Մեկնաբանություն

16.08.2017 18:10


Համբոյի ջրաղացը (անտիուտոպիա)

Համբոյի ջրաղացը (անտիուտոպիա)

Տեղանք գյուղում Համբոյի ջրաղացը չէր աշխատում: Փչացել էր: Մարդիկ չէին հասկանում թե ինչից է: Կա՛մ ջուր չկար, կա՛մ քարն էր «լռվել», կամ էլ՝ հացահատիկներն էին համը հանել: Մի խոսքով, օրեր շարունակ չէր աղում ջրաղացը, ինչը գյուղին սպառնում էր սովամահությամբ:

Գյուղի քյոխվեն տեղում չէր, որ լուծումներ գտներ: Գնացել էր Վատեմ-Վատեմ անունը կրող գյուղում թթու ջուր ընդունելու և ձեռքի հետ էլ Դոստոևսկու ծանր ու թանկ ճանապարհով անցնելու, ասել է թե՝ դասականներից հետ չմնալու:

Տեղանքում մնացել էին չորս պառավ ու երեք կիսաջահել հարս: Մեկ էլ՝ մի արական սեռի անհայտ տարիքի ներկայացուցիչ, որը, սակայն, որևէ կերպ չէր կարող սպառնալ խոպաններում ամուսիններին կորցրած երեք կիսաջահել հարսների սեռական անվտանգությանը (դժվար է ասել՝ դա լա՞վ էր, թե՞ վատ գյուղում մնացածների համար): Ահա այս ութ հոգին էլ փորձում էին 5-6 օր լուծում գտնել ու ջրաղացը «խոդի» տալ, սակայն ավա՜ղ...

Փորձեցին կողքի գյուղից մարդ կանչել, որպեսզի ջրաղացը խելքի բերեն, բայց չստացվեց, քանի որ քյոխվեն ասել էր, որ մինչև իր գալը որևէ բանի ձեռք չտան:

Ամենաուշագրավն այն էր, որ գյուղի շները գիշեր ու ցերեկ հետևում էին, որ քյոխվի բացակայությամբ հանկարծ ուրիշ մարդ չմոտենա չաշխատող ջրաղացին:

Եվ ահա քյոխվեն ջրաղացի չաշխատելուն հաջորդած 7-րդ օրը շտապ վերադարձավ և քյոխվապետարանի շտապ գյալաջի նախաձեռնեց: Քյոխվի սեղանին դրել էին ջրաղացի գծագիրն ու մանրամասն վերլուծում էին չաշխատելու պատճառները:

Բոլորը գոհ էին, քանզի նման վեհ ու անձնուրաց վարքագիծ միայն քյոխվեն կարող էր ցուցաբերել (թթու ջրերը դեռ ամբողջությամբ չէին ներծծվել քյոխվի մարմնի մեջ, և բացի այդ՝ Դոստոևսկու արածի չափ քյոխվեն չէր հասցրել անել, ինչը որոշակիորեն տնտեսել էր Տեղանքի բյուջեն): Վատեմ-Վատեմ գյուղը թողնել ու գալ Տեղանք. բոլորը չէ, որ պատրաստ են այսպիսի քայլի:

Ու արդեն կարևոր չէ, թե աշխատե՞ց արդյոք քյոխվի գալուց հետո Համբոյի ջրաղացը, թե՞ ոչ: Կարևորը, որ գյուղի կնանիք տեսան, որ քյոխվեն հասավ: Իսկ նման դեպքերում չաշխատող ջրաղացն ու սովը մղվում են երկրորդ պլան: Կարևորը գաղափարն է, ըստ որի՝ գյուղն անտեր չէ, գյուղն ունի իր քյոխվեն ու այդ քյոխվեն որտեղ էլ որ լինի՝ աղետի դեպքում ամենաուշը մի շաբաթից կհասնի:

Բարի հեքիաթների բաժին

Այս խորագրի վերջին նյութերը