Աշխարհ

06.08.2017 00:11


Ադրբեջանում ալիևյան իշխանության ներքո ժողովրդավարության վիճակը գնալով վատթարանում է

Ադրբեջանում ալիևյան իշխանության ներքո ժողովրդավարության վիճակը գնալով վատթարանում է

Ադրբեջանի իշխանություններն, անտեսելով ժողովրդավարության հաստատման վերաբերյալ միջազգային հանրության և կառույցների կոչերը, շարունակում են հետապնդել և ձերբակալությունների ու սպառնալիքների միջոցով լռեցնել այդ երկրում չնչին կենսունակություն ցուցաբերող այլախոհությունն ու ազատ խոսքի արտահայտումը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Այս անգամ ձերբակալվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ուզենիր Աբբասովը, ով ինտերնետում իշխանություններին քննադատող և իշխանությունների որդեգրած քաղաքական գծին հակասող տեսանյութեր է հրապարակել:

Ժողովրդական ճակատ կուսակցությունից հայտնել են, որ դեռևս տեղեկություններ չկան, թե Աբբասովը որ ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել:

Կուսակցության հաղորդմամբ` Աբբասովը վերջերս երկու ծանր վիրահատություն էր տարել և դեռևս ամբողջովին չէր ապաքինվել. կուսակցական ընկերները մտահոգված են, որ ինչպես մյուսները Աբբասովը նույնպես կենթարկվի խոշտանգումների:

Հունիսի 6-ին տեղի էր ունեցել Ադրբեջանի «Քաղաքական բանտարկյալների պաշտպանության կենտրոնի» հերթական նիստը:

Նիստի ժամանակ կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում քաղաքական մոտիվներով ձերբակալված անձանց վիճակը, նրանց դատավարությունների ընթացքն ու արդյունքները, վերջին օրերին կատարված ձերբակալությունները և այլն:

Կենտրոնի նիստով թարմացվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը, դրա մեջ ներառվել են ևս 4 անձ:

Այս 4 անունները ներառելուց հետո, այդ ցուցակում գտնվող անձանց թիվը հասել է 165-ի:

Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակում ավելացվել են Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի, լրագրող Աֆղան Մուխտարլըի, Kanal 13 ինտերնետային հեռուստատեսության խմբագիր Ազիզ Օրուջովի և շիական Նարդարան ավանի բնակիչ Նաթիգ Շահբազովի անունները:

Միաժամանակ ցուցակից հանվել է բանտում մահացած բլոգեր Մեհման Ղալանդարովի անունը:

Մայիսի 26-ին ադրբեջանա-վրացական սահմանին ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, Ազգային խորհրդի համակարգող մարմնի անդամ Գյոզալ Բայրամլըն:

Բայրամլըն մեղադրվում է մաքսանենգության և չհայտարարագրված գումարներ տեղափոխելու մեջ:

Դատարանը Բայրամլըին դատապարտել է 3 ամսվա նախնական ազատազրկման:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը