Մեկնաբանություն

22.12.2010 15:51


Արդիականացում՝ շահի գերակայության սերմանմամբ

Արդիականացում՝ շահի գերակայության  սերմանմամբ

Անկախացումից ի վեր մենք կանգնած ենք մեր ներքին կյանքն  ու պետական մեքենան կարգի գցելու խնդրի առջև:  Ըստ եղած արդյունքների՝ մեր գործերը այնքան էլ լավ չեն: Տեսականորեն, առաջ շարժվելու համար պետք է առաջին հերթին հասկանալ իրավիճակը: Այդ առումով փաստենք, որ.

1.Մենք այն ենք, ինչ կանք:

Համեմատվելով այլոց հետ և վերհիշելով մեր պատմական հին ու նոր դժբախտությունները՝ տեսնում ենք, որ բազմաթիվ առումներով մեր կերտած նախկին և ներկա պետական կառույցներն ու հասարակական  ներքին միջավայրը կենսունակ ու բարենապաստ չեն եղել մեր պետականության ու ժողովրդի ճնշող մեծամասնության համար:

Այս նույն իրավիճակն է  եղել  Խորենացու ժամանակներից ի վեր և փոքր տատանումներով շարունակվել է հետագայում ևս: Այսինքն, ներկայումս եղած ապաշնորհ ու քարշ եկող պետականությունը ոչ թե պատահականություն է, այլ մեր՝ հայ ինքնության բնութագրական, դարերի ընթացում կրկնվող ու վերարտադրվող  օրինաչափ իրողություն:

2.Ինչպես որ ցանկացած այլ ազգի տիպական հատկանիշերը, մեր աշխարհայացքային և արժեքային հիմնահարցերը ևս արմատացած են մեր ազգային կենսաձևի աղբյուրների ամենավերին ակունքի՝ ընտանիքի բարոյահոգեբանական, արժեքային ու աշխարհայացքային տրամաբանության մեջ:

Հայ ընտանիքում մեծացած անհատը ծնված օրից արդեն ծանոթանում է եղած սկզբունքներին ու կյանք մտնելով որպես չափահաս հայ՝ արդեն իսկ կրում է վերջնակապես ձևավորված հայկական ավանդական մտածելակերպն ու հարակից կարծիքադաշտը:

Այլ ազգերի բնորոշիչ գծերն էլ սկիզբ են առնում իրենց ընտանիքների ազգային, պահպանողական  նախասկզբունքներից,  և որի շնորհիվ էլ  հենց ապահովվում է տվյալ հանրության կայունությունն ու տիպականությունն  իրենց դրսևորումներում:  

Հրեական ներազգային փոխօգնության՝ օրենքի ուժ ստացած պատվիրանը,  գերմանական ճշգրտության, անգլիական  նորամուծական մոտեցումների պահանջը համարյա թե ամեն մի անհատի մեջ գործում  են գենային պահանջի  ուժով և հետագայում առանցք ու հենարան հանդիսանում հասարակական ու պետական մակարդակներում:

Այս առումով ես չեմ ընդունում ներկա հայկական հասարակական ու պետական պրիմիտիվ, անբարոյական  ու հոռի դրսևորումները որպես զուտ սովետի ժառանգություն բնութագրելու շատ  տեսաբանների  կարծիքը, որովհետև, ըստ եղած փաստերի, մեր հանրային սկզբունքայնությունը շատ ավելի ցածր էր սովետականից:  

Անկախ Հայաստանի գոյության  բոլոր 19 տարիներն էլ  անհեռանկար ու  ետընթացային են եղել, չնայած ժողովրդի ճնշող մեծամասնությունը հենց առաջին օրերից իշխանություններին մատնանշում էր սխալը, պահանջում, կռիվ էր տալիս,  թե էս ի՞նչ եք անում, ա՛յ տղերք:

Մենք «ինչ անելու»,  գոնե անելիքը հասկանալու ու կյանքի  կոչելու  խոսակցությունը այսօր չենք սկսել:  20 տարի է՝ խոսում ենք, բայց  առանց որևէ արդյունքի:

Հակառակը՝ վիճակը գնալով ավելի է ահագնանում:  Ուղղակի հորդորներով, իշխանությանը  կարգի հրավիրելու բազմաթիվ՝ նույնիսկ  արյունալի զոհողությամբ  էլ հնարավոր չի եղել արդյունքի հասնել. ճիշտ ռուսական «А Васька слушает, да ест» ասացվածքի սկզբունքով:

Հետևաբար, եթե մենք ցանկանում ենք որևէ բան փոխել մեր հասարակական-պետական գոյակերպում, ապա առաջին հերթին պետք է հասկանանք ու ընդհանուր հայտարարի գանք, թե որն է այն շրջադարձային կետը, որտեղից սկսած՝ խաթարված է մեր հանրային կյանքի տրամաբանությունը: Եվ փորձենք շտկել հենց այդ կետում սկիզբ առնող սխալը:

 Իմ կարծիքով՝ կարգին պետականության կերտելու պահանջների հետ մեր աշխարհայացքային անհամարժեքության  առաջին անսքող ծալքը հայ ընտանիքում նորածին հասակից մատուցվող՝ ամեն գնով գոյատևելու կարգախոսն է:

Մեծ դժբախտություններով ու գենոցիդով անցած հայ ընտանիքի  պատմական ու  մոտ անցյալի հիշողությունը նրան թույլ չի տալիս  զավակի հետագան այլ կերպ տեսնելու, քան նույնիսկ ստորացման գնով դիմանալը, համբերելը, հանդուրժելը, կենդանի մնալը:

Եվ դրա հետևանքով մենք շարունակաբար կյանքի ենք կոչում  հլու-հնազանդների սերունդներ, որոնց շահագործելը, խաբելը, նսեմացնելը, նույնիսկ ֆիզիկապես  ոչնչացնելը կամային ավելի խիստ հատկանիշներ ունեցող անհատների և այլ հանրությունների  համար որևէ դժվարություն չի ներկայացնում:

Քանի դեռ մեր ճնշող  մեծամասնությունը պատրաստ է երկրորդ թուշը սրիկային, խաբեությամբ հրապարակ մտած ստահակին ու ավազակին դեմ անելու, մենք հնարավորություն չենք ունենալու կարգի գցել մեր ազգային, հասարակական, հանրային ներքին խոհանոցը և նաև արտաքին կայունության հասնել:

Մեծ եղեռնը ու ներկա ներքաղաքական «բեսպրեդելը» նույն շարքի երևույթներ են: Եվ այլևս անտրամաբանական է  մեր գլխով անցած ու ներկայումս էլ մեր դեմ ծառացած  դժբախտությունների ակունքն անտեսելը:

Մեր հասարակական առողջացման  հնարավորությունը ես կապում  եմ  հայ ընտանիքի ավանդական աշխարհայացքային փոփոխության հնարավորության հետ: Այսինքն պետք է  մտածենք հայ ընտանիքի ներքին արժեքային համակարգը վերիմաստավորելու մասին:

Ես չգիտեմ, թե դա որքանով իրագործելի խնդիր է մեր  դեպքում, երբ քաղաքացիական դժգոհության ներուժը  մշտապես հավասարակաշռված է արտագաղթի գայթակղությամբ: Բայց կարծում եմ, որ բոլորս էլ պետք է գիտակցենք՝ հարցի լուծումը կապված  է  հենց նման  խոր վիրաբուժական մոտեցումների կիրառման հետ:

Դա իրագործելու համար առնվազն քաղաքական, հասարակական ու տնտեսագիտական հոգեբանության վերակերտման  «վիրաբույժներ» են անհրաժեշտ: Եվ որ առավել  կարևոր է՝ թե արդյոք մենք՝ հայերս, կհամաձայնե՞նք ինքնաբուժվել ու  նման անհատներին իրոք աշխատելու պայմաններ, հնարավորություններ կընձեռե՞նք:

 Ըստ ներկա՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորիր»  գերիշխող տրամաբանության՝  նույնիսկ նորմալի մասին մտածելն է մերժված մեր ներհասարակական մտահորիզոնում:

Եղած ծանրագույն իրականության ֆոնին ես տեսնում եմ ոչ ավելի, քան  սոսկ տեսական հնարավորությունը ցանելու նորի, տրամաբանականի, ժամանակակից սկզբունքների  սերմերը:

Եվ  հետագա շարադրանքը հենց դրան է միտված լինելու:

Հանրությունը նորը վերցնելու որոշակի մեխանիզմներ ունի, որոնք մենք պարտավոր ենք գիտենալ և հաշվի առնել: Ցանկացած հանրության մեծամասնություն  պահպանողական է իր մտածողության և վարվելակերպի մեջ և խիստ սահմանափակ՝  նորը տեսնելու, գնահատելու և օգտագործելու հարցում:

Նորը կերտվում և կյանք է մտնում  եղած ստանդարտներից դուրս մտածող ու տեսնող անհատների շնորհիվ, որոնք նույնիսկ վտանգելով իրենց հեղինակությունը (երբեմն էլ նույնիսկ կյանքը)՝ պատրաստ են ստեղծագործելու, արարելու, նորովի ապրելու և այդ նոր վարքը ուրիշներին ցուցադրելու ու տրամադրելու: Միայն այս տիպի մարդկանց առկայության ու  նրանց անմիջական հետնորդների սկզբնական բավարար  շրջանակի հավանությունն ստանալուց հետո է, որ մինչև այդ կողքի կանգնած  միջին, դժգույն ամբոխը այլևս անվտանգ է համարում նորը և համարձակություն է ձեռք բերում այն վերցնելու որպես իր կյանքի անհրաժեշտ պայման և կրքով ու ագահորեն կիրառելու:

Տարբեր  հասարակությունները, շնորհիվ իրենցում առկա առաջնորդ, նախաձեռնող մարդկային տիպերի բազմության ու բազմազանության,  նորարարության  ու դրսից նորի ներմուծման տարբեր արագություններ են դրսևորում:  Ոմանց դեպքում այդ արագությունը «կայծակնային» է, ոմանց պարագայում  դարավոր ընթացք ունի:

Օրինակ թուրքերը հեռուներից իրենց ճամփին եղած ժողովուրդներին սրի քաշելով պատմական մասշտաբներով «արագորեն» եկան-հաստատվեցին աշխարհի «դրախտում»՝ Անատոլիայում, ու կայսրություն սարքեցին, իսկ մենք մնալով նույն սարերում՝ միայն կորուստներ կրեցինք ու չզարգացանք: Այդ տարբերությունը ոչ թե պատահականություն է, կամ ի վերուստ մեզ տրված դժբախտության հետևանք,  այլ  մեր և թուրքերի խորքային արժեհամակարգերի տարբերության դրսևորում: 

Նորը կարող է առաջանալ  2 աղբյուրից: Այն կարող է ստեղծվել հենց տվյալ հասարակության ներսում եղած ձեռներեց, նորության ու առաջնության ձգտող, արարող անհատների շնորհիվ, կամ էլ՝  փոխառնվել դրսից, այլ հանրությունների կերտածի կրկնօրինակման շնորհիվ:

Նորի գոյացման այլ աղբյուր գոյություն չունի: Նորի կերտումը բազմագործոն ու բարդ մի ընթացք է, որում ներառված են պետությունը, անձը, հասարակական մտածելակերպն ու արժեհամակարգը, վիճակի նախապատմությունը, ապագայի տեսլականը և շատ այլ, վերջնականապես դեռ չվերհանված մանրամասներ:

Օրինակ ես չգիտեմ, թե  բացի Մեսրոպյան գրերից, մենք է՞լ ինչ մեծարժեք «նոր» ենք ստեղծել մեր դարավոր պատմության ընթացքում: 

Այսինքն, ըստ եղած պատմական փորձի ու  տվյալների՝ մենք՝ հայերս, նորարարական ավանդույթներով  մեծապես օժտված ժողովուրդ չենք: Հետևաբար մեր նորը պետք է ներառվի դրսից:

Ասելը շատ ավելի հեշտ է, քան կատարելը: Իմ կարծիքով՝ անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք նույնիսկ  կրկնօրինակելու էլ ընդունակ կամ ավելի մեղմ ասած՝ «պատրաստ» չենք:

Օրինակ հիմա պետականորեն, ազգովին ու ինքնահոժար ընդունել ենք ժողովրդավարության բոլոր անհրաժեշտ ու բավարար ձևական պայմանները, օրենքներն ու անհրաժեշտ  հռչակագրերը: Նախագահ, սահմանադրություն ու ազգային ժողով ենք սարքել, բայց ընդունած ու վերցրած ոչ մի պարտավորություն էլ չենք  կատարում:

Այսինքն ստացվում է, որ նորը ընդունակ չենք ո՛չ ստեղծելու և ո՛չ էլ ներմուծելու: Հետևաբար արդիականանալը, իրավիճակին համարժեք դառնալը  մեզ համար դեռ որ տեսական ու գործնական մեծ հարցականներով  խնդիր է:

Դիտարկումն առաջ տանելու նպատակով փորձենք տալ հասարակական, հոգեբանական, տնտեսական  ու քաղաքական Հայաստանի սեղմ,  բայց քիչ թե շատ բովանդակալից բնութագիրը:

Հայաստանը  անկլավ, փոքրածավալ, հարևանների հետ պատերազմական վիճակում գտնվող, կոռումպացված իշխանությամբ,  կենսական ինքնապահովումից զուրկ ու արտագաղթի պատճառով դատարկվող, պարտքերի հաշվին գոյատևող խամաճիկային  պետություն է:

Որևէ կարգին ժողովուրդ  սույն բնութագրականներից նույնիսկ մեկ-երկուսի  առկայության դեպքում իր իշխանություններին վաղուց վռնդած կլիներ ղեկից ու միջոցներ ձեռնարկած կլիներ հարցերը շտկելու:

Կիրգիզներն իրենց ներքին հարցերը լուծելու նպատակով գնացին ներքին արյունահեղության: Նայելով նրանց՝ մեր ժողովրդի մեծամասնությունն ասաց՝ հո մենք «վայրի» կիրգիզ չե՞նք: Մարդկության ներկա քաղաքակրթության հիմնադիրների՝ հույների ներքին արյունալի պայքարին էլ նայեցինք որպես անհաղորդ  դիտորդներ:

Ու այդպես անհաղորդ էլ կմնանք արտաքին բոլոր օրինակների հանդեպ, որովհետև մենք՝ որպես հանրություն (հասարակություն), նորարարության ներմուծման  ու ընկալման մեխանիզմներից ենք զուրկ:

«Լեքսուս», «Մայբախ»,  կարագ, ձեթ, հավի բուդ ու թաղում երևելի հաստատվելու  ամեն մի պարագա էլ մեր փակ սահմաններով ներ է մուծվում:  Բայց ձրի ու ազատորեն առկա համաշխարհային քաղաքացիական, հասարակական փորձը, մոտեցումները, մտածելակերպն ու արժանապատվություն վերակագնելու տեխնոլոգիաներն ի վիճակի չեն Հայաստանում  արմատավորվելու ու մեծամասնության կողմից հարգվելու:

Առաջին հայացքից զարմանալիորեն, բայց իրականում խիստ օրինաչափորեն,  իշխանություններն ու նրանց սատարող շրջանակը շատ ավելի բազմազան ու ընդօրինակող է հասարակական միջին զանգվածի համեմատ: Նրանք իշխանությունը պահելու նպատակով դրսից ու ներքին կրիմինալից արդեն վերցրել և կիրառում են սեփական ժողովրդին ծնկի բերելու ամենածայրահեղ մեթոդաբանությունը՝ դա հիմնավորելով իբր պետական շահերի առաջնայնության  կամ էլ պարզապես սեփական կամայական պահանջներով:

Նույնիսկ նրանց  սերունդն է դրսևորում նորը վերցնելու առավել ճկունություն: Նրանք շատ ավելի կենսունակ են, «քաջարի»՝ իրենց  անձնական հարցերը լուծելիս: Ամեն հարմար առիթի պատրաստ են նունիսկ իրար արյուն թափելու՝ իրենց շահը,  իրավունքներն ու առաջնությունը հաստատելու համար:

Մեզ՝  հասարակության շարքային անդամներիս, այդ կյանքը որպես քրեական անհեթեթություն է ներկայանում: Բայց իրականում,  իր տրամաբանության մեջ այն մի շատ փոքր հատվածի, կենսունակի,  ագրեսիվի, նվաճողի, ինքնահաստատման  սկիզբ է՝ հասարակական սահմանափակ նորարարության արդյունք: Թե ինչի կհանգեցնի նրանց ներքին փոխադարձ  աճող դաժանությունը, դա այլ հարց է:

Թաղային տականքի իշխանությունն ու դրա ծավալումը մեզ  ստորացուցիչ է թվում, բայց դրա մյուս բևեռն էլ ընդիմության դաշտում սկզբունքայնության աճն է, բանտի դաժանությանը դիմանալու ու  ազատվելու համար ներողություն չհայցելու  փաստը:

Ծավալով փոքրամասշտաբ, բայց դինամիկ,  ակտիվ  իրավիճակ է: Իրար դեմ են դուրս եկել երկու հանդուգն երիտասարդ բևեռներ՝ մեկում դրսից նորի,  ազատության ներմուծման ջատագովներն են, իսկ մյուսը՝  նոր, քրեական «բարձունքների» հասած «բեսպրեդելի» սովոր ու  հղփացած  շերտը, որն անսկզբունք ու ճկուն է, և վաղը կարող է փոխել իր դիրքերն ու  առաջինների հետ համագործակցել՝ պահանջի առկայության դեպքում:

Հասարակության, ամեն մի անհատի խնդիրն է իրեն հետադարձ հայացքով դիտարկելու, ինքնագնահատելու, իրավիճակը հասկանալու  ու կողմորոշվելու:

Նմանօրինակ ռեֆլեկտիվ վերլուծությունը նաև կհաստատի, որ. 

1.Արժանապատիվ ապրելու համար  մեզ ինքնաբավության որոշակի չափանիշեր բավարարող պետություն է հարկավոր: Մենք այն չունենք:

2.Արտաքին փրկարարներ չկան,  չեն կարող լինել և պետք էլ չեն: Մենք ինքներս պետք է ներքին պայքարով հարթենք մեր ճանապարհը դեպի բարեկեցություն: Այդ պայքարի դաշտ մտնելու համար մենք պետք է բացարձակ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ և փաստենք, որ մեր գլխին բազմած «բեսպրեդելը» մեր իսկ թուլության արդյունքն  է:

3.Մեր գեշն էլ,  գեղեցիկն էլ մերն են: Փողոցներում կռիվ տվող ազնիվ ջահելությունն էլ, բանտերում հայտնված անկոտրում քաղաքացին էլ ու  կաշառակեր, այլանդակ պաշտոնյան,  մարդասպան քրեականն էլ մերն են: Եթե նրանք իրարամերժ են, ապա պետք է ազատ լինեն իրար դեմ պայքարելու և իրենց եսը առաջ տանելու գործում:

Համերաշխություն քարոզող հասարակական կեղծ ու իր դարն ապրած վերամբարձ կարծիքներն  այլևս իրավունք չունեն միջամտելու նրանց կոնֆլիկտին: Եթե կոնֆլիկտը աճում է և  նույնիսկ քաղաքացիական պատերազմ է պարտադրում, ապա պետություն կերտելու և նրանում արժանապատիվ ապրելու համար այդ ճանապարհից էլ չի կարելի խորշել:

4.Սահմանադրական պայքար կոչվածը, մեր պայմանների համար անհամատեղելի հեզիկությունն արդեն իսկ կոտրել են մեր քաղաքացիական ողնաշարը: Վաղուց ժամանակն է, որ այդ կործանարար թեզը դուրս մղվի մեր մտածելակերպից: Այնժամ պարզ կլինի, թե ներկայումս «բեսպրեդոլով» պարազիտող քանիսն է իսկապես «առյուծ» և քանիսը «կատու»:

5.Հասարակագետների խնդիրը պետք է լինի մեր հիմնարար թուլությունները մեկնաբանելն ու մարդկանց մատուցելը:

Մինչև հիմա դաժան ճշմարտությունը միշտ էլ մատուցվել է իշխանակիրների կողմից, բայց համապատասխան ուշադրության չի արժանացել հասարակության, նույնիսկ հասարակագետների  կողմից:

Օրինակ Ռոբերտ Քոչարյանի՝ միակ տղամարդ լինելու թեզը  մեզանում գնահատվեց ոչ ավելի, քան որպես ծայրահեղ լկտիության ու անպատժելիության  դրսևորում: Իրականում նրա ասածի մեջ մեզ համար կարևոր  քաղաքական ճշմարտություն էլ կար՝  իսկապես, իշխանության համար պայքարը «տղամարդկային», այսինքն կամային, հարձակողական ու  և զոհողությունների գնով տարվող  սկզբունքային պայքար էլ է:

Հիմա՝ նույնիսկ 12 տարի անց,  մենք զլանում ենք իրապես գնահատել մեզ համար շատ արդիական այդ թեզը, և միտինգային ընդիմությունը մի կողմ քաշված շարունակում է անհաղորդ հետևել չկանոնակարգված, ցաքուցրիվ, մի քանի նվիրյալների հերոսության վրա հաշվարկված ընդիմադիր ջահելություն-ոստիկան/սափրագլուխ՝ անհավասար ու տեղական նշանակության  կռիվներին:

Պետություն ու արժանապատիվ կյանք ունենալու համար մենք պետք է պայքարենք ոչ թե կաշառակեր ու իշխանության ցուցամատով շարժվող դատարաններին ու եվրոքեռիներին բողոքներ  գրելով, այլ մեր ընտանինքներում սերմանենք կյանքի ու անձնական հաջողության համար իրապես կռիվ տալու փիլիսոփայությունը: «Ընդիմադիր հեղինակությունների» ու հայ ընտանիքի տարածած հասարակական կարծիք-քարոզն առ համբերություն, հանդուրժողականություն,  այլևս պետք է մերժվի որպես ազգակործան:

 Ցանկացած սրիկա՝ լինի բարեկամ, համագյուղացի թե ընկեր, եթե հանրության դեմ է գործում, նրա վրա պարազիտում,  ապա ամեն մեկս պետք է ազատ լինենք նրա հանդեպ համարժեք վերաբերմունք ցուցաբերելու:

Հասուն կյանքը սուբյեկտային-շահային է, և մարդիկ պետք է ազատ լինեն իրենց իրավունքներն ու շահերը իրենց իմացած ու հասու ձևերով պաշտպանելու և առաջ տանելու:

Ոչ մի իշխանավորի տղա իրեն նեղացրած մյուս իշխանավորի տղային դատի չի տալիս: Նրանք գնում-հաշիվ են մաքրում ու նույնիսկ կրակում իրար վրա:

Ներկա պայմաններում նույն սկզբունքները պետք է ընդունելի և բնական լինեն մեզ բոլորիս համար էլ:

Վենդետան  վայրենություն է նորմալ պետականության ու դատական իշխանության առկայության պայմաններում, բայց այն ներհասարակական անհրաժեշտություն է՝ անտերության ու «բեսպրեդելի» դեպքում:

Երբ իրավական համակարգից դուրս  հատուցման մեխանիզմներ մտնեն օրականգ, այնժամ կտեսնենք, թե ինչպես հաշված օրերի ընթացքում  պետական ապարատը կզգաստանա ու ստիպված կլինի իր ոստիկանից ու դատավորից պահանջել իրական  կարգուկանոն՝ առանց խտրականության ու կաշառքի:

Բացասման բացասումի օրենքը դեռ որ մերժված չէ որևէ հասարակական արժեհամակարգում: Մենք երևի եզակիներից  ենք,   որ պատմականորեն մերժել ու շարունակում ենք մերժել այդ  ակնհայտ ու բնական տրամաբանությունը:

 Ես հասկանում եմ, որ շարադրված  տեսակետները մեծապես մերժելի են  հայկական ավանդական մտածելակերպի շրջանակներում: Բայց երևի ժամանակն է, որ այլակարծիք, ոչ ավանդական տեսակետներն ու մոտեցումները  ևս մտնեն հայկական միաչափ, ծանծաղ ու ճահճակալած քաղաքական տեսադաշտ:

Վարդան Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը