Աշխարհ

14.08.2017 16:16


Աղմաշենեբելիի պողոտայում 16 սրճարան է փակվել՝ ի նշան բողոքի

Աղմաշենեբելիի պողոտայում 16  սրճարան է փակվել՝ ի նշան բողոքի

Թբիլիսիի պատմական հատվածում՝ նորացված Աղմաշենեբելի (շինարար) պողոտայում, միանգամից 16 սրճարանների սեփականատերեր որոշում են կայացրել ժամանակավոր փակել իրենց օբյեկտները՝ ի նշան Թբիլիսիի քաղաքապետարանի գործողությունների:

Գործարարները, որոնից 14-ը օտարերկրյա քաղաքացիներ են, վրդովված են մայրաքաղաքի իշխանությունների հնչեցրած պահանջներից: Հարցն այն է, որ սրճարանների սեփականատերերը պարտավոր են փաստաթուղթ ներկայացնել, որը հաստատում է օբյեկտի տեղակայման օրինականությունը կամ ապամոնտաժել նշված տարածքները: Փաստաթղթի բացակայության դեպքում սեփականատերերը պարտավոր են նաև 10 հազար լարի տուգանք վճարել:

Գործարարները գտնում են, որ տեղի իշխանությունների դիրքորոշումը հստակ չէ, այն պայմաններում, երբ Աղմաշենեբելի պողոտայի նորացված տարածքը համարվում է հետիոտնային գոտի, իսկ հաճախորդների մեծ մասն օտարերկյա զբոսաշրջիկներ են: Սեփականատերերը նաև դժգոհում են, որ քաղաքապետարանը գործին ընթացք է տվել միայն 16 սրճարանների դեմ, իսկ մնացած սրճարաններում ստուգումներ չեն տարվել և նրանք շարունակում են սովորական ռեժիմով աշխատել:

Իրավապաշտպան Ալեքսանդր Ախալկացին Ռուսթավի 2-ի հետ հարցազրույցում նկատել է, որ ստուգման ենթարկված օբյեկտների մեծ մասի սեփականատերերն օտարեկրացիներ են, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տեղի է ունենում ուղղակի ճնշում օտարերկրյա ներդրողների վրա:

Տեղի բարերից մեկի սեփականատեր Գիվի Դուչիձեն դեմ է այս կարծիքին՝ նշելով, որ զգուշացում են ստացել միայն այն սրճարանները, որոնք չեն պահպանել օրենքով սահմանված կանոնները, մասնավորապես՝ չեն դիմել քաղաքապետարանի ճարտարապետական ծառայություն՝ համապատասխան թույլտվություն ստանալու համար:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը