Մեկնաբանություն

22.12.2010 18:05


«Ռուբիկ-կուբիկ» խաղալիս

«Ռուբիկ-կուբիկ» խաղալիս

Պարզվում է, որ ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանն այնքան էլ «ներսի» մարդ չէ իշխանական համակարգում ու չի տիրապետում Սերժ Սարգսյանի կադրային շարժերին։

Բանն այն է, որ հյուրընկալվելով հեռուստաընկերություններից մեկում ու խոսելով Սարգսյանի կադրային «զորաշարժերի» մասին՝ Այվազյանը հայտարարել էր, թե Ներսես Երիցյանին ոչ թե գործից հանել են «տնտեսական ճգնաժամը պատվով հաղթահարելու համար», այլ առաջ են տարել՝ նշանակելով ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական։ Պարզվում է, որ դա այդպես չէ։ Երիցյանին ոչ թե տարել են Բաղրամյան-26, այլ նա, ֆինանսների նախկին նախարար Տիրգրան Դավթյանի պես, ստացել է տարած-հետ բերածի կարգավիճակ՝ նշանակվելով Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, այն էլ վեց տարի ժամկետով (Սերժ Սարգսյանն այդ քայլով հաջորդ իշխանությանը, փաստորեն,  «օժիտ» է թողնում Ներսես Երիցյանին)։ Այսինքն՝ այնպես, ինչպես Դավթյանին էկոնոմիկայի նախարարությունից հանեցին, բերեցին ֆիննախ ու հետո հետ ուղարկեցին, նույնը Երիցյանի պահով է արվել։

Ժամանակին Երիցյանը հենց ԿԲ-ում էր, հետո մի քիչ «թափառաշրջիկություն» արեց ու այժմ վերադարձվել է «հորանց»։ Իսկ դա նշանակում է, որ Երիցյանը հիմա արդեն ԿԲ-ական իր դիրքերից է սպառնալու դիլիջանցիներին՝ նրանց բնակության վայրը համառորեն դարձնելով միջազգային ֆինանսական կենտրոն։

Հիմա արդեն միջանկյալ գնահատական տալով Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությանը՝ կարող ենք արձանագրել, որ դա հիշեցնում է ինչպես «մատնոցֆռցնոցի», այնպես էլ «ռուբիկ-կուբիկ» հայտնի խաղը։ Մնում է միայն կռահել, թե որ կադրը որ գույնի տակ է շարվելու, որպեսզի սարգսյանական «ռուբիկ-կուբիկը» ճիշտ հավաքված տեսք ստանա։ Եվ ուրեմն եկեք ուշադիր հետևենք իշխանության ներսում տեղի ունեցող շարժերին, որպեսզի հասկանանք, թե Սերժ Սարգսյանի «ռուբիկ-կուբիկի» մեջ ով է «կարմիրը», ով է «սպիտակը», ով «դեղինը», իսկ ով է ընդհանրապես «գալուբոյ»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը