Կարծիք

02.08.2017 09:41


Արդյոք խաբեբա՞ է Սերժ Սարգսյանը (փիլիսոփայական)

Արդյոք խաբեբա՞ է Սերժ Սարգսյանը (փիլիսոփայական)

Պարբերաբար մամուլում հայտնվում են Սերժ Սարգսյանի տարբեր տարիներին, նաև ընտրությունների ժամանակ, տրված խոստումները, որից հետևում է, որ Սերժ Սարգսյանը խաբեբա է, կամ ավելի մեղմ ասած` սուտասան է:
Սա մի տեսակետ է, սակայն մեկ այլ տեսակետով, եթե հարցին մոտենանք՝ փիլիսոփայական առումով, Սերժ Սարգսյանը խաբեբա չէ:
Փորձենք մի փոքր Ստի փիլիսոփայության մեջ խորանալ;
Ինչ է սուտը, կամ եթե ավելի կոռեկտ մոտենանք խնդրո առարկային, ինչ է կեղծիքը, որովհետև խաբել` նշանակում է կեղծել ճշմարտությունը:
Եթե չկա ճշմարտություն, ապա չկա և կեղծիք, որովհետև կեղծիքը բացահայտվում է համեմատության մեջ: Նույնը կարող ենք ասել Չարի և Բարու, Սևի և Սպիտակի մասին: Այդ հասկացությունները միասին են հայտնվում, միասին էլ անհայտանում են: Նրանք առանց հակադրության չեն կարող լինել:
Եթե գիտակցում ենք, կամ գիտենք Ճիշտը, ապա համեմատության մեջ դնելով հակառակ պնդման հետ՝ բացահայտում ենք կեղծիքը:
Ինչու Սերժ Սարգսյանի Ստերը, որոնք մենք ակնհայտորեն տեսնում ենք` չի կառուցվել Իրան-Հայաստան երկաթուղին, չի կառուցվել երկրորդ ատոմակայանը, չի կառուցվել Հյուսիս-Հարավ մայրուղին, ինքնաթիռով չի թռչել Ստեփանակերտ, Արմենիկումը ՍՊԻԴԻ հարցերը չի լուծել, չի լինելու վարչապետ և այլն, չի դառնում հանրային գերակա դիսկուրս: Որովհետև Սերժ Սարգայանը կարողացել է ֆունդամենտալ արդյունքի հասնել, չկա այն Ճիշտ, որի հետ մենք կարողանանք համեմատել և խորությամբ հասկանալ Կեղծիքը: Չկա Ճիշտը, չկա նաև այդ Ճշտի կրողը կամ կրողները, չկա նաև Սուտը:
Սերժ Սարգսյանն իր գործունեության ընթացքում կարողացել է հասնել այնպիսի արդյունքի, որ Ճշմարտություն ասող չլինի: Ճշմարտությունը կարող են ասել մասնավոր անհատները, սակայն Ճշմարտությունը չպետք է ինստիտուտի վերածվի որևէ քաղաքական կառույցի տեսքով: Բոլորը պետք է ստեն և այդ ընդհանուր ստի մեջ Սերժ Սարգսյանի սուտը` քաղաքական և ինստիտուցիոնալ առումով, չի ունենում այլընտրանքային Ճիշտը:
Պարզ է, որ իմաստ չունի ընտրություն կատարել տարբեր ստերի մեջ` ավելի լավ է վերցնել 10 000 դրամը (ռացիոնալ պահվածք), կամ էլ չվերցնել և առհասարակ հրաժարվել որևէ կեղծ օրակարգի հետ առընչություն ունենալուց (իռացիոնալ պահվածք):
Այս առումով Սերժ Սարգսյանն ոչ ոքի չի խաբել, նա ընդամենը կարողացել է վերացնել Ճիշտը:
Այ այստեղ մենք հասանք Սերժ Սարգսյանի կողմից ձևավորված քաղաքական համակարգի` կուսակցությունների, բուն առաքելությանը: Կուսակցությունների խնդիրն ոչ թե Ճշմարտությունը գտնելն ու այն հասարակությանն առաջարկելն է` այսինքն իրենց բուն խնդրով զբաղվելը, այլ ճիշտ հակառակը` թույլ չտալ, որ Սուտն ունենա այլընտրանք: Օրինակ, կարելի է սկսել ԵՏՄ-ից «դուրս գալու» սուտ գործընթաց, որին հետևեց Սերժ Սարգսյանի կողմից ԵՏՄ-ում «մնալու» սուտ գործընթացը: Ինչու սուտ, որովհետև «դուրս գալն» էլ եղել է սուտ, արդյունքում, «մնալն» էլ է սուտ: Այսինքն, դա երկկողմանի սուտ է, որին մասնակցում են տարբեր «ընդդիմադիր» և իշխող կուսակցությունները և կուսակցականամերձ շրջանակները: Այսինքն, երկու կողմում էլ սուտն է: Չկա Ճշտի և Ստի հակադրությունը: Նման օրինակները բազմաթիվ են:
Դա բիզնես է, այսինքն` գոյատևելու աշխարհայացք: Այս առումով Ճշմարտություն ասելը ոչ միայն Սերժ Սարգսյանի բիզնեսին խփել, այլև ողջ քաղաքական համակարգի բիզնեսին խոչընդոտել է նշանակում՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը