Մեկնաբանություն

01.08.2017 15:25


Ի­՞նչը չի ներվում Սամվել Բաբայանին. նամակ և դատավարություն

Ի­՞նչը չի ներվում Սամվել Բաբայանին. նամակ և դատավարություն

Երեկ դատավորը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար և ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանից ճշտում էր ազգությունը՝ հիմնավորելով, որ դա օրենքի պահանջ է, ընթացակարգ (շատ դժվար է ասել, թե քանի՞ հայ կապրեր Ղարաբաղում և Հայաստանում ու հարևան ազգից քանի՞սը կլինեին այստեղ, եթե Բաբայանի գլխավորությամբ մեր բանակը պատերազմում փայլուն արդյունքներ չգրանցեր, և իրեն հայ համարող քանի՞ մարդ Սուրբ ծննդյան տոների փոխարեն բայրամ կաներ):

Բաբայանի՝ միայն իրեն հատուկ քմծիծաղի ձևը յուրօրինակ պատասխան էր դատավորի պահանջին: Նրա քմծիծաղի հասցեատերը, բնականաբար, դատավորը չէր:

Դատավորը տվյալ դեպքում միջոց է քաղաքականության ձեռքին: Ինքը օրենքի տառն է պահում, իսկ ոգու հետ գործ չունի:

Դատավորին չարժե մեղադրել կամ քննադատել, քանզի ինքն էլ է դատվում, ավելի ճիշտ՝ միայն ինքն է դատվում. միշտ էլ զզվելի է այսպիսի գործեր դատելը և որոշում կայացնելը, մանավանդ երբ դատողն ու որոշում կայացնողը դու չես, և մանավանդ երբ քեզ մի օր կասեն, որ Բաբայանից ազգություն ճշտել է նաև ադրբեջանցի դատավորը, երբ Բաբայանին դատել ու Բաքվում անազատության մեջ են պահել Ղարաբաղում ինքնապաշտպանական ջոկատներ կազմավորելու համար:

Ամեն դեպքում Բաբայանից ազգություն ճշտելը ուշագրավ էր: Դա մի պատմական վեպի նյութ կարող է դառնալ: Եթե մենք Ստենդալ կամ Ցվեյգ, կամ գոնե՝ Մորուա ունենայինք, ապա նյութը պատրաստ էր. անհայրենիքները ճշտում են, թե ինչ ազգություն ունի մեր պետության տարածքը մի քանի հազար կիլոմետր մեծացրած զորքի հրամանատարը:

Եթե ինչ-որ մեկը հետագայում որոշի վեպ գրել, ապա այն կարելի է սկսել փակ նամակից: 2013-ին դրսից Հայաստան ուղարկված նամակից:

Նամակում, ինչպես հայտնի է, Բաբայանը զգուշացնում է, որ Հայաստանին ու Արցախին շատ կոնկրետ վտանգ է սպառնում Ադրբեջանից: Նա նշում է, թե ինչ է պետք անել վտանգը կանխելու կամ էլ հակառակորդին ասիմետրիկ պատասխան տալու համար, թվարկում զինատեսակները, որոնք պետք է գնել ու արդիականացնել մեր բանակը:

Հայտնի է նաև, որ նամակն այդ «կորում» է, քանզի այստեղ որոշում են ոչ թե զինվել ու զինել առաջին գծում կանգնածին, այլ զինում են ոստիկանին, որպեսզի վերջինս կարողանա ընտրակեղծարարության նոր տեխնոլոգիաներով զինվածի «խփած տոկոսները» պահել հանրությունից (եթե հանկարծ դժգոհություններ լինեն): Բացի այդ՝ «վերևում» զինվում են նոր հաճախորդներով, է՛լ ավելի են «անկախացնում» մամուլի հայտնի միջոցներն ու պատրաստվում ներքին պատերազմի՝ արտաքին թշնամու դեմ պայքարի գործը թողնելով մեր զինվորների վրա, որոնք, ըստ «ռազմավարական պլանի», ադրբեջանական հրթիռներին ու անօդաչու թռչող սարքերին պետք է դեմ տան սեփական ոգին ու մարմինը...

Ահա այդ նամակի հրապարակայնացումը չներվեց Սամվել Բաբայանին (դրանից առաջ չէր ներվել 88-ին նրա կողմից ձևավորած ջոկատների ստեղծումը, կռվի դաշտում բնական հրամանատար դառնալը և, ի վերջո, Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը): Եվ ինչո՞ւ պետք է ներվեր: Չէ՞ որ Բաբայանը, կարելի է ասել, պետական գաղտնիք է բացահայտել և ցույց տվել «մուտիլովկաներով» կառուցվող «հայկական դրախտի» բուն էությունը: Մարդիկ Հայաստանը դարձրել են թալանի օբյեկտ և ստի գործիքներով լվանում են հանրության ուղեղը:

Մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը ՀՀ քաղաքացիների արդարացի դժգոհություններին ի պատասխան արդարանում էին, թե այո՛, թալան կա, բայց թալանածն ուղղվում է բանակին, որպեսզի արտաքին թշնամին չլկտիանա: Ու հանկարծ գալիս է մեկը և ասում ինչ որ պետք է: Ասում է զինվորականի ճշգրտությամբ ու հայության նկատմամբ ունեցած պարտավորության բեռի զգացումով:

Դրանից հետո «վերևում» իրարանցում սկսվեց: Ոչ թե այն պատճառով, որ նամակագիրն աչք ունի աթոռի վրա, այլ որ ջրի երես է հանել տարիներ շարունակ փչած սուտը:

Բաբայանը 2016-ին հանրության դատին էր հանձնել սեփական դատավճիռը՝ հրապարակայնացնելով նամակը: Նման բաները չեն ներվում: Այդ ե՞րբ ենք մենք նման բաներ ներել: Առավելևս՝ գնահատել...

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը