Աշխարհ

02.08.2017 15:50


«Ասելսանը» կապի համակարգեր է մատակարարելու թուրքական մեկ այլ ընկերության

«Ասելսանը» կապի համակարգեր է մատակարարելու թուրքական մեկ այլ ընկերության

Թուրքական «Ասելսան» և «Հավելսան» ռազմարդյունաբերական ընկերությունները նավերի համար տարբեր համակարգեր մատակարարելու վերաբերյալ համատեղ պայմանագիր են կնքել «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերության (STM) հետ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է «Ասելսան» ընկերության կայքը:

Պայմանագիրը գնահատվում է 37 միլիոն 576 հազար եվրո: Նավերի համար նախատեսված նավիգացիոն, կապի և ռադարային համակարգերի մատակարարման և ինտեգրման համար պատասխանատու է լինելու «Ասելսան» ընկերությունը:

Ընկերությանը հատկացվելու է պայմանագրով նախատեսված գումարի կեսից ավելին՝ 21 միլիոն 826 հազար եվրո: «Ասելսանը» պարտավորվում է նախատեսված արտադրանքը STM ընկերությանը մատակարարել 2020 թ.-ին: Աղբյուրը չի հայտնում, թե «Հավեսլան» ընկերությունը ինչ է պարտավորվում մատակարարել STM ընկերությանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2015-ի հուլիսին «Ասելսան» և STM ընկերությունները ստորագրել են Պակիստանի ՌԾՈւ նավերի վրա պաշտպանական համակարգերի տեղադրման պայմանագիր:

STM ընկերությունը հիմնադրվել է 1991-ին պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի որոշմամբ: Այդ ընկերությունը զբաղվում է Թուրքիայի զինված ուժերին և պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությանը ինժերական համակարգերի, տեխնիական աջակցության, նախագծերի կառավարման, տեխնոլոգիաների տեղայնացման ծառայությունների մատուցմամբ:

Բացի այն, որ այս ընկերությունը զբաղվում է տարբեր դասի նավերի նախագծման աշխատանքներով, այն այս տարվա մայիսին Ստամբուլում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացրել է երկու միավոր մահապարտ, ևս մեկ միավոր՝ հետախուզական փոքր անօդաչու թռչող սարքեր: Ընկերությունը մասնակցում է նաև MILGEM նախագծի շրջանակներում կառուցվող նավերի նախագծմանը:

Այս խորագրի վերջին նյութերը