Աշխարհ

03.08.2017 13:29


Վրաստանի լրագրողական խարտիան բողոքարկել է ռուսական և ադրբեջանական քարոզչական նյութերը

Վրաստանի լրագրողական խարտիան բողոքարկել է ռուսական և ադրբեջանական քարոզչական նյութերը

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան խորհրդատվական հանձնաժողովում բողոքարկել է ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցների կողմից պատրաստված քարոզչական նյութերը: Քարոզչության դեմ ստեղծված խորհուրդը բաղկացած է Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ինքնակարգավորվող խորհրդի ներկայացուցիչներից:

Խարտիայի առաջին բողոքը վերաբերում է ռուսական Mir24.tv լրատվամիջոցի պատրաստած նյութին, որտեղ խոսվում է, թե Վրաստանում ջրի և լույսի բացակայության պատճառով մի տղամարդ բողոք է հայտնում և մայրաքաղաքի կենտրոնում բախնիք է սարքել: Իրականում դա ներկայացում է եղել, որը լուսաբանել է Liberali.ge-ն: Տղամարդը հարցազրույցի ժամանակ ասում է. «Ջուրը տաքացել է, կավելացնեմ մի քիչ սառը և էլի կպառկեմ»: Իսկ mir24-ը նրա խոսքերը թարգմանել է. «Շոգում եմ: Տանը +35 աստիճան է, էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով չեմ կարողանում օդորակիչ միացնել»:

«Լրագրողը քաղաքական նպատակներով շահարկում է: Նյութը քարոզչական է, ինչն ապացուցում է, որ վիճարկված լրագրողական արտադրանք ստեղծողները միտումնավոր կեղծել են փաստերը, որի հետևանքով հեռուստադիտողի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Վրաստանում սոցիալական ծանր իրավիճակ է և իշխանությունների գործողությունների պատճառով մայրաքաղաքի բնակիչներն օրեր շարունակ մնացել են առանց էլեկտրաէներգիայի և ջրի, որը վատ դրության մեջ է դրել բնակչությանը և նրանք ստիպված են փողոցում լոգանք ընդունել՝ իշխանությունների ուշադրությունը գրավելու համար»,- ասվում է խարտիայի հայտարարության մեջ:

Խարտիայի կողմից երկրորդ բողոքը վերաբերում է ադրբեջանական haqqin.az-ին: Կայքէջը հրապարակել է «Ադրբեջանական ընդհատակ Թբիլիսիում» վերնագրով հոդված, որի համաձայն՝ Վրաստանի և Ուկրաինայի, այսպես կոչված, գունավոր հեղափոխականները ներկայացված են որպես «արևմտյան գերիշխանության» պտուղ:

Նյութում նշվում է, թե Միխեիլ Սահակաշվիլին և «Կմարա» կազմակերպությունն աջակցել են Ադրբեջանի ապակայունացմանը, սակայն Իլհամ Ալիևը կարողացել է չեզոքացնել վրաց հեղափոխականների ներգործությունը: Մի շարք քարոզչություն պարունակող այլ պարբերություններից զատ, Թբիլիսիում անհետացած ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին նշվում է որպես Ադրբեջանի հանդեպ թշնամաբար տրամադրված կազմակերպությունների հետ համագործակցող անձ:

Վրաստանի լրագրողական էթիկայի հանձնաժողովը գտնում է, որ հոդվածի նպատակը երկու երկրների և ազգերի հարաբերությունների վատթարացումն է և Վրաստանին որպես Ադրբեջանի դեմ տրամադրված ոչ բարեկամ պետության ներկայացնելը:

«Հոդվածում տեղ գտած որևէ փաստ ստուգված չէ որևէ աղբյուրով, ինչը կասկածներ է առաջացնում, որ նրանց մեծ մասը կեղծ են և լրագրողի երևակայության արդյունք: Արևմուտքն ու արևմուտքի կողմից աջակցություն վայելող հասարակական կազմակերպությունները ներկայացված են որպես թշնամիներ, ովքեր աջակցում են երկրում ապակայունացմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը