Կարծիք

11.08.2017 00:12


«Սաքոյի Դավիթ»-ից մինչև մեր օրերը

«Սաքոյի Դավիթ»-ից մինչև մեր օրերը
Մեր ինստիտուտի նշանավոր բակում՝ բուֆետի կողքին Սաքոյի արհեստանոցն էր, որտեղ բոյով ու կոկիկ հագնված Սաքոն Միքելանջելոյի Դավիթի և, ընդհանրապես, Վերածննդի շրջանի բոլոր արձանների պատճեններն էր անում:
Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի նշանավոր բակում հայ արվեստի նշանավոր դեմքերին տեսնում էինք ամեն օր, որոնք դասավանդում էին մեր ինստիտուտում (տեսնում էինք նաև Չարենցի թոռնուհուն, Շիրազի որդիներին և մեր մյուս երևելիների «ազգուտակին»):
Ի դեպ, ռեկտորին էլ անվանում էինք «գանգրահեր ավանակ» ու զարմանում, թե այդ կոմունիստը ոնց է կարողացել այսքան անկուսակցական նշանավոր դեմքերի հավաքել ինստիտուտում, որոնք ուսանողներիս հետ բակում գարեխառը սուրճ էին խմում, խաչապուրի ուտում ու մասնակցում ուսանողներիս թեժ քննարկումներին:
Ուսանողներիս ուշքնումիտքը նաև Սաքոյի արվեստանոցի դռան կողմն էր, թե երբ ենք կարողանալու Սաքոյին համոզել, որ Միքելանջելոյի Դավիթի պատճենից մեզ էլ նվիրի: Սաքոն մի քիչ իրեն «թանկացնում» էր, բայց, ի վերջո, նվիրում էր:
Էնքան նվիրեց, որ էլ չէինք երազում լինել Ֆլորենցիայում ու տեսնել բնօրինակը:
Շատ բարի էր Սաքոն...
Հետո «Դավիթի» գլուխը գրկած վազում էինք Թամանյան արձանի կողքին գտնվող «Նորք« գրախանութ ու հասնում ուղիղ «պահեստապետի» դռանը, որը մեզ «տակից» վաճառում էր հրաշալի գրքեր. ասենք՝ 3 ռուբլի 20 կոպեկանոցը՝ 5 ռուբլով:
Էդ գրքերն էլ հավաքած վազում էինք որևէ թատրոն՝ պրեմիերա դիտելու կամ էլ ցուցադահնդես և, կամ՝ կինոթատրոն՝ Բյունուելի, Գոդարի, Ֆելինիի, Փելեշյանի ֆիլմերը դիտելու...
Օրվա վերջում հաճելիորեն բեզարած հասնում էինք տուն (արանքում տղաները կորում էին «Բերմուդյան եռանկյունիում»՝ երեք հայտնի կաֆեներում) ու հաջորդ օրը կրկին մեր ինստիտուտի նշանավոր բակում էինք և տաք-տաք քննարկում էինք երեկվա մեր տեսած արժեքները...
Ուսանողության տարիներից մինչև հիմա պահել եմ Սաքոյի «Դավիթը»...Վերածննդի գագաթնակետը, որը մեզ՝ ուսանողներիս մղում էր ավելի խորը մխրճվել արվեստի աշխարհում և ճանաչել իրական արժեքները...
Հիմա չգիտեմ` մեր ուսանողությունը ինչո՞վ է զբաղված. արագ սնունդը՝ պարզ է, ՀՀԿ երիտթևի անդամ դառնալը՝ պարզ է, «Բազե» ճամբարում լինելը՝ պարզ է, սերիալ նայելն ու Արմենչիկի համերգին գնալը՝ պարզ է...
Ուրի՞շ...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը