' Հայաստանի առաջին նախագահը, որին համակիրները սիրում են նաև կոչել Հայաստանի ներկա Հանրապետության հիմնադիր նախագահ:

Հեղափոխությունը, երևի կարիք կա մեկ անգամ էլ բացատրելու,  ոչ արյունն ա, ոչ էլ բռնությունը, հեղափոխությունը շրջադարձ կատարելն ա: Հեղափոխությունն էն ա, երբ որ երկիրն իրան թափ ա տալիս ու շրջվում ա: Հեղափոխության մեջ պարտադիրը հենց մենակ էդ ա' շրջադարձ կատարելը, իսկ դրա կատարման ձևերը տարբեր են լինում' զինվածից մինչև թավշյա:

Որ Հայաստանը դեմ ա առել պատի ու առանց շրջադարձ կատարելու փակուղուց դուրս չի գա' էսօր հասկանում են բոլոր նրանք, ովքեր գոնե ինչ-որ բան հասկանալու կարողություն ունեն: Իրանց հայոց աշխարհի ընդդիմադիր գործիչ հռչակած այրերն էլ են սա հասկանում, բայց շարունակում են վախենալ հեղափոխությունից: Ու վախենալով հեղափոխությունից,  գերադասում են թղթե-ազատական սրեր ճոճել թղթե ազգայնականության դեմ: Վերջին օրինակը ցեղակրոնության և ռասիզմի նույնական լինելու կամ չլինելու մասին «բանավեճն» էր, որի ընթացքում Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին անվանեց, ոչ ավել ոչ պակաս, «արդի նժդեհականության հայր»:  Պարզվում ա, Բաղրամյան 26-ում գաղափարական մարդ ա նստած, իսկ մենք չենք իմացել, սխալմամբ կարծել ենք, թե Սերժը թքած ունի բոլոր տեսակի գաղափարախոսությունների վրա: Պարզվում ա' մեզ թվացել ա, էդ Սերժը չէր, որ Տեր-Պետրոսյանից «պարտքով վերցրեց»  թուրքերի հետ հաշտվելու կոնցեպցիան ու փորձեց իրագործել: Հաստատ մեզ թվացել ա, թե չէ նժդեհականը ո՞նց նման բան կաներ, ո՞նց կարող էր «ազատականության հորից» կոնցեպցիա փոխ առնել ....

Մինչև ե՞րբ ա շարունակվելու «հայոց ազատականներն ընդդեմ հայոց ազգայնականների» էս թատրոնը, որում հայոց ազգայնականը, ոնց որ դիտմամբ, ներկայանում ա դեբիլի կերպարանքով, իսկ հայոց ազատականն էլ ինքնահաստատվում ա էդ դեբիլության ֆոնին:  Վաղուց արդեն բոլորին ձանձրացրել ա էս թատրոնը, բայց ներկայացումը, մեկ ա, դուրս չի բերվում խաղացանկից: Որովհետև եթե նավթալին բուրող էս ներկայացումը դուրս բերվեր խաղացանկից, բոլորի համար պարզ էր դառնալու, որ Հայաստանի քաղաքական դաշտը հիվանդագին թեքված ա մի կողմի, որ էդ դաշտում  իշխում ա պահպանողականության մոնոպոլիան,  ու «հայ ազատական»  կոչվածն իրականում ամենամեծ պահպանողականն ա :

 Հնարավո՞ր ա սարքել ուրիշ, սրանից լրիվ տարբեր մի Հայաստան, որտեղից մարդիկ ոչ թե կհեռանան, այլ դեպի որը կգան' աշխարհի բոլոր ծայրերից: Տվեք էս հարցը Սերժ Սարգսյանին: Ոչ, կասի Սերժը, եթե անկեղծ լինի: Եվ իսկապես, ո՞նց կարող ա Սերժը պատկերացնի ուրիշ, էսօրվա Հայաստանից արմատապես տարբեր մի Հայաստան: Էն, ինչը էսօր կա, արդյունքն ա մարդկային էն հարաբերությունների, էն մտածողության, էն պատկերացումների, որոնք Սերժին շատ լավ ծանոթ են ու հարազատ: Իսկ էն մյուս' ուրիշ Հայաստանը ինչի՞ վրա պետք ա հենվի: Էն, ինչի վրա էդ ուրիշ Հայաստանը պետք ա հենվի, Սերժին ծանոթ չի, հասկանալի չի: Դրա համար էլ ինքը շատ անկեղծ կասի. ոչ, ուրիշ Հայաստան հնարավոր չի:

Հնարավո՞ր ա լրիվ ուրիշ Հայաստան' հենց մեր կյանքի օրոք, հնարավո՞ր ա սարքել մի Հայաստան, որտեղից մարդիկ ոչ թե կհեռանան, այլ դեպի որը կգան' աշխարհի բոլոր ծայրերից: Տվեք էս հարցը Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինքը անկեղծ կլինի ու կասի' ոչ: Ու էս ոչը, համաձայնեք, առաջինից բավականին տարբեր, տարօրինակ ոչ ա: Էնքան տարօրինակ, որ եթե էդ ոչը հստակ ձևակերպված չլիներ Տեր-Պետրոսյանի վերջին ելույթներում, ես ոչ մի դեպքում նման պատասխանի հնարավորությանը չէի հավատա: Բայց քանի որ էդ ոչը հստակ ձևակերպված ա, մնում ա վերլուծել ու հասկանալ նման տարօրինակ մտածողության պատճառները: Ո՞նց ա լինում, որ մարդը նայում ա իրա առաջ ծովացած հայաստանցիների աչքերի մեջ, էդ աչքերի մեջ պարզ տեսնում ա ուրիշ Հայաստան սարքելու ցանկությունը, հետո ասում ա' չէ, չի լինի, քանի դեռ արտաքին պայմանները բարենպաստ չեն, քանի դեռ հայ-ադրբեջանա-թուրքական հարաբերությունները չենք կարգավորել, ուրիշ Հայաստան չենք կարողանա սարքել, դրա համար անբավարար ա մեր ռեսուրսը: Հնարավո՞ր բան ա սա: Հնարավո՞ր բան ա' նայես հայաստանցու բոցավառ աչքերի մեջ ու չհասկանաս, որ հենց փոփոխություն կատարելու մարդկանց ցանկությունն ա ամենամեծ ռեսուրսը: Չէ, հնարավոր չի: Անհնար ա: Ուրեմն խնդիրը չհասկանալը չի, այլ չուզենալը: Որովհետև եթե մարդկային էդ ռեսուրսը դնես գործողության մեջ, Հայաստանում կլինի շրջադարձ ու կլինեն ցնցումներ: Իսկ պահպանողականի համար ցնցումները տաբու են:

Մենք բոլորս էլ գիտենք, որ մեր պատմությունը լավ պատմություն չի, տխուր պատմություն ա: Ու էդ տխուր պատմությունը ծնունդ ա տվել հիվանդագին վախերի: Էսօր շատ քաղաքական գործիչների շուրթերից կլսես էն միտքը, թե վախը մեր հասարակության մեջ ա, թե մարդիկ վատի հանդեպ հանդուրժող են, չեն բողոքում, չեն պայքարում իրանց իրավունքների համար: Բայց եթե նայենք վերջին 20 տարվա դեպքերին, պարզ կտեսնենք, որ մեր հասարակության մեջ վախ չկա, որ մեր հասարակությունը հենց քիչ թե շատ ռեալ շանս տեսավ, ոտքի կանգնում ու բողոքում ա, բողոքում պայքարում, հետո ամենաորոշիչ պահին դեմ ա առնում հայոց քաղաքական առաջնորդների վախին:

Եթե ես հավատայի վախ չափելուն, կասեի' էկեք հայոց քաղաքական գործիչների վախը չափենք:  Բայց ես չեմ հավատում վախ չափելուն: Ավելի լավ ա, դրա վրա իզուր ժամանակ ծախսելու փոխարեն, ամբողջ հայոց քաղաքական դաշտը կրակ տանք ու վառենք: Որ ոչ մեկը իզուր հույսով էդ կողմը էլ չնայի, ու բոլորը հասկանան, որ էսկողմ էնկողմ նայելու ժամանակը վաղուց ավարտվել ա: Ու էդ ժամանակ հաստատ կգտնվեն էն տաս մարդը, որ կհավաքվեն ու կսկսեն ելքի թունել փորել: Սկզբի համար տաս մարդն էլ հերիք են: Մենակ պահպանողական չլինեն:

Մարինե Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը