Մեկնաբանություն

25.01.2010 18:44


Տիգրան Սարգսյան՝ մարդը, վարչապետը, բլոգերը և «Հայկական աշխարհի» միակ մոհիկանը

Տիգրան Սարգսյան՝ մարդը, վարչապետը, բլոգերը  և «Հայկական աշխարհի» միակ մոհիկանը

Հայտնի խոսք կա. «Սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրության  մասին բարձրաձայն խոսելն է»։ Մի փոքր վերափոխելով այդ միտքը՝ կարելի է ասել, որ  եթե պաշտոնյաների մոտ համատարած ձախողում է, ինչպես ՀՀ վարչապետի դեպքում, ապա նա կամ վիրտուալ «Հայկական աշխարհ» պետք է կառուցի կամ բլոգեր դառնա, որպեսզի գյալաջի անի  և ձևական  PR-ով փորձի քողարկել իր ձախողումները։

 Բլոգ բացելու մեջ վատ բան, իհարկե,  չկա, բայց  եթե քո տնտեսության տարեկան անկումը նույնիսկ պաշտոնական տվյալներով կազմում է 14,4 տոկոս, ապա բլոգ բացելը ուշադրություն շեղելու և էժանագին քարոզչության տպավորություն է թողնում։

Ինչպես հայտնի է, ՀՀ-ում արձանագրված տնտեսական անկումը ԱՊՀ տարածքում  վատագույնն է, բայց  որ մեր «վունդերկինդներին» լսենք՝  իրենք պրոֆեսիոնալ են, ֆլան, ֆստան։ Եթե Տիգրան Սարգսյանի պրոֆեսիոնալիզմի հետևանքը տնտեսության երկնիշ անկումն է և դրսից բերված մոտ 1,5 միլիարդ դոլարանաց վարկային միջոցները փոշիացնելը՝ դրանք յուրային կազմակերպություններին  բաշխելու ձևով, ապա  նման «պրոֆեսիոնալները» լավ կանեն ոչինչ չանեն, քան ամեն  ինչին դիպչեն ու վնաս տան։

Փոքր ու միջին բիզնեսին վարկավորելու անվան տակ գումարները, կարելի է ասել, հօդս ցնդեցին, քանի որ նրանց ում պետք էր վարկը՝ չէին վերցնում, քանի որ վարկի գինը բարձր էր, իսկ մնացած միջոցների օգտագործման մեխանիզմների մասին մնում է միայն կռահել։

Հիշում եք երևի, թե ի՞նչ հեքիաթներ էր պատմում Տիգրան Սարգսյանը, երբ նոր էր ԿԲ ոսկիները ծախող, դոլար-դրամ խաղերը կազմակերպող նախագահի աթոռը փոխել վարչապետական պաշտոնի հետ։ Սրանք «Նյու Վասյուկի» էին  սարքել Հայաստանը։ Խոստանում էին Դիլիջանը դարձնել միջազգային ֆինանսական կենտրոն,  Ջերմուկը՝ առողջարանային, Գյումրին՝ տեխնոքաղաք և այլն։ Այդ ամենը դատարկ խոսակցություններ էին՝  նման դրանց  արտահայտողների մտավոր կարողություններին։

Ու փոխարեն հեռանան, կամ գոնե ծպտուն չհանեն՝ բլոգ են բացում  և  ինտերնետային թամաշա սարքում։

Եթե վարչապետն իր բլոգի աշխատանքներն անձամբ է կառավարում, ապա հարց է առաջանում, թե ե՞րբ է հասցնելու իր բուն գործով զբաղվել։ Իսկ  եթե բլոգի մեջ իր անունից են պատասխաններ գրվում մեկնաբանություններին, ապա դա անիմաստ  PR քայլ է, որը վաղ թե ուշ կպայթի։ Ամեն դեպքում բլոգեր վարչապետը  հերթական «փուչիկ» նախագիծն է իրականացնում, ինչպիսին որ մենք ունեցանք «միջազգային կենտրոնների» պարագայում։

Երբ ծանոթներիցս մեկի հետ խոսում էի վարչապետի բլոգի թեմայով և տարակուսանք հայտնում, թե ինչպե՞ս է նա հասցնելու իր հիմնական աշխատանքով զբաղվել՝ ծանոթս ասաց, թե ավելի լավ, որ միայն բլոգով է զբաղվելու. հա՛մ տնտեսությանը լավ կլինի, հա՛մ ժողովրդին։ Չեմ կարող չհամաձայնել ծանոթիս հետ։

Մի բան էլ ավելացնեմ. եթե վարչապետի գործը Սերժ Սարգսյանի հլու կամակատար լինելն է, դրսից վարկ բերելն ու դրանք փոշիացնելը, ապա «Պոլի փետին» էլ կարելի է վարչապետ նշանակել։ Չէ՞ որ «Պոլի փետն» էլ կարող է շարժվել այնպես, ինչպես կկամենա Սերժ Սարգսյանը, իսկ տնտեսության վիճակի կարգավորումը կարելի է թողնել դրսի վարկային ողորմածությանը, ինչը «Պոլի փետը» շատ «հանգիստ» կիրականացնի։ Տվյալ դեպքում «Պոլի փետը» միգուցե ավելի լավ դեր խաղա տնտեսության համար, քան Տ. Սարգսյանը, քանի որ ոչինչ չանելով «Պոլի փետը» ավելի քիչ կվնասի ՀՀ-ին, քան «Հայկական աշխարհի» ճարտարապետը։ Համ էլ «Պոլի փետը», հասկանալի պատճառներով, ֆինանսական մեքենայությունների չի կարող գնալ, իսկ Տիգրան Սարգսյանը՝ կարող է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը