Լրահոս

22.12.2010 17:31


«Լեզվի մասին» փոփոխված օրենքը Գյումրիում շատ մտավորականներ խիստ բացասական են գնահատում

««Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագծերը Ազգային ժողովի կողմից ընդունվելը, որով նախատեսվում է օտարալեզու դպրոցների բացում Հայաստանում, Գյումրիում շատ մտավորականներ խիստ բացասական են գնահատում: Նրանց կարծիքով՝ այս որոշումով հարվածի տակ է դրվում հայապահպանության խնդիրը։

-Շատ բացասական եմ ընդունել այդ լուրը: Այսօրվա գլոբալացման պայմաններում այս օրենքը հարված էր հայապահպանությանը:  Սրանով ժողովրդի և նրա էլիտայի միջև անջրպետ են սարքում: Եթե էդ դպրոցներում հիմնականում սովորելու են հարուստների և մեր էլիտայի ներկայացուցիչների երեխաները, ապա ստացվում է, որ ժողովրդին կառավարելու են օտար լեզվամտածողության տեր մարդիկ, և դա հասարակ ժողովրդի համար ընկալելի չի լինի,-ասել է էթնոժողովրդագետ Արտաշես Բոյաջանը՝ ավելացնելով,-վերադառնում են Արշակունիների դինաստիայի ժամանակաշրջան, երբ էլիտայի լեզուն հունարենն ու պարսկերենն էր, իսկ ժողովուրդը հայերեն էր խոսում:

Պատմաբան Արշավիր Գասպարյանի խոսքերով էլ՝ այս օրենքով խտրականություն է դրվելու օտար լեզուների և մայրենի լեզվի միջև՝ ի վնաս հայերենի.

-Ես բազմիցս ասել էմ, որ դեմ եմ օտարալեզու դպրոցների բացմանը: Դրանք դառնալու են էլիտար դպրոցներ, դրանից ելնելով՝ օտար լեզուներն ավելի հարգի են դառնալու Հայաստանում, քան մայրենի լեզուն: Այս օրենքը միանշանակ խփելու է մեր լեզվամտածողությանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը