Աշխարհ

08.08.2017 11:35


Միգրացիոն քաղաքականությունը փոխելու ծրագրի շուրջ թեժ բանավեճեր ԱՄՆ-ում

Միգրացիոն քաղաքականությունը փոխելու ծրագրի շուրջ թեժ բանավեճեր ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում չեն դադարում բանավեճերը միգրացիոն քաղաքականությունը փոխելու՝ հանրապետականների ծրագրի շուրջ, որը նախագահ Դոնալդ Թրամփն արդեն որակել է պատմական ու կենսական Ամերիկայի բարգավաճման համար: Այս մասին հայտնում է Ազատությունը։

Սենատորներ Թոմ Քոթոնի ու Դեյվիդ Պերդյուի՝ անցած շաբաթ ներկայացրած նախագիծը, մասնավորապես, առաջարկում է հիմնովին փոխել Նահանգներում մշտական բնակության իրավունք տալու կարգն ու «Գրին քարտի» խաղարկության կամ ընտանիքների վերամիավորման փոխարեն շեշտը դնել ներգաղթյալների հմտությունների, պրոֆեսիոնալ կարողությունների ու փորձառության վրա:

Նախագծով առաջարկվում է Կանադայի ու Ավստրալիայի նման սահմանել բալային համակարգ և մշտական բնակության իրավունք տալ նրանց, ովքեր մի շարք չափանիշների համապատասխանելով՝ ընդհանուր առմամբ 30 միավոր կունենան: Չափորոշիչներից են անգլերենի իմացությունը, բարձրագույն կրթությունը, Նահանգներում բարձր վարձատրվող աշխատանքի հրավերն ու երիտասարդ տարիքը: Կան նաև բոնուսներ, օրինակ՝ եթե Նոբելյան մրցանակակիր եք՝ արդեն ունեք 25, օլիմպիական մեդալի դեպքում՝ 15 միավոր:

«Մրցակցային այս համակարգով մենք նախապատվությունը կտանք նրանց, ովքեր կարող են խոսել անգլերեն, ֆինանսապես ապահով են և ունեն հմտություններ, որոնք անհրաժեշտ են ամերիկյան տնտեսությանը», - անցած շաբաթ հայտարարեց նախագահ Թրամփը: «Օրենսդրական այս բարեփոխումը ցույց է տալիս մեր համերաշխությունը ամերիկացի աղքատ ընտանիքների հետ, նրանք արժանի են ունենալ միգրացիոն համակարգ, որը առաջին հերթին հաշվի կառնի նրանց կարիքները և Միացյալ Նահանգների շահերը կդասի ամեն ինչից վեր»:

Փոփոխության աջակիցները պնդում են՝ Ամերիկան այլևս լայնարձակ ու անսահման հնարավորություններով երկիր չէ, այլ զարգացած պետություն է՝ խիտ բնակեցված քաղաքներով ու գործազրկությամբ, և միգրացիոն քաղաքականությունը պետք է հաշվի առնի դա:

«Դժվարանում եմ ասել՝ քանի միավոր կհավաքեր այս համակարգով առաջին տիկին Մելանիա Թրամփը»,-օրեր առաջ ուղիղ եթերում հարց բարձրացրեց CNN-ի լրագրող Յուլյա Իոֆեն, ով ավելի ուշ Թվիթերում գրել է․ «Երբ ես 7 տարեկանում Մոսկվայից եկա Նահանգներ, անգլերեն չգիտեի, հիմա ինձ վճարում են այդ լեզվով գրելու համար»:

The Washington Post-ը է՛լ ավելի հեռուն է գնացել՝ փաստելով՝ նոր համակարգով նախագահ Թրամփի պապն էլ հազիվ թե Նահանգներ գար: Թերթը հիշեցնում է, որ Դոնալդ Թրամփի մեծ պապը՝ Ֆրիդրիխ Թրամփը, 19-րդ դարի վերջին Ամերիկա է եկել առանց մասնագիտության ու անգլերենի իմացության:

«Արդյոք անցած երկու հարյուրամյակների փորձը չի՞ ապացուցում, որ բարձրագույն կրթություն չունեցող, անգլերեն չիմացող մարդիկ անգամ կարող են էական ազդեցություն ունենալ մեր երկրի ապագայի վրա», - նկատում է The Washington Post-ը:

Նոր նախագծի շուրջ կրքերն այնքան թեժ են, որ Սենատի ղեկավարությունն առայժմ խուսափում է այն շրջանառության մեջ դնել: «Դրանից առաջ նախ անհրաժեշտ է, որ հրադադար հաստատվի բոլորին օրինականացնել ցանկացող ձախերի և աջերի միջև, որոնք դեմ են, որ Նահանգներ մտնի գեթ մեկ ներգաղթյալ»,-հայտարարել է Սենատի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Չաք Գրեսլին, ընդգծելով՝ առանց այդ համաձայնության կողմերը կարող են անարդյունք բանավեճեր վարել ամիսներ շարունակ:

Եթե կողմերն, այդուամենայնիվ, համաձայնության գան, ըստ փոփոխության հեղինակների, առաջիկա տասը տարում օրինական միգրացիան Նահանգներ կկրճատվի շուրջ 50 տոկոսով:

Այս խորագրի վերջին նյութերը