Աշխարհ

16.08.2017 00:20


Կապիկների կոտորածը Օսմանյան կայսրությունում

Կապիկների կոտորածը Օսմանյան կայսրությունում

Օսմանյան կայսրության Մուրադ 3-րդ սուլթանի (1574-1895թթ.) օրոք երկրում կապիկների կոտորած է տեղի ունեցել: Պատմական այս իրադարձությանը անդրադարձել է թուրքական «haberler.com» լրատվակայքը:

Այդ տարիօրինակ սպանդի հեղինակն ու մեղավորը սուլթանի կողմից սիրված և բարձր պաշտոնի նշանակված մոլա Աբդուլ Քերիմն էր: Վերջինս տանել չէր կարողանում կապիկներին, իսկ կապիկներն այդ ժամանակաշրջանում Ստամբուլում լայն տարածում էին գտել: Դեպի Հյուսիսային Աֆրիկա կատարված արշավների ժամանակ մեծ թվով կապիկներ էին բերվել Ստամբուլ, քաղաքում կապիկների բազմաթիվ խանութներ էին բացվել ու հատկապես ունևորները տանը պահում էին այդ կենդանիներին:

Մի օր կրոնական քարոզի ժամանակ մոլան հայտարարում է, թե կանայք քաղաքում տարածված կապիկներին օգտագործում են «պիղծ գործերի համար»: Քարոզից հետո բարկությամբ լցված բազմությունը մոլայի հետ դուրս է գալիս փողոցներ ու սկսում ոչնչացնել հանդիպած կապիկներին:


Պատմաբանների վկայությամբ՝ Ստամբուլում չէր մնացել որևէ ծառի ճյուղ, որից կապիկ կախված չլիներ. մոլան անձամբ իր ձեռքերով էր այդ կենդանիներին կախաղան բարձրացնում:

Կապիկների այս կոտորածին ականատես ժողովուրդը մոլա Աբդուլ Քերիմին կնքում է մայմունքեշ անունով, իսկ նրա մահվան առթիվ մի շարք կենդանասերներ տոն են կազմակերպում:

Մոլա Աբդուլ Քերիմը հայտնի էր նաև ոչ մուսուլմանների (gayrimuslim) նկատմամբ թշնամական վերաբերմունքով: Նա պարտադրում էր ոչ մուսուլմաններին կրել կարմիր և սև հագուստ, ինչն այն ժամանակ ստորացուցիչ էր համարվում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը