Աշխարհ

17.08.2017 20:55


Դիարբեքիրի եկեղեցիները դեռ փակ են այցելությունների և ծիսակատարությունների համար

Դիարբեքիրի եկեղեցիները դեռ փակ են այցելությունների և ծիսակատարությունների համար

Դիարբեքիրի Սուր շրջանում գտնվող քրիստոնեական տարբեր ուղղություններին պատկանող եկեղեցիները փակ են այցելությունների և ծիսակատարությունների համար: Այս մասին հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը՝ հիշեցնելով, որ 2015 թվականին քրդերի և պետության միջև սկսված բախումների հետևանքով մեծ վնաս էին կրել նաև կրոնական նշանակություն ունեցող շենքերը:

Բախումների և ավերածություններից հետո 2016 թվականի մարտի 25-ին կառավարությունը Սուրի մեծ մասը պետության օգտին օտարելու որոշում էր կայացրել: Օտարման է ներկայացված եղել նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որի հիմնադրամը կառավարության որոշումը բողոքարկող հայց էր ներկայացրել Վերաքննիչ դատարան: Դատարանը կառավարության որոշումը դադարեցնելու վճիռ էր կայացրել, սակայն դատական գործընթացը դեռ շարունակվում է:

Նշվում է, որ Սուրբ Կիրակոսն արդեն 3 տարի է՝ փակ է և այնտեղ արարողություններ չեն կատարվում, իսկ տեղի հայ բնակչությունը կրոնական ծեսերի համար այլ եկեղեցի չունի:

Տարածքը, որտեղ գտնվում է եկեղեցին, գրեթե ամբողջությամբ փակ է: Եկեղեցու հիմնադրամի ղեկավարները մի քանի ամիս առաջ հատուկ թուլտվությամբ էին միայն կարողացել եկեղեցի այցելել: Սուրբ Կիրակոսի հիմնական շենքի պատերից բացի մնացած շինությունները վնասված են, ապակիները՝ կոտրված:

Հիմնադրամի ղեկավարությունը բացի ներկայացրած բողոքարկումից կապ է պահպանում պետական կառույցների հետ: Նրանց խոստացել են, որ պետությունը կփոխհատուցի վնասը: Բացի Սուրբ Կիրակոսից իշխանությունները խոստացել են վերականգնել հայկական կաթոլիկ Սուրբ Սարգիս եկեղեցին, որն ամենաշատն էր վնաս կրել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը